ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԱՆԱԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՑՄԱՆ ՀԵՏ

Փաշինյանը փորձում է «հեղափոխության» միջոցով վերացնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, կաթվածահար անել նրանց գործողությունները։ Բայց աջակցություն կգտնե՞ն արդյոք նրա «թեզիսները» քաղաքականորեն զգայուն արցախցիների կողմից, որոնք կարող են տարբերել դատարկությունն ու բլեֆը ճշմարտությունից։ Տարածաշրջանում հասունանում են վտանգավոր իրադարձություններ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նվիրված Համահայկական խաղերի բացման արարողությանը, որոնց մասնակցելու են եկել հայեր աշխարհի բազմաթիվ երկրներից, լայնորեն ծանուցվում էր իր իսկ կողմից։ Նա հայտարարում էր, որ հնարավորություն է ստանում ներկայացնել իր քաղաքական օրակարգն ու երկրի ապագայի տեսլականը հյուրերին ու ղարաբաղցիներին, «նայելով նրանց աչքերին»։

Սակայն բացի դրանից, Ստեփանակերտը որպես քաղաքական ակցիայի հարթակ Փաշինյանի կողմից ընտրվեց նաև այն պատճառով, որ Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) թափ է հավաքում այդ երկրի նախագահի ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես նշել է հայկական լրատվական համկայքերից մեկը, «Փաշինյանը Ստեփանակերտում դարձավ Հայաստանի առաջին առաջնորդը, որը ելույթ է ունենում Ստեփանակերտում 1990-ականների սկզբի «Միացում» համահայկական շարժումից հետո, երբ պայքար էր ընթանում Հայաստանի և Արցախի վերամիավորման համար»։ Եվ բոլորի համար մեծ հետաքրքրություն էին ներկայացնում նրա «ղարաբաղյան թեզիսները»։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ըստ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի գնահատականի, «դադար է առաջացել»։ Նրա խոսքերով, այդ գործընթացն ավարտված է, և «Փաշինյանը ստիպված կլինի Արցախի հարցով նախաձեռնություններով հանդես գալ կամ առնվազն որոշակի քայլեր անել Արցախի շուրջ բանակցային գործընթացում»։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Փաշինյանն ասաց հետևյալը. «Երբ որ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք ա ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և սա ինչ-որ առումով աննախադեպ հայտարարություն է մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք ա նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի»։ Այդ կապակցությամբ բազմաթիվ հայ փորձագետներ ջանում էին գտնել արտահայտած «կրեատիվ ձևակերպման բանալին», որը տրամաբանական վերլուծության դեպքում ենթադրում է ամենատարբեր քայլեր, որոնք, Փաշինյանի մտահղացմամբ, կարող էին առաջ մղել բանակցային նոր ձևաչափ։ Բայց ինչպիսի՞, եթե արդեն գոյություն ունի և իր գրաֆիկով ու իր օրակարգով գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ստեփանակերտում միտինգի ժամանակ Փաշինյանի արտահայտած գլխավոր «թեզիսին» ծանոթանալուց հետո ուրվագծվում է սցենարային հետևյալ պատկերը։ Նա հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» և «հեղափոխությունը պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում և համայն հայության մեջ»։ Այժմ արդեն անհրաժեշտ է վերծանել երկու մասից բաղկացած այս ձևակերպումը։

Առաջինը. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»։ Այդ դեպքում տրամաբանական կլինի ենթադրել, որ Հայաստանի խորհրդարանը պետք է համապատասխան ակտ ընդունի Լեռնային Ղարաբաղի միացման մասին։ Առ այսօր Լեռնային Ղարաբաղի հայերի դիրքորոշումն ամփոփված էր լիակատար անկախություն ձեռք բերելու մեջ։ Ադրբեջանը որպես առաջնահերթ միջոցներ պահանջում է հայկական զինված կազմավորումների դուրս բերում Լեռնային Ղարաբաղից և «օկուպացված» այլ տարածքներից, ինչպես նաև փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր։

Հավանաբար, Փաշինյանը ենթադրում է, թե Բաքուն կգնա փոխանակման. նրան վերադարձնում են յոթ շրջաններ, իսկ նա ընդունում է Ստեփանակերտի միավորման փաստը Հայաստանի հետ, բայց 1991 թվականի սահմաններով, թեև Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Հայկական ԽՍՀ-ի մասը։ Բացի այդ, նման գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են օտար տարածքի բռնի միակցում։ Այնպես որ Փաշինյանն այդ ուղղությամբ բացահայտ գնում է իրավիճակի սրման։ Այլ հարց է, եթե նման կոմբինացիան գոհացնի Ադրբեջանին, ինչն անհավանական է թվում։

Դրա հետ ուղղակիորեն կապված է Փաշինյանի երկրորդ «թեզիսը». «Հեղափոխությունը պետք է շարունակվի Արցախում»։ Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավարությունը, որը բավական մեծ ներուժ է ներդրել պետականության կայացման գործում, չի ընդունում Փաշինյանի քաղաքականությունը։ Վերջինս, հասկանալով դա, փորձում է «հեղափոխության» միջոցով իշխանազրկել նրան, կաթվածահար անել նրա գործողությունները։ Բայց աջակցություն կգտնե՞ն արդյոք այդպիսի «թեզիսները» քաղաքականորեն զգայուն արցախցիների կողմից, որոնք կարող են տարբերել դատարկությունն ու բլեֆը ճշմարտությունից։ Տարածաշրջանում հասունանում են վտանգավոր իրադարձություններ։

«Ռեգնում» լրատվական գործակալություն

Основная тема:
Теги: