ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ
Ներկայիս կառավարությունը որդեգրել է մի մոտեցում, ինչի համար դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդդիմության մեջ եղած ժամանակ անխնա քննադատում էր նախկին իշխանություններին։ Ճիշտ է, տվյալ դեպքում մոտեցումը շատ ավելի այլասերված բնույթ ունի, քանզի ներկայիս իշխանությունը դա անում է հասնելու համար քմահաճույքի բավարարմանը. ամեն գնով ազատվել Սահմանադրական դատարանի նախկին կազմից…
Դատական օրենսգրքում եվ միջանկյալ օրենքներում օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծով կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարական տալու և պաշտոնից վաղաժամկետ հեռանալու դեպքում նրան վճարել ՍԴ դատավորի աշխատավարձ՝ լրիվ ծավալով։ Այսինքն հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորին աշխատավարձ վճարել նրա համար, որ… չի աշխատում։ Ընդ որում ճիշտ այնքան տարի, որքան ՍԴ-ի այդ «արդեն ոչ դատավորը» պետք է մնար իր պաշտոնում, եթե աշխատեր։ Այսինքն՝ փաստորեն ցմահ։ Այդ «արդեն ոչ դատավորը» բոլոր այդ տարիների ընթացքում կշարունակի օգտվել բոլոր այն սոցիալական բարիքներից ու երաշխիքներից, որոնցից օգտվում էր ՍԴ գործող դատավոր եղած ժամանակ։ Դե, իսկ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո կստանա ՍԴ դատավորի համար սահմանված, հասարակ մահկանացուների համեմատ անչափ բարձր կենսաթոշակ։
Թե որքան է ժամանակ է շարունակվել նման զառանցական գաղափար ծնած Արդարադատության նախարարության ուղեղային գրոհը, հայտնի չէ։ Ինչպեսև այն, թե ում թեթև ձեռքով է ծագել այդչափ «պայծառ» միտքը նախարարությունում նստած գլուխներում։ Թեև կռահել, իհարկե, կարելի է։ Ժամանակին հանրապետականները նախաձեռնեցին առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատախազների բարձր թոշակավորում՝ պաշտոնից վաղաժամկետ հեռանալու դեպքում։ Այն պայմանով, եթե նրանք դա անեն մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, հակառակ դեպքում բարձր թոշակ ստանալու հնարավորությունն անդառնալիորեն կկորսվեր։ Ավելի ուշ նախկին իշխանությունը հասկացավ, որ սխալ է գործել, որը հանգեցրել է փորձառու կադրերի ու բյուջետային բավական մեծ միջոցների կորստի, և մեկ այլ օրինագծով ուղղեց դա, հանելով ժամանակային սահմանափակումը։ Թե ինչ վայնասուն բարձրացրեց այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք» դաշինքի պատգամավորների, դժվար չէ պատկերացնել։ Իսկ մենք հիշեցնենք, որ նախկին իշխանության այդ անմտածված քայլը կոշտ քննադատեց նաև ինքը՝ «Ելք» խմբակցության ղեկավարը ԱԺ ամբիոնից։ Ընդ որում ելքականներին ու իրենց ղեկավարին վրդովում էր հարցի ինչպես սոցիալական, այնպես էլ մասնագիտական կողմը, իբր՝ ինչպե՞ս կարելի է շռայլել փորձառու, պրոֆեսիոնալ կադրերին և հարկատուների փողերը։ Ի դեպ, նրանք սխալի ուղղումը նույնպես քննադատեցին։ Ընդդիմություն է, հասկանո՛ւմ ես…
Ի տարբերություն հանրապետականների, որոնք չէին հաշվարկել հետեվանքները՝ ֆինանսական և մասնագիտական, նույն այդ Փաշինյանի կողմից ղեկավարվող ներկայիս իշխանությունը դա անում է՝ հասնելու համար մեկ կոնկրետ նպատակի. ցանկացած գնով ազատվել Սահմանադրական դատարանի նախկին կազմից։ Հաշվի չառնելով տեսանկյուններից ոչ մեկը՝ ո՛չ սոցիալական, ո՛չ մասնագիտական։ Ուրեմն ո՞ւր կորավ հավասարության և արդարության սկզբունքը, որի մասին այդչափ սիրում է ճամարտակել վարչապետ Փաշինյանը։ Այդ ինչո՞ւ ՍԴ դատավորը, որը շտապ կարգով հրաժարական է տալիս, պետք է շարունակի աշխատավարձ ստանալ, իսկ ասենք՝ իրենց աշխատանքային պայմանագիրը խզած բժիշկները կամ ուսուցիչը՝ ոչ։ Այդ ի՞նչ քմայքով։
Ներկայիս իշխանության քմայքով՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որը մտադիր է, ինչպես ասում են, եթե ոչ զոռով, ապա խաթրով հասնել իր նպատակին. ցանկացած եղանակով ազատվել Սահմանադրական դատարանի դատավորներից։ Իշխանությունը համոզվեց, որ ճիպոտի մեթոդը չի անցնում, հնարավոր բոլոր միջոցներով գործադրվող ճնշումը ՍԴ դատավորներին չվախեցրեց, հիմա իշխանությունը որոշել է նրանց քաղցրաբլիթ խոստանալ «չաշխատանքի» համար։ Եվ ոