ՍԱԴՐԱՆՔ ԲԻ-ԲԻ-ՍԻ-Ի ԿՈՂՄԻՑ
Ինչպե՞ս է օտարերկրյա ԶԼՄ-ն հնարավորություն ստացել օգտվելու քննության նյութերից
Բրիտանական BBC կորպորացիայի ռուսերեն ծառայությունը հրապարակել է հոդված՝ «Ո՞վ է գնդակահարել Երևանում ցուցարարներին 2008 թվականին։ Քննությունը մատնանշել է Ղարաբաղից եկած ջոկատին» վերնագրով։ Հոդվածի բուն անվանումը հստակ ցույց է տալիս գլխավոր թիրախը՝ Արցախը, և գլխավոր նպատակը՝ հայ հասարակության մեջ պառակտում մտցնելը։ Առաջ անցնելով՝ հավելենք. կանխահայտ սուտ տեղեկությունների տարածման ճանապարհով։
Բավական ուշագրավ փաստ. երբ հոդվածով կիսվում ես Ֆեյսբուքում, հղումը բերում է նախնական վերնագիրը, շատ ավելի չեզոք. «Կատարում էին առաջադրանքը՝ կրակում ժողովրդի վրա. ո՞վ էր Երևանում սպանում ցուցարարներին 2008 թվականին»։ Այսինքն ի սկզբանե չկար հիշատակում Ղարաբաղի մասին, և միայն ավելի ուշ են սլաքները կանխամտածված տեղափոխվել։ Ո՞ւմ կարգադրությամբ և ի նպաստ ո՞ւմ շահերի։
«Բի-բի-սի-ն բացառիկ հնարավորություն է ստացել ծանոթանալու Հայաստանի արդի պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ 2008 թվականի մարտի 1-ի բողոքների ժամանակ Երևանում 10 մարդու մահվան հետաքննության փաստաթղթերին». այսպես է սկսվում Գրիգոր Աթանեսյանի հեղինակած հոդվածը։ Միանգամից հարց հարուցելով. ինչպե՞ս է բրիտանական ԶԼՄ-ին հաջողվել բացառիկ հնարավորություն ստանալ օգտվելու նախաքննության նյութերից, որոնք գաղտնի են։ Ո՞վ է տրամադրել այդ նյութերը օտարերկրյա պարբերականին, և ո՞վ է պատասխանատու դրա համար։
Ամենից հետաքրքիրն այն է, որ լրագրողը մեկնաբանության համար դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, սակայն այնտեղ, ըստ երևույթին, ամենևին չեն զարմացել այն փաստից, որ Աթանեսյանին հայտնի են դարձել քննության գաղտնիքները։ Եվ դա այն դեպքում, երբ նախաքննությունը վարում է հենց ՀՔԾ-ն։ Ասենք, հայտնի գաղտնալսումներից հետո, ըստ երևույթին, արդեն ոչ մի բանի վրա չարժե զարմանալ։
Հոդվածի բովանդակությունն այնպես է կառուցված, որ սկզբում արտանետվում է, այդ թվում, կրկնեմ, վերնագրի միջոցով, գլխավոր նպատակադրումը, սակայն այնուհետ տարբեր կարծիքներ և գնահատականներ ներկայացնելու միջոցով պարզվում է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այսինքն Բի-բի-սի-ն ձգտում է օբյեկտիվության պատրանք ստեղծել, ընդ որում կատարելով հիմնական խնդիրը։
«Քննությունը համարում է, որ ցուցարարների վրա կրակելու հրաման է արձակել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։ (…) Քննության նյութերից մենք տեղեկացանք, որ քննիչները համարում են. Ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարն էր գեներալ Կարապետյանը (անցնում է վկայի կարգավիճակով), Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդում էին, որ նրա ջոկատը տեղակայված է եղել նախագահականի նկուղում։ (…)
Հայաստանյան և ղարաբաղյան աղբյուրները Բի-բի-սի-ի համար հաստատեցին հարցաքննությունների ժամանակ քննիչների արած պնդումների մի մասը։ Մենք, սակայն, չկարողացանք ստանալ ցուցարարների սպանության բոլոր հանգամանքների անկախ հաստատում»,- գրում է հեղինակը։ Եվ այնուհետ. «Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդում էին, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի է նաև որպես Օգանովսկի) ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը։ 2008 թվականին Կարապետյանը եղել է Երևան փոխադրված ղարաբաղյան ստորաբաժանումների հրամանատարը։ Այդ փաստը նա հաստատել է 2018թ. օգոստոսի 15-ին հացաքննության ժամանակ, որի համար կանչվել է վկայի կարգավիճակով։ Հարցաքննությունը տևել է չորս ժամ, Բի-բի-սի-ի տրամադրության տակ է արձանագրության պատճենը»։
Ի՞նչ է նշանակում՝ «հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդում էին»։ Կամ «աղբյուրները Բի-բի-սի-ի համար հաստատեցին հարցաքննությունների ժամանակ քննիչների արած պնդումների մի մասը»։ Քննիչները անաչառ և օբյեկտիվորեն հարցաքննություններ են վարել, թե՞ իրենց ասածը պնդել՝ նպատակ ունենալով ապացուցել այն, ինչ պահանջվում էր իրենցից։ Ինչո՞ւ են լուրջ եզրահանգումներ արվում միայն քննիչների պնդումների հիման վրա։ Վերջապես, որտեղի՞ց Բի-բի-սի-ին հարցաքննության արձանագրության պատճենը։
