ՍԱԴՐԱՆՔ ԲԻ-ԲԻ ՍԻ-Ի ԿՈՂՄԻՑ-2. ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բրիտանական Բի-բի-սի ռադիոհեռարձակիչ կորպորացիայի ռուսալեզու ծառայության երեկվա հրապարակման շուրջ բռնկված սկանդալը շարունակում է թափ հավաքել։ Լայն արձագանք է ստացել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի գրառումը «Հաղորդում հանցագործության վերաբերյալ» վերնագրով, որի դիրքորոշմանն աջակցել են հայտնի իրավաբաններ և հասարակական գործիչներ։
Բացի այդ, հոդվածի հեղինակը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ բաց տեքստով հայտարարեց, որ ինքն ու խմբագրությունը մտադիր են շարունակել նյութեր հրապարակել «Մարտի 1»-ի գործի մասին, որը, իբր, ունի ոչ միայն պարզապես ներքաղաքական, այլև տարածաշրջանային օրակարգ։ Աթանեսյանը չբացատրեց, թե որն է Հայաստանում տեղի ունեցած 11-ամյա վաղեմության իրադարձությունների կարևորությունը տարածաշրջանի համար, սակայն բուն այդ խոստովանությունը բավական բազմանշանակ է այն համատեքստում, թե ով և ինչ է կանգնած իր հրապարակման հետևում։
Բի-բի-սի-ի հրապարակման էության ու նպատակների մասին մենք արդեն գրել ենք, սպասելով հետագա զարգացումների, նախևառաջ՝ համապատասխան պետական կառույցների արձագանքին։ Քննության գաղտնիք ներկայացնող փաստաթղթերից օգտվելու բրիտանական ռադիոկայանի ստացած «բացառիկ հնարավորությունը», այն էլ երկրի համար այդչափ աղմկոտ գործում, ինքնըսինքյան եզակի իրադարձություն է, որը պահանջում է անհապաղ հետաքննություն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ու Արցախը բացի ամնայնից նաև հիբրիդային պատերազմի վիճակում են թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, ապա դա դառնում է նաև ազգային անվտանգության հարց, ընդ որում՝ նշանառված դեպի ապագա։
Արթուր Ղազինյանն իր գրառումով տալիս է մի շարք օրինաչափ հարցեր, մասնավորապես, թե հատկապես ով է Բի-բի-սի-ին «էքսքլյուզիվ մուտք տրամադրել քննության նյութերին»։ ՀՔԾ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ, կա՛մ հերքելով ու մեղադրելով պարբերականին ստի մեջ, կա՛մ հաստատելով, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը, գրում է քաղաքական գործիչը։ Եթե հեղինակը ստում է, և նրան այդպիսի մուտք չի տրամադրվել, ապա ՀՀ Գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի նախաքննության գաղտնիքը հրապարակելու փաստով, համարում է նա, առաջարկելով Քր.օր.-ի երկու հոդված, այդ թվում 299-րդը. պետդավաճանություն։ Այս երկրորդ դեպքում Ղազինյանը տեսնում է քաղաքական բաղադրիչ, որի համար պատասխանատվություն է կրում իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Եթե նախաքննությունը պարզի, որ նախնական հետաքննության նյութերը օտարարկրյա զանգվածային լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարեն իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, չափազանց բարձր կլինի, և միայն իշխանություն կորցնելը պարզապես փրկություն կլինի նրանց համար, ընդգծում է նա։
Միանալով Ղազինյանի պահանջներին, Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը գրում է. «Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։ Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է»։
Մեր կողմից հավելենք, որ պարզաբանումներ պետք է տրվեն ոչ միայն հրապարակման բուն փաստին։ Եթե գործի նյութերում իսկապես, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, չկա այն, ինչի մասին գրում է Բի-բի-սի-ն, ապա անհրժեշտ է պարտավորեցնել տվյալ ԶԼՄ-ին հերքում հրապարակել։
Մինչդեռ արդեն երկու օր է անցել հրապարակումից, իսկ համապատասխան կառույցները մեռյալ լռություն են պահպանում։ Լռում են նաև Հայաստան այցելող գերմանացի և չինացի զբոսաշրջիկների քանակի հաշվարկով զբաղված վարչապետը, նախագահը, ԱԱԾ ղեկավարը… Ասես չի էլ եղել այն կարևորագույն գործով տեղեկատվության (կեղծ) արտահոսքը, որն ալեկոծում է հայ հասարակությանը արդեն ավելի քան 10 տարի, և որին ներկայիս իշխանություններն իրենք էլ առանձնահատուկ նշանակություն են տալիս։Ասես համաձայնելով Բի-բի-սի-ի տիրաժավորած ստի հետ և մտադիր չլինելով հերքել դա։
Ի դեպ, հեղինակի հայտարարությունն այն մասին, որ ծիծաղելի է դավադրության տեսություն փնտրել հրապարակման հետևում, է՛լ ավելի ծիծաղելի է թվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերնագիր դարձրած պնդումը փաստացի հերքվում է բուն հոդվածում։ Գուցե Աթանեսյանը համարում է, թե հայ հասարակությունն այն աստիճան հիմար է, որ իր բոլոր խղճուկ հնարքների հետևում չի՞ տեսնի քաղաքական նույնիսկ ոչ թե շահարկումները, այլ ջուր պղտորելը։ Բավական է միայն աչքի անցկացնել Բաքվի կայքերը, որոնք երեկվանից գտնվում են վայրի, ուղղակի անսանձ էքստազի մեջ, որպեսզի հասկանաս այդ հոդվածի բոլոր սքողված նպատակները։
Համապետական լռության պայմաններում ԶԼՄ-ներն իրենք փորձեցին մեկնաբանություններ ստանալ։ Armdaily.am կայքը հաղորդում է, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հեռախոսն անջատված է, իսկ դատախազության մամլո ծառայության պետ Արևիկ Խաչատրյանը հրաժարվել է մեկնաբանել ու պատասխանել տվյալ թեմայով որևէ հարցի։ Այսպիսով, իշխանությունների միակ պաշտոնական արձագանք առայժմ պետք է համարել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որը հրճվանքով բոլորին կոչ է անում ծանոթանալ բրիտանական պարբերականի հոդվածին։
Մինչդեռ դրա հեղինակ Գրիգոր Աթանեսյանը հայտարարեց, թե նյութերն իրեն տրամադրել է ոմն հայ աղբյուր՝ անունը չնշելու պայմանով, և որ իրենք չէին հրապարակի այդ տեղեկատվությունը, եթե կասկածներ ունենային փաստաթղթի իսկության և ծագման վերաբերյալ։ Բնականաբար, նա հրաժարվեց նշել աղբյուրը, ինչպես նաև հայտարարեց, որ Բի-բի-սի-ն մտադիր է շարունակել հետևել այդ գործին, քանի որ դա ունի «ոչ միայն ներքաղաքական, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային օրակարգ»։ Փաստորեն լրագրողն ուղիղ տեքստով խոստանում է նոր հրապարակումներ, չնայած աղմկալի արձագանքին և հնչող մեղադրանքներին։ Իսկ ավելի շուտ՝ հակառակը, հենց այդ պատճառով։ Քանզի այն նյութերի հետ կապված պատմության ուռճացումը, որոնք հայ հասարակության համար, ի տարբերություն Աթանեսյանի, հասանելի չեն, լիովին կարող է լինել հրապարակման նպատակներից մեկը, ինչը սպառնում է նախընտրական Արցախում իրավիճակի ապակայունացմամբ՝ հեռուն գնացող և հոդվածի պատվիրատուների կողմից հաշվարկված բոլոր հետևանքներով հանդերձ։
Տեղի ունեցող ամենին Հայաստանի պետական կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը պայմանավորված է և՛ դրանով, և՛ բազմաթիվ այլ գործոններով։ Եվ եթե հեղինակն ու պարբերականը իրավունք ունեն չհրապարակել իրենց աղբյուրի անունը, ապա իրավապահ մարմինները պարտավոր են պարզել, թե ով և ինչպես է թույլ տվել այդ արտահոսքը։ Հանրահայտ գաղտնալսման վերաբերյալ հարցին պատասխանի բացակայությունը չպետք է դառնա անպատժելիության նախադեպ. չափազանց շատ բան է դրված խաղաքարտին։ Այդ թվում՝ քաղաքական պատասխանատվությունը, որից տվյալ դեպքում չափազանց դժվար կլինի խուսափել։ Եվ հակառակը, տվյալ հանցագործության հետաքննության մեջ սկզբունքայնությունն ու հետևողականությունը և մեղավորին պատժի ենթարկելը իշխանությունների համար կարող են գերազանց հնարավորություն դառնալ քողարկելու բազմաթիվ վրիպումներն ու ամրապնդելու սաստիկ սասանված վարկանիշը։