ՏԱՆԿԱՅԻՆ ՁԱԽՈՂՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը փորձում է սքողել մեր տանկիստների ձախողման փաստը «ԱրՄԻ-2019»-ում

«ԳԱ»-ն օրերս արդեն ռեպորտաժ է հրապարակել ԱրՄԻ V-ի շրջանակներում Տանկային բիաթլոնի 2 մրցարշավներում մեր տանկիստների ելույթների մասին։

Մինչդեռ մերձմոսկովյան Ալաբինո պոլիգոնում օգոստոսի 7-ին շարունակվում էր բիաթլոնի 1-ին փուլը։ Բայց մինչ մեր վերջին՝ 3-րդ տանկային անձնակազմի (Արմենիա-3) անհատական մրցարշավի մասին ռեպորտաժին անցնելը, հաղորդենք, որ մրցավարները գրեթե 10 րոպե հանեցին հայ տանկիստների նախորդ անձնակազմի (Արմենիա-2) ցուցանիշից, որ կորսվել էր զենիթային գնդացրից կրակելիս առաջացած խնդրի պատճառով։ Թեպետ, վերջնական արդյունքը՝ 33 րոպե 24 վայրկյան (42,41-ի փոխարեն), իրավիճակը չփոխեց. մեր տանկը վերջնագծին հասավ վերջինը, խմբում երրորդ տեղը գրաված ղրղզներին զիջելով 14 վայրկյանով, չենք խոսում արդեն ռուսների և իրանցիների մասին։ Բացարձակ խայտառակություն…

Ինպեսև ենթադրում էինք մրցումների առաջին իսկ օրվանից, մեր տանկիստներն այնտեղ հանդես եկան առավել քան վատ։ Իրավիճակը չփրկեց նաև 3-րդ անձնակազմը, որի երեք տանկիստներից յուրաքանչյուրը բնավ ոչ լավագույնս դրևորեց իրեն։ Այսպես, 1-ին թիրախին կրակում էր 23-ամյա նշանառու-օպերատոր Վահե Ղազարյանը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավագ կուրսանտ։ Բոլոր երեք կրակոցները՝ վրիպում։ Այդ մրցելույթում ոչ ոք ավելի վատ չէր կրակել։ Միանգամից ասենք, որ նույն ինքը վրիպեց նաև երկփող գնդացրից թիրախին կրակելիս։ Իսկը «փուստ խփող»…

Մյուս թիրախը՝ հակառակորդի օդում անշարժացած ուղղաթիռի իմիտացիան, անհասանելի գտնվեց արդեն տանկի հրամանատարի՝ նույնպես կուրսանտ Հենրիկ Խաչատրյանի համար։ Ընդհանուր առմամբ հայկական թիմը չխոցեց ոչ մի թիրախ, այդպիսով վաստակելով առավելագույն քանակի՝ 5 լրացուցիչ տուգանային շրջան (ամբողջությամբ՝ 2,5 կմ)։

Անթերի չէ նաև մրցարշավի ակնհայտ ֆավորիտը։ Ռուսաստանի տանկը հանկարծ հարվածում է ցանկապատի սյուներին և հարկադրված կանգ առնում ու հանգցնում շարժիչը փիթ-սթոփի համար, այդպիսով կատարելով թիվ 1 նորմատիվը (մեքենայի ստուգողական զննում)։ Այդուհանդերձ նրանք կրկին առաջինն են հատում վերջնագիծը՝ 19,12 րոպե լավ արդյունքով (4 դիպուկ կրակոց թիրախին՝ 5 հնարավորից)։

Հայկական անձնակազմի վարորդ-մեխանիկը՝ 19-ամյա ժամկետային ծառայող Տիգրան Ղարիբյանը փորձում է արագության հաշվին հետ բերել տուգանային շրջանների վրա կորցրած ժամանակը, բայց… դուրս է գալիս սխալ գծուղի և ստիպված է վերադառնալ, նորից ու նորից կորցնելով թանկարժեք րոպեները։ Մի խոսքով, «աչքի ընկան» մեր 3-րդ անձնակազմի անխտիր բոլոր տանկիստները։

Այդուհանդերձ մեր դեղին տանկը վերջնագծին է հասնում երրորդը՝ 27,48 արդյունքով (մարտական հրաձգության առաջադրանքում համատարած վրիպումներով), փոքր-ինչ առաջ անցնելով իրանական անձնակազմից (28,37 րոպե, 3 դիպուկ հարված թիրախին՝ 5 հնարավորից)։ Երկրորդ հորիզոնականում Ղրղզստանի անձնակազմն է՝ 25,29 րոպե արդյունքով և 5-ից 3 դիպուկ կրակոցով։