Ձգտելով սեփական օբյեկտիվության տպավորություն ստեղծել, հոդվածի հեղինակը փորձել է մեկնաբանություններ ստանալ հոդվածում հիշատակված անձանցից և կառույցներից։ Եվ ստացել է կա՛մ մերժում, կա՛մ հերքում։ Սամվել Կարապետյանը, ինչպես հաղորդվում է, «չի ցանկացել Բի-բի-սի-ի հետ քննարկել իրեն ներկայացված մեղադրանքները»։ Իսկապես, կարելի՞ է արդյոք ինչ-որ բան քննարկել մի պարբերականի հետ, որն ամենայն լրջությամբ գրում է, թե «Կարապետյանն իր ենթականերից կազմել է 20 մարդուց բաղկացած հատուկ խումբ, որը տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի վրա նախագահի նստավայրի նկուղում։ (…) Խմբի բոլոր անդամները պատրաստակամություն են հայտնել «կրակել ժողովրդի վրա» հրամանի առկայության դեպքում»։
Հիշեցնեմ, խոսքը մարտական գեներալի մասին է, Արցախի առավել հեղինակավոր ու հարգված ռազմական և պետական գործիչներից մեկի, Ղարաբաղյան պատերազմի մասնակցի։ Արցախի հերոսի, որը բազմիցս վտանգել է սեփական կյանքը հենց հանուն իր ժողովրդի։ Որի վրա նա և իր «ջոկատի» անդամները, ըստ Բի-բի-սի-ի զառանցանքների, պատրաստ էին կրակել 2008-ի մարտին։
Թեպետ, հավանաբար բավական է մեջբերումներ անել հոդվածից, որը, կրկնեմ, այլ կերպ, քան չափազանց կեղտոտ թելերով կարած սադրանք չես անվանի։ Քանի որ իրականում ընթերցողներին դրա պատմածներից ոչ մի բան քննության նյութերում չկա, ինչի մասին մամուլի ասուլիսում հայտարարեցին Ռ.Քոչարյանի փաստաբանները։
Այստեղից հաջորդ հարցը. Բի-բի-սի-ի ինչի՞ն էր պետք դիմել այդչափ էժանագին և հեղինակավոր ԶԼՄ-ին ոչ վայել սադրանքի։ Պատասխանը տալիս է ինչպես մեր կողմից վերը նշված մանիպուլյացիան՝ կապված հոդվածի վերնագրի հետ, որտեղ ինչ-որ մեկի համառ պահանջով հայտնվել է Ղարաբաղի հիշատակումը, այնպես էլ նյութում ներկայացված որոշ մեկնաբանություններ։ Եվ այդ պատասխանը միանշանակ է. հոդվածը նպատակ է հետապնդում վարկաբեկել Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարությանը և Պաշտպանության բանակի գեներալական կազմին։ Քննության նյութերի հետ ընդհանուր ոչինչ չունեցող մեղադրանքները Կարապետյանի և «ղարաբաղյան ուժայինների» հասցեին հետապնդում են նսեմ ու զազրելի նպատակ. պառակտում մտցնել հայ ժողովրդի երկու մասերի միջև՝ մեղադրելով Արցախի ղեկավարությանը 2008թ. մարտի 1-ին ցուցարարների մահվան հետ առնչություն ունենալու մեջ։ Եվ դրա համար ընտրված է բավական «հարմար» պահ, հաշվի առնելով նախընտրական իրավիճակը Արցախում։ Չենք խոսում արդեն տարվա ընթացքում տեղի ունեցած ամենատարբեր միջադեպերի և իրադարձությունների մասին։
Թե ում են ձեռնտու նման շահարկումները, որոնք ակնհայտ սպառնալիքներ են պարունակում ոչ միայն Արցախի, այլև հայկական պետականության ապագայի համար, ասելն ավելորդ է։ Ընդ որում պատասխանը մատնացույց է անում ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև, հաշվի առնելով աղբյուրը, ներքին խաղի մասնակիցներին։ Ինչպես նաև որոշակի ուժերին բուն Հայաստանում, որոնք առաջին նախագահի ժամանակներից ի վեր եռանդագին ջուր են լցնում թշնամու ջրաղացին և կտրուկ ակտիվացել են իշխանափոխությունից հետո։
Պատասխան կտա՞ արդյոք Բի-բի-սի-ն իր կեղտոտ սադրանքի համար։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանզի Հատուկ քննչական ծառայությունը չբարեհաճեց նույնիսկ հետաքրքրվել, թե ինչպես են քննության նյութերը հայտնվել օտարերկրյա ԶԼՄ-ի տրամադրության տակ։ Այնպես որ չարժե հուսալ, թե արժանավայել պատասխան կտան ազգային, այդ թվում նաև պետության տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները։ Այդ պատասխանը պետք է տա հայ հասարակությունը և նրա առողջ ուժերը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, որոնց համար, ըստ երևույթին, վրա են հասնում բարդ ու պատասխանատու փորձությունների ժամանակներ։