ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ
Կիրակի էր, Արարատյան դաշտավայրի խաղաղ ու տոթ կիրակիներից մեկը։ Եվ հանկարծ…
«Նախկին կոռումպացված համակարգը կանանց ընկալում ա որպես դասակարգային թշնամի»,- հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական «կենդանի եթերի» ժամանակ։ Իսկ աչքերն այդ պահին տխուր-տխուր էին, ինչպես Լենինինը՝ Գոռկիում…
Այ, հետաքրքիր է, երկա՞ր էր մտածել, թե՞ դա մտքի պայծառացում էր էքսպրոմտով։ Ասենք, և՛ մեկը, և՛ մյուսը հավասարաչափ արժանի են հարգանքի։ Եվ հասկանում ես արձակուրդի օգուտը։ Աշխատանքային առօրյայում սոված փորով այդպիսի բան չես հորինի։ Իսկ ահա հանգստացավ, հաց կերավ։ Ժամանակ ուներ մտորելու։ Եվ վարչապետի միտքը սրընթաց ճախրեց դեպի երկինք… Հետևից չեն հասնի ո՛չ Գյոթեի «Ֆաուստը», ո՛չ էլ Գորկու «Մայրը»…
Միայն խորամուխ եղեք, ինչպիսի՜ մերկացում։ Հայ ժողորդավարության հոր ինչպիսի՜ լարված մտավոր աշխատանք է թաքնված այդ կարծես թե պարզ խոսքերի հետևում։
Բրավո՛, Նիկոլ։ Ֆրանսիացիներից այն ո՞վ է ասել, որ եթե Աստված չլիներ, նրան պետք էր հորինել։ Չգիտեմ, չգիտեմ… Բայց գիտեմ, որ եթե չլիներ Նիկոլը, ապա մեր կյանքը կլիներ տաղտկալի ու միօրինակ, և անպայման անհրաժեշտ կլիներ արարել նրան ու նստեցնել վարչապետի աթոռին, որպեսզի ցանկացած եղանակի լուսավորի մեր միտքն ու մեր ճանապարհը դեպի երջանիկ ապագա։ Եվ ուրեմն՝ Նիկոլը կար, Նիկոլը կա և Նիկոլը կլինի անպայման։ Ըստ էության, ո՞ւր պիտի կորչի։
Իսկ բացի այդ, մեր ամենահամակրելի և ամենահմայիչ վարչապետն ասաց, թե որպես տղամարդ ինքը հասկանում է այն ամուսիններին, որոնք չեն ուզում, որ իրենց կանայք ավելի շատ վաստակեն։ Այո, հասկանում է։ Բայց որպես վարչապետ դա ընդունել չի կարող։ Չի՛ կարող ընդունել։ Այդպես խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատյան դաշտավայրի խաղաղ ու տոթ օգոստոսյան այս կիրակի։ Վարչապետը, որն այդպես էլ աշխատում է առանց իրեն խնայելու՝ անձի երկփեղկման սարսափելի պայմաններում։ Բայց այդպիսին է տղամարդու և վարչապետի դժվարին առօրյան, ի՜նչ արած, և Նիկոլ Փաշինյանը արժանապատվորեն, առանց թնկթնկալու, կրում է իր ծանր խաչը։
Օ՜, դեռ որքա՜ն զարմանահրաշ բացահայտումներ է մեզ խոստանում վարչապետի ճկուն միտքը… Ախր ինչո՞ւ, Նիկո՛լ։ Մեր պայծա՛ռ արև։ Մեր սքանչալի՛ք։ Շողշողուն աստղ՝ խավար երկնակամարում։ Ինչո՞ւ ես մեզ տեռորի ենթարկում մտքի այդպիսի թռիչքներով, օ՜ կեպիավոր հրաշք։ Այն ո՞վ էր ծաղրում Գալուստ Սահակյանին։ Ճիշտ էր ծաղրում. ո՞նց կարող է հասնել «ինստիտուցիոնալ կոռումպացված» Գալուստը՝ հայության գեղեցիկ կեսի դասակարգային թշնամին, Նիկոլ Փաշինյանին։ Թեպետ ի՜նչ Գալուստ, ավելի բարձր օրինակներ բերենք։ Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինկոլնը։ Չէ, ինչ-որ բան իրենց երկրի համար նրանք արել են… Բայց, համաձայնեք, մեր մտքի գիգանտի հետ համեմատվել չեն կարող։
Եվ ամեն ինչ անպայման լավ կլինի, ամեն ինչ Հայաստանում կկարգավորվի, քանի որ կանանց դասակարգային թշնամին՝ ի դեմս նախկին կոռումպացված համակարգի, ոչ միայն բացահայտված է, այլև գործնականում ոչնչացված. փռված ասֆալտին, ծեփված պատին և գետտո քշված։ Այժմ, երբ բոլոր շեշտադրումներն արված են և վարչապետը բացատրեց, որ հայ ամուսինների տրամաբանությունը հասկանալ կարող է, բայց ընդունել՝ ոչ, կյանքը կկարգավորվի. մեր «տիկնայք փափկասունք» միկրոբիզնեսներ կբացեն և տնտեսությունը վեր կսլանա։
Եվ վերջում ասենք բոլոր նրանց, ովքեր քննադատում են վարչապետի վերջին ուղերձը և հիմարություններ ու հակասություններ, դեմագոգիա և պոպուլիզմ փնտրում դրա մեջ։ Պետք չէ՛ դա անել, պետք չէ։ Լուռումունջ նստեք տեղներդ։ Ձեռքերդ հեռո՛ւ վարչապետից. նա մեր ուրախությունն է, նա մեր ամեն ինչն է։ Թողեք մարդն աշխատի։ Նրա համար առանց այդ էլ ծանր է անձի երկփեղկման դաժան պայմաններում, երբ աշխատանքի ես գնում որպես վարչապետ, իսկ վերադառնում և, ավա՜ղ, արդեն ամուսին ես։