   Այսպիսով, Հայաստանի բոլոր երեք անձնակազմերի արդյունքները դժվար թե թույլ տան մեր երկրին անցնել կիսաեզրափակիչ, որի շրջանակներում կայանալու է բիաթլոնի 2-րդ փուլը՝ «Էստաֆետը»։ Մեր տանկիստների այսպիսի անհաջող ելույթ այդ մրցումների անցկացման բոլոր 5 տարիների ընթացքում ես չեմ հիշում։ Իսկ չեմ հիշում, որովհետև ավելի վատ չի էլ եղել…

Եթե ոմանց դա կարող է մխիթարել, հաղորդենք նաև, որ Ադրբեջանի բավական լավ արդյունք ցուցաբերած երկու անձնակազմերից հետո, որոնք վատ չէին կրակում և հաղթահարեցին խոչընդոտների գծաշարը համապատասխանաբար 24, 26 և 22,44 րոպեում (մեր Արմենիա-1 և Արմենիա-2 անձնակազմերի ցուցանիշներն են, հիշեցնենք, համապատասխանաբար՝ 29, 43 և, ինչպես նշեցինք վերը, 33,24), այդ երկրի կարգին տանկիստները… վերջացան։ Բելառուսը հաղթեց չինացիներին (համապատասխանաբար՝ 22,17 և 24,36), Սերբիան ավարտեց մրցարշավը 26,17 րոպե արդյունքով, իսկ մեր «բարեկամ» ադրբեջանցիները կրկնեցին նախորդ մրցելույթների մեր իսկ հակառեկորդները. 29,42 րոպե, ընդ որում չխոցելով, ինչպեսև մենք վերջին մրցելույթում, 5 թիրախներից ոչ մեկը։ Հաղորդենք նաև, որ Ադրբեջանի տանկային անձնակազմերում ընդգրկված են միայն ենթասպաներ, այսինքն պրոֆեսիոնալ զինվորականներ (իսկ մեր անձնակազմերի միայն հրամանատարներն են սպա կամ կուրսանտ)։

Հեռուն գնացող եզրահանգումներ չենք անի մրցումներից։ Հուսով ենք, որ դրանք կանեն համապատասխան ատյանները, որոնք պետք է պատասխան տան Տանկային բիաթլոնի անցկացման բոլոր 5 տարիների ընթացքում հայ տանկիստների ամենաանհաջող ելույթների համար։ Մանավանդ, որ վերջերս Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանը հնչեցրեց ՝ «Հայաստան-2050»-ի իր տեսլականը, ըստ որի մեր բանակը մարտունակությամբ պետք է լինի աշխարհում լավագույն 20-ի թվում։ Մինչդեռ մեր տանկիստները, մրցելով ընդամենը 25 երկրների անձնակազմերի հետ, առաջին անգամ չեն կարողանա, ամենայն հավանականությամբ, անցնել նույնիսկ կիսաեզրափակիչ, որտեղ յուրաքանչյուր դիվիզիոնում շարունակելու են մրցել 8 լավագույն թիմեր։ Կարծում եմ, 2014 թվականին հայ տանկիստների նվաճած 2-րդ տեղի մասին, երբ մեր տղաները հաղթեցին չինացիներին և զիջեցին միայն ռուսներին, ինչի արդյունքում Հայաստան բերեցին պարգևը՝ նորագույն Տ-90 տանկ, տևականորեն պետք է մոռանանք…

Վերջում կցանկանայինք ուշադրություն հրավիրել, թե որքան՝ «զգուշավոր» ու միաժամանակ անհասկանալի է լուսաբանվում հայ տանկիստների ելույթը ՀՀ Պաշտպանության նախարարության կայքում։ Բավական չէ, որ կարճլիկ հաղորդագրությունները (ընդամենը 2-3 նախադասություն) կայքում հայտնվում են լավագույն դեպքում մեկ օր ուշացումով, դեռ մի բան էլ դրանք, ասենք այսպես, ծայրաստիճան մշուշոտ են։ ՝ «Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը (խոսքը 1-ին անձնակազմի մասին է – խմբ.) հաղթահարել է խոչընդոտների բոլոր գոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել վերջնագիծը 29,43 րոպեում»։

Սա հետաքրքրվողների համար պատասխաններ բովանդակող հաղորդագրություն չէ, այլ ավելի շուտ՝ հարցացուցակ։ Խոցել է թիրախներից երեքը. քանի՞ թիրախներից, հենց 3-ից, թե՞ 30-ից։ 29,43 րոպեն լավ է, թե՞ վատ։ Իսկ որքա՞ն ժամանակում են մրցատարածքը հաղթահարել նույն մրցարշավում մյուս երկրների անձնակազմերը։ Այնպիսի տպավորություն է, թե Պաշտպանության նախարարությունում ջանում են թաքցնել մեր տանկիստների անհաջող ելույթները հակիրճ հաղորդագրությունների ժլատ ու ոչինչ չասող արտահայտությունների հետևում։ Վերաձևակերպելով խորհրդային մի նշանավոր մարզական մեկնաբանի արտահայտությունը, նշենք. այսպիսի բիաթլոն մեզ պետք չէ՛…

Основная тема:
Теги: