ԴԱՐԻ ԼՎԱՑՔԸ ԵՎ ԶԲՈՍԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ԱՄՆ. ՎԵՐԱԾԵ՞ՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՔԱՏԱՆ
Վարդավառի տոնի նախօրեին հայ հասարակությունը ապշահար եղավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի գաղափարից, որն առաջարկեց այդ օրը գորգեր լվալ ՀՀ Ազգային ժողովի բակում։
Բնակչության զանգվածային տարակուսանքը տվյալ գաղափարի և այն կրողի հոգեկան առողջության, ինչպես նաև դրա իրականացման պատեհության առումով, անտեսվեց ժողովրդի ընտրյալների կողմից՝ անվիճելիորեն ժողովրդական ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչի արդյունքում հուլիսի 28-ին Մարշալ Բաղրամյան պողոտան փակվեց և խորհրդարանի տարածքի հետ միասին վերածվեց մի մեծ լվացման կետի։ Ճիշտ է, ինչպես պարզվեց, «նախագիծը» ձեռնարկողը միջոցառմանը մասնակցել է մեկ-երկու րոպե և, ամենայն հավանականությամբ, ներեցեք բառախաղի համար, արագ մաքրվել իրադարձության վայրից։
Սակայն գլխավոր շոկը, ինչպես հայտնի դարձավ, դեռ առջևում էր։ «168 ժամ» պարբերականը հարցում ուղարկեց Ազգային ժողով, խնդրելով հայտնել, թե որքան փող է ծախսվել «դարի լվացքի» վրա։ Պատասխանում ասվում էր հետևյալը. «Վարդավառի տոնի առիթով Բաղրամյան պողոտան ժամանակավորապես փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման համար հատկացվել է 4941300 դրամ»։ Այսինքն ավելի քան 10 հազար դոլար։ 10 հազար դոլա՛ր, Կառլ, գորգեր լվալու և ջրվելու համար…
Ինչի՞ վրա է ծախսվել այդչափ պատկառելի գումարը։ Սոցցանցերից օգտվողները, խճճվելով կռահումներում, առաջ են քաշում տարբեր վարկածներ. «լվացարարուհիների» աշխատանքի վարձատրություն, լվացքի փոշու, շվաբրների, ձեռնոցների և այլ պարագաների գնում, ծախսած ջրի վարձ, ընդ որում՝ կանխավճարով, և նույնիսկ կեղտոտ գորգերի ձեռքբերում… Ոմանք էլ, հաշվի առնելով պետկառույցների մեծամասնության պարգևավճարային անհագ մարմաջը, հետաքրքիր վարկած առաջարկեցին այն մասին, որ այդ գումարի մի մասն ուղղվել է «մտքի գիգանտ» Հռիփսիմե Գրիգորյանին պարգևատրելուն։ Դե, իսկ մյուսներն այդ ամենը բացեիբաց անվանում են լանդրոմատ՝ փողերի լվացում։ Քանզի իրոք դժվար է հասկանալ, թե ինչի վրա կարելի է ծախսել մոտ 5 միլիոն դրամը, հաշվի առնելով տվյալ նախաձեռնության պարզունակությունն ու անծախսատարությունը։
Իսկ այ, լանդրոմատի մասին միտքը արժանի է լուրջ ուսումնասիրության։ Եվ ոչ միայն կոռուպցիայի լայնորեն հայտնի տեսակի և Վարդավառի էության միջև անխուսափելի զուգահեռների պատճառով։ Այլ նաև հաշվի առնելով Արարատ Միրզոյանի գլխավորությամբ 5 պատգամավորներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության վերջերս կատարած ճամփորդությունը ԱՄՆ, որը ձգվեց ամբողջ 12 օր. հուլիսի 14-ից մինչև 26-ը։ Ընդ որում, ինչպես գրեց «Հրապարակ» թերթը, վերջին 5-7 օրերը Միրզոյանն Ամերիկայում անցկացրեց երկու պատգամավորների հետ՝ Աննա Կարապետյանի և Էդմոն Մարուքյանի, դեռևս հուլիսի 19-ին տուն ուղարկելով Լիլիթ Մակունցին և Արման Աբովյանին։ Հանդիպումներից վերջինը, դատելով ՀՀ ԱԺ կայքի հաղորդագրությունից, տեղի է ունեցել հուլիսի 21-ին Բոստոնում, սակայն պատվիրակության մնացած երեք անդամները Հայաստան են վերադարձել միայն 26-ին։ Ընդ որում պարբերականի հետ զրույցում Մարուքյանը հաղորդեց, որ իր մասնակցությամբ այցելությունն ավարտվել էր դեռևս հուլիսի 18-ին։ Ի՞նչ էին անում այդ 5-7 օրերին ԱՄՆ-ում ժողովրդի ընտրյալները ԱԺ նախագահի գլխավորությամբ, եթե ոչ մի հանդիպում չի անցկացվել։
Հետաքրքիր մանրամասն։ Անցած տարվա մարտին նախահեղափոխական խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, բաղկացած 6 մարդուց (նրանց թվում էր, ի դեպ, նաև Էդմոն Մարուքյանը), այցելություն կատարեց ԱՄՆ։ Ուղևորությունը տևեց մեկ շաբաթ՝ մարտի 5-ից 12-ը։Պատգամավորները այցելեցին Վաշինգտոն և Նյու Յորք։ Այն ժամանակ «Հայկական ժամանակ» թերթը արդար զայրույթով հաշվարկեց, որ ԱՄՆ-ում եղած ժամանակ պատգամավորների միայն գիշերելու և սնվելու համար պետբյուջեց հատկացվել է 12602 դոլար կամ 6 մլն դրամ։ Այսինքն ստացվում է, որ մի քանի ժամ տևած միջոցառմանը՝ գորգերի լվացմանը և Վարդավառը տոնելուն ներկայիս «ժողովրդական» իշխանությունն ընդամենը 1 միլիոն դրամ պակաս է հատկացրել, քան ծախսվել է ԱՄՆ-ում 7 (յոթ) օր անցկացրած 6 (վեց) պատգամավորների գիշերելու և սնվելու վրա։ Ընդամենը մե՛կ միլիոնով պակաս, Կառլ…
Իսկ ի՞նչն է խանգարում «Հայկական ժամանակին» պարզել, թե ինչքան ծախսվեց Արարատ Միրզոյանի և նրա գլխավորած պատվիրակության 12 օրով ԱՄՆ կատարած այցելության վրա, որից առնվազն 5 օրը նրանք, համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, չեն անցկացրել ոչ մի հանդիպում և չեն մասնակցել ոչ մի միջոցառման։ Ինչո՞ւ պարբերականը, որը ղեկավարում է վարչապետի կինը, զայրագին հոդված չգրի այն մասին, որ Միրզոյանը և նրա մտերիմները պետբյուջեի միջոցները պարզապես մսխել են հանուն սեփական հաճույքի։ Որովհետև յուրային են և նրանց կարելի՞ է։
Մենք, իհարկե, չենք ուզում հավատալ, որ հայոց խորհրդարանը վերածվել է լանդրոմատի։ Եվ անչափ ցանկանում ենք պարզաբանումներ ստանալ հայոց խորհրդարանից։ Այն մասին, թե կոնկրետ ինչի վրա է հուլիսի 28-ին ծախսվել մոտ 5 միլիոն դրամ, և այն մասին, թե ինչ նպատակով է ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում անցկացրել լրացուցիչ 5 օր, ու ինչ օգուտ են բերել այդ օրերը պետությանը և մեզ՝ հարկատուներիս։ Հստակ պատասխանի բացակայության դեպքում ստիպված ենք համարել, որ լանդրոմատի, այսինքն բյուջետային փողերի լվացման տարբերակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այնուամենայնիվ առկա է. ինչպես գորգերի լվացման, այնպես էլ խոսնակի զբոսարշավների դեպքում…