ՆԻԿՈԼԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԻՐ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Վաղեմի հնարք կամ Ինչպե՞ս վերլուծել փաստերը, եթե դրանք չկան

«Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետից պահանջել է հրապարակել 2014 թվականի գաղտնի փաստաթուղթը՝ Հայաստանում գործերի իրական վիճակի մասին։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Արթուր Ղազինյանը, իր կուսակցությունն այդ փաստաթղթի մասին Փաշինյանի պատմածը կհամարի հերթական սուտ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական հայտ է ներկայացրել կառավարությանը՝ փաստաթղթի պատճենն իրեն տրամադրելու խնդրանքով։

Երբ լրագրողները դիմեցին Փաշինյանի մամուլի քարտուղարին, խնդրելով հաղորդել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ եթե վարչապետը նպատակահարմար համարի, ապա կհրապարակի դա։ Իսկ բացի այդ, Կարապետյանը լրագրողներին խորհուրդ տվեց խորամուխ լինել փաստաթղթի բովանդակության մեջ, համեմատել փաստերը, վերլուծել՝ փաստաթղթի անվանումը պարզել փորձելու փոխարեն։ Սա արդեն ցինիզմի բարձրակե՛տն է։ Ասացեք, ինչպե՞ս կարելի է խորամուխ լինել բովանդակության մեջ և վերլուծել փաստերը, երբ Փաշինյանի խոսքերից հայտնի է միայն այն, որ փաստաթղթում ասվում է, թե ամեն ինչ վատ էր 2014 թվականին։ Ոչ մի փաստ վարչապետը չի հաղորդել, նրա ողջ ճառը բաղկացած էր հույզերից, թեպետ ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։

Գունավոր հեղափոխություններից ոչ մեկը տնտեսական զարգացման չի հանգեցրել հետխորհրդային երկրներում։ Էլ ինչ խոսենք գունավոր այլանդակությունների կոպիտ ծաղրանմանակման մասին, որ տեղի ունեցավ անցած տարի Հայաստանում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը տենդագին արդարացում է փնտրում այն բանի համար, որ անցած մեկուկես տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրավիճակը փոխվել է դեպի վատը, ժողովուրդն ամեն օր ականատես է լինում պետության կառավարման գործում նրա թիմի անկարողությանը։ Այդ պարոնները նույնիսկ մայրաքաղաքի աղբահանությունը կազմակերպել ի վիճակի չեն…

Այդ թիմը սրտանց գոչում էր «դըմփ-դըմփ-հո՛ւ», առույգ արգելափակում փողոցները, համերաշխ կոտրում ռազմավարական օբյեկտների դռները, գործի լավ իմացությամբ ցեխը թաթախում ՀՀԿ-ին և պիտակներ փակցնում պետության նախկին ղեկավարների վրա։ Նիկոլի զինակիցները շատ բան արեցին փողոցային որականիշով, բայց այ, պետություն կառավարել նրանք չեն կարողանում։ Եվ այդ անզորությունն արդարացնելու համար վարչապետը հորինեց նոր հնարք, որպեսզի հերթական անգամ գունագեղ լապշայով զարդարի դյուրահավատ քաղաքացիների ականջները։ Նա սարսափելի հեքիաթ հորինեց մի ինչ-որ գաղտնի փաստաթղթի մասին, որը լույս աշխարհ է եկել դեռևս 2014 թվականին և որում ինչ-որ «համարձակ մարդիկ» (Նիկոլի բնորոշմամբ) նկարագրել են պետությունում տիրող իրական վիճակը։

Վարչապետն այդ փաստաթուղթը իր հետ տարել է Սևան, որտեղ անցկացնում էր արձակուրդն ընտանիքի հետ, և ծանոթացել դրան ջրային պրոցեդուրաներից ազատ ժամանակ։ Սա վաղեմի հնարք է, այն արդեն օգտագործվել է Նիկոլի կողմից ուժայինների ինչ-որ զեկույցների և փաստաթղթերի մշուշուշոտ վկայակոչումների տեսքով, որոնցից, իբր, աչքերդ թռնում են ճակատիդ և մարմնովդ սարսուռ է անցնում։

Բայց հարցը միայն դա չէ։ Ի վերջո քաղաքական գործիչներից շատերն են դիմում հնարքների և հիմարացնում ժողովրդին, մեկի մոտ դա նուրբ է ստացվում, մյուսի մոտ՝ անշնորհք։ Ինտելեկտի հարց է։ Հետաքրքիր է մեկ այլ բան. կառավարության ղեկավարը պետհաստատությունից դուրս է բերում «Հույժ գաղտնի» կնիքով փաստաթուղթ, բայց ընդ որում ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարում, թե գաղտնիության պատճառով չի կարող հնչեցնել դրա անվանումը։ Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որտեղ շարադրված է պետության գործունեության բառացիորեն բոլոր ոլորտներում տիրող իրավիճակը։ Գաղտնիության կնիքի տակ վերլուծական նյութեր, որպես կանոն, չեն պահվում։

Համակարգն աշխատում է կադրերի հաշվին

Ինչևէ, Փաշինյանն այնքան հուզառատ էր խոսում կառավարման համակարգի տոտալ կաթվածահարության մասին, որ դյուրահավատ քաղաքացիները (իսկ նրանց թիվը կրճատվում է օրըստօրե) միանգամից հանգեցին այն եզրակացության, որ մեկուկես տարվա ընթացքում Նիկոլը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող վերացնել ամբողջությամբ կոռուպցիայի վրա հիմնված համակարգի այդպիսի կաթվածահարությունը։ «Երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է էլ տակը կառավարման համակարգ չկա»,- հայտարարեց Փաշինյանը։

«Մենք պետք է զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ, պետգնումների համակարգից մինչև դատական համակարգ և այլն»,- ընդգծեց վարչապետն ու հավելեց, որ ինստիտուցիոնալ բոլոր խնդիրները լուծելու համար ամուր նյարդեր են պետք։ Իրականում ամուր նյարդեր պետք են մտածող հանրությանը, որպեսզի լսի «գիտակցության հոսքերը» և մշտական հարձակումները նախկին իշխանության վրա՝ սեփական անզորությունն արդարացնելու նպատակով։

Նրանում, որ այսօր պետկառավարման համակարգը կաթվածահար վիճակում է, վարչապետի հետ անհնար է չհամաձայնել, և այդ կաթվածահարությունը կուժգնանա այն պարզ պատճառով, որ XXI դարում վարչարարի մասնագիտությունը չի յուրացվում փողոցային անկարգությունների մասնակցելու միջոցով։ Համակարգը գործում է բնավ ոչ ինքնաբերաբար, այն աշխատում է կադրերի հաշվին, մարդիկ են աշխատանքային վիճակի բերում համակարգը։ Փողոցից իշխանության եկած թիմը մեկուկես տարվա ընթացքում արդեն խափանման է հասցրել այդ համակարգը, ուստիև դրա առաջնորդն արդարացումներ է փնտրում, վկայակոչելով ինչ-որ առասպելական փաստաթղթեր, ըստ էության՝ ստորագրելով սեփական անզորության տակ։

Նիկոլն ու իր թիմը չունեն ապագայի տեսլական, չունեն զարգացման ռազմավարություն, այնպես որ վարչապետը շարունակ հետ կնայի՝ արդարացումներ փնտրելով, որպեսզի հերթական անգամ նախկին իշխանության վրա բարդի սեփական սխալները։

Ո՞ր թղթի վրա գաղտնիության կնիք կնկարեն

Մեկուկես տարին պատկառելի ժամկետ է, այդ ընթացքում կարելի էր շատ բան հասցնել, եթե գործին ձեռնամուխ լինեին հմտորեն։

Էժանագին շոուն՝ կապված գաղտնի փաստաթղթի հետ, որում կա ամեն ինչ և բոլորի մասին, Նիկոլը ձեռնարկեց ժողովրդին այն միտքը պարտադրելու նպատակով, թե իրավիճակն այն աստիճան ճգնաժամային է, որ ինքը ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից, ուստիև արագ արդյունքներ ակնկալել պետք չէ։ Հարկավոր է զինվել համբերությամբ ու սպասել մինչև 2050 թվականը։ Դատելով Ստեփանակերտի հանրահավաքում Փաշինյանի ելույթից, նա մտադիր է ղեկավարել երկիրը մինչև այդ ժամկետ։ Հետաքրքիր է, ի՞նչ կմնա Հայաստանի բնակչությունից այդ ժամանակահատվածում, եթե հաշվի առնենք, որ 6 ամիսների ընթացքում նրա տարածքում մշտական բնակվողների թիվը կրճատվել է 3700 անձով։ Ըստ Նիկոլի տրամաբանության, դրանում մեղավոր է նախկին իշխանությունը։

Գաղտնի փաստաթղթի շուրջ քաղաքական շրջանակներում արդեն լուրջ կրքեր են բորբոքվել։ Իրավիճակը փոքր-ինչ խաղաղեցնելու համար իշխանութունը արտահոսքեր կազմակերպեց նիկոլամետ ԶԼՄ-ներում, թե իբր՝ վարչապետը գուցեև հրապարակի փաստաթուղթը։ Դե ինչ, կսպասենք։ Հետաքրքիր է, թե ի՞նչ թղթի կտոր կփորձի մեր վզին փաթաթել իշխանությունը իբրև առասպելական «գաղտնի փաստաթուղթ». չէ՞ որ տպագրական գործի ներկայիս զարգացածության պայմաններում գաղտնիության կնիք կարելի է նկարել նույնիսկ «Ըմպե՛ք տոմատի հյութ» գովազդի վրա։

Основная тема:
Теги: