ԻՍԿ ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ԻՆՉ-ՈՐ ԿԻՆ

Օգոստոսի առաջին օրը հայ հասարակությունը շոկ ապրեց։ Թվում էր, թե անցած տարվա ընթացքում մենք վարժվել ենք այն ամենին, ինչը նախկինում պատկերացնելն անգամ անհնար էր, բայց այս լուրը թույլատրելիի սահմաններն անցնողների կարգից էր նույնիսկ ներկայիս Հայաստանում։ Քանզի ոտնձգություն կատարվեց ամենասրբազանի, ամենանվիրականի դեմ. նրա, ինչն ահա արդեն երեք տարի կազմում է ազգային հիշողության և արժանապատվության անջնջելի մասը։ Իրականացվեց սրբապղծություն. պղծվեցին Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները։

Դժվար է պատկերացնել մեր ժողովրդի համար ավելի վիրավորական բան, քան Եռաբլուրի գերեզմանների պղծումը։ Եվ արձագանքը համապատասխան էր. վրդովմունքի, զայրույթի և ցավի ալիքը հեղեղեց սոցցանցերն ու ԶԼՄ-ները, քաղաքական ու հասարակական գործիչները շտապում էին արտահայտել իրենց վերաբերմունքը, որը սակայն դժվար էր արտահայտել բառերով։ Լռում էին միայն երկրի ղեկավարները. ո՛չ վարչապետը, որը, ճիշտ է, արձակուրդի մեջ էր, բայց բավական ակտիվ (օրինակ, նա արտահայտվեց ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու առչությամբ), ո՛չ նախագահը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ էլ Անվտանգության խորհրդի քարտուղարը չխոսեցին։ Ընդ որում վարչապետն ու նախագահը չմոռացան շնորհավորել Շվեյցարիայի ղեկավարին ազգային տոնի առթիվ։ Բայց այն մասին, ինչն ալեկոծեց ողջ երկիրը և գործնականում նրա յուրաքանչյուր հասուն բնակչին, Հայաստանի ղեկավարությունը ոչ մի բառ չասաց. պարզապես անտեսեց այդ արտառոց միջադեպը։ Ասես դա իրենց չէր վերաբերում։

Փոխարենը ոստիկանությունը դրսևորեց ուղղակի բացառիկ օպերատիվություն։ Կատարվածից մի քանի ժամ էլ չէր անցել, երբ օրենքի պահապանները զեկուցեցին այն մասին, որ հայտնաբերվել է կասկածյալ։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ բերման է ենթարկվել Երևանի 51-ամյա բնակչուհի, որին իրավապահները բռնացրել են Աշտարակի գերեզմանոցում։ Նրա խոսքերով, «անեծքը խափանելու» և «Բարձրյալի կամքը» կատարելու նպատակով ինքը մոմեր է հալեցրել տարբեր գերեզմանոցների տապանաքարերի վրա, այդ թվում՝ Եռաբլուր պանթեոնում։ Պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները, նշում էր ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մարդիկ խաղաղվեցին. այն վարկածը, որ սրբապղծությունը կատարել է հոգեկան հիվանդ մարդ, ընդունելի էր, քանզի հակառակ դեպքում հարկ կլիներ համարել, որ հերոսների գերեզմաններին մոմ են թափել կանխամտածված ու դիտավորյալ, ինչը պարզապես չէր տեղավորվում գիտակցության մեջ։

Բառացիորեն հաջորդ օրը հենց նույն ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկվածին (որոշ ԶԼՄ-ներ նշեցին նրա անունը՝ Գրետա Մնացականյան, բայց որքան հիշում ենք, պաշտոնական հաստատում չի եղել) բաց են թողել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ Կատարվածի փաստով նախապատրաստվում են նյութեր, իրավապահները փորձում են պարզել, արդյոք մենակ է գործել այդ կինը, թե՞ հանցակիցներ է ունեցել, ասվում էր հաղորդագրության մեջ։

Սակայն առաջացան հարցեր, որոնք հնչեցվեցին այդ թվում նաև սոցցանցերից օգտվողների կողմից։ Օրինակ, ոչ երիտասարդ կնոջ ինչի՞ն էր պետք Երևանից հասնել Աշտարակ, որպեսզի մոմ թափեր այնտեղի գերեզմանոցում. մի՞թե «Բարձրյալի կամքը» կատարելու համար նրան չէին բավականացնում մայրաքաղաքի գերեզմանոցները։ Ինչո՞ւ են որպես թիրախ ընտրվել հենց Ապրիլի հերոսների գերեզմանները, թեև Եռաբլուրի գերեզմաններից ցանկացածի պղծումը, անշուշտ, կընկալվեր նույնպիսի ցավով։ Եթե այդ կինը վերջին ժամանակներս դրանով է զբաղվել փաստացի կանոնավորապես, ապա ո՞ւր են երաշխիքները, որ նա չի վերսկսի իր զբաղմունքը, թեկուզ նույնիսկ այլ գերեզմանոցներում։ Եթե խոսքը հոգեբանական բնույթի խնդիրներ ունեցող անձի մասին է, ապա ինո՞ւ են նրան ազատ արձակել, չուղարկելով համապատասխան բուժհաստատություն։ Անցկացվե՞լ է արդյոք բժշկական-հոգեբանական փորձաքննություն՝ ինչպես նրա հոգեկան վիճակը, այնպես էլ արարքի իրական դրդապատճառները պարզելու նպատակով։

Վախենամ, որ այս հարցերի պատասխաններն այդպես էլ չեն տրվի։ Ճիշտ ինչպես որ կասկածից վեր է, որ գործը կարգելակվի, կասկածյալի մասին բոլորը կմոռանան, գերեզմանների պղծման բուն փաստը նույնպես մոռացության կտրվի, քանզի հասարակության մեջ գործնականում ամեն օր արտանետվում է «ծամոնի» կոնկրետ դոզա՝ աղմուկ առաջացնելու, կատաղի վեճեր, քննարկումներ ու երբեմն էլ նույնիսկ շոկ հարուցելու նպատակով։ Ավելին, կասկածյալին հայտնաբերելու, իսկ այնուհետ ստորագրությամբ ազատ արձակելու չտեսնված օպերատիվությունը օրինաչափ հարց է ծնում. իսկ եղե՞լ է արդյոք Գրետան, եղե՞լ է 51-ամյա կինը, նա առհասարակ գոյություն ունի՞։ Չափազանց շատ են այս պատմության մեջ հույզերը, խորքային ենթատեքստերն ու հարցերը, որպեսզի հավատանք ոստիկանության խոսքին։

Վերջին պնդումը կարող է չափազանցված թվալ. ի վերջո, խոսքը պետական գերատեսչության մասին է, որը կոչված է պայքարել հանցագործությունների, այդ թվում կեղծումների և խարդախության դեմ։ Որքանո՞վ է խելամիտ և թույլատրելի կասկածել բուն ոստիկանությանը հասարակությանը խաբելու մեջ՝ թեկուզ փոթորկվող կրքերը հանդարտեցնելու բարի նպատակով։

Հանրահայտ արտահայտությունն այն մասին, որ բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը, տվյալ դեպքում սակայն բավական տեղին է թվում։ Աղմուկն իսկապես այն աստիճան մեծ էր, որ շտապ պահանջվում էր վերացնել հասարակական ստրեսը, մարել մարդկանց զայրույթը, վրդովմունքն ու դժգոհությունը։ Միանգամայն հնարավոր է, որ գերեզմանները պղծողն իսկապես Գրետա Մնացականյանն է, իսկ մեր ոստիկանությունն աննախադեպ եռանդ դրսևորեց հենց կատարվածի նկատմամբ արձագանքը հաշվի առնելով։ Բայց որքանո՞վ է տեղավորվում այդ վարկածի մեջ մեկ օր չանցած ստորագրությամբ ազատելը՝ չհայտնելով որևէ մանրամասներ և միայն հերթապահ արտահայտություն անելով շարունակվող քննության մասին։

Խնդիրն այն է, որ ոստիկանության գործունեությունը վերջին ժամանակներս ոչ մի հիմք չի տալիս վստահելու իրավապահ մարմիններին ընդհանրապես։ Որքա՜ն դեպքեր են եղել, երբ մարդկանց բռնել են, ձերբակալել, նրանց ներկայացրել քրեական մեղադրանքների կույտեր, ջերմեռանդորեն տպավորություն գործելով հասարակության վրա «կոմպրոմատի» ծավալով։ Բայց անցել է որոշակի ժամանակ, և նրանց սուսուփուս բաց են թողել, գործերը փակել, «կոմպրոմատը» իրականում բլեֆ է եղել, բայց պիտակն ու կեղտը մարդու վրա մնացել են։ Քանի՜-քանի այդպիսի գործեր սնանկ գտնվեցին իրավաբանական իմաստով, հապճեպ սարքած, որպեսզի գոհացնեն ղեկավարությանը, վատաբանեն «նախկիններին», իսկ հետո գործն արգելակել են, քանզի ոչ մի հիմք չկար քրեական հետապնդումը շարունակելու համար։ Եվ դեռ քանի՜սը հավանաբար կլինեն։

Թվում է, թե ասվածը ոչ մի կապ չունի Եռաբլուրում կատարված կոնկրետ հանցագործության հետ։ Իրականում ամեն ինչ խորապես փոխկապակցված է, քանզի իրենից ներկայացնում է պրոֆեսիոնալ, իրազեկ և պատշաճ մոտեցման բացակայության վառ օրինակ՝ այն պայմաններում, երբ օրինականության պահպանումը պայմանավորված է կա՛մ քաղաքական կոնյունկտուրայով, կա՛մ երկրում իշխող պոպուլիզմով։ Եթե պետք է ցույց տալ քաղաքացիներին, որ ոստիկանությունն աշխատում է, հանցագործն օպերատիվ կերպով հայտնաբերված է, և այդպիսով հանդարտեցնել իրավիճակը, կանեն։ Կգտնեն և՛ կնոջը, և՛ մոմերը, և՛ դրդապատճառը։ Անհրաժեշտության դեպքում կհորինեն։ Եվ ընդ որում աչքն էլ չեն թարթի։ Իսկ հետո ազատ կարձակեն։ Ու կմոռանան։ Նույնիսկ եթե հարցը վերաբերում է սրբությանը։