ՄԵՆՔ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ 96-ԻՆ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ինչպես գրել է Մաքիավելին. «Զրպարտանք տարածելու համար փաստեր պետք չեն։ Փոխարենը՝ մեղադրանքներ էլ լինել չեն կարող, քանզի դրանց համար հաստատ պահանջվում են հավաստիության ապացույցներ։ Մեղադրանքները ներկայացվում են մագիստրատի, ժողովրդի առջև, դատարաններում. զրպարտանքը գործում է հրապարակներում ու սրահների կամարների տակ»։ Զրպարտանքն առաջացնում է ատելություն, «որից ծնվում է պառակտումը, պառակտումից՝ ինտրիգները, ինտրիգներից՝ կործանումը»։ Զրպարտանքի թույնը կարող է քայքայել ինչ ասես։

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անամոթ զրպարտանքով են գերլեցուն սոցիալական ցանցերն ու իշխանամետ ԶԼՄ-ները, և անպատկառ ստի մասշտաբներն ապշեցնում են։ Բանը հասնում է պնդումների, թե հենց Քոչարյանի օրոք են մեզանում դրվել օրենքի նկատմամբ քամահրալից վերաբերմունքի և համակարգային կոռուպցիայի հիմքերը, սահմանափակվել քաղաքացիների կամքի արտահայտման և խոսքի ազատությունը, փլուզվել քաղաքական համակարգն ու ոչնչացվել ընդդիմությունը։

Մի խոսքով, ջանադրաբար ծավալվող զրպարտանքի ալիքներն ապշեցուցիչ են, և այդուհենդերձ այդ ամենի մեջ պակասում էր մի ինչ-որ գլխազարդ։ Եվ ահավասիկ, դա էլ թռավ-եկավ, վերջապես, թերթերից մեկում առաջնորդող հոդվածի տեսքով։ Դա կոչվում է՝ օգնությունը վրա հասավ յուրաժամանակ։

Ինչևէ, երբ ծանոթանում ես տեղեկատվական ողջ տարածքը հեղեղած զրպարտանքին, հընթացս բացահայտվում ես զարմանահրաշ բաներ։ Մասնավորապես, տպավորություն է ստեղծվում, թե մենք և զրպարտիչները 90-ականների առաջին կեսին ապրել ենք տարբեր երկրներում։ Հանձն չեմ առնում դատել, թե ինչպիսին էր իրավիճակն իրենց մոտ, իսկ մեզանում հենց 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաև 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ առաջին անգամ կիրառվեցին զանգվածային կեղծումները։ Հենց այն ժամանակ էլ առաջին անգամ սկսեցին գնել ընտրողների ձայները մի շիշ ձեթի կամ օղու դիմաց, գողանալ քվեատուփերն ընտրական տեղամասերից, անջատել լույսն ու իրականացնել քվեաթերթիկների լցոնում, ճանապարհին կանգնեցնել ընտրական հանձնաժողովների անդամներին, որոնք ԿԸՀ էին տանում քվեարկության արդյունքների արձանագրությունները, և փոխել դրանք, պարզապես նկարել իշխանությանն անհրաժեշտ թվերը։

Իսկ հետո մայրաքաղաք մտցրեցին բանակը՝ տանկերով. ծեծում էին ընդդիմադիր պատգամավորներին հենց խորհրդարանում, ձերբակալում ընդդիմադիր կուսակցությունների բոլոր առաջնորդներին ու ակտիվիստներին, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառային, և երկար հարվածում սապոգավոր ոտքերով։ Ի դեպ, չէ՞ք մոռացել Սիրադեղյանի խոսքերը, որ եթե անգամ Վազգեն Մանուկյանը ձայների 100 տոկոս հավաքեր, նրան երբեք չէին զիջի իշխանությունը։

Իսկ մինչ այդ արգելեցին ընդդիմադիր Դաշնակցության գործունեությունը, փակեցին տասնյակ ընդդիմադիր ԶԼՄ-ներ…

Ավաղ, ես նորից հիշեցնում եմ «բազմապատկման աղյուսակը», բայց ի՜նչ արած, երբ անամոթ սուտն ու զրպարտանքը ստիպում են դա անել։ Չէ՞ որ շատերը ձևացնում են, թե տառապում են հիշողության կորստով, և այդ ամենը չի եղել կամ, ավելի ճիշտ, եղել է, բայց նախագահ Քոչարյանի օրոք։

Գիտե՞ք, թե ինչ բան է գնչուական հիպնոսը։ Դա այն է, երբ նայում ես մարդու աչքերին, հասկանում, որ ստում է կամ պարզապես խոսում այն մասին, ինչից տեղյակ չէ, բայց միևնույնն է, ուզում ես հավատալ։ Ահա ուրեմն, գնչուական հիպնոսն այսօր գնալով ավելի քիչ է ազդում հասարակության մտածող զանգվածի վրա։ Չնայած զրպարտիչների բոլոր ջանքերին։

Основная тема:
Теги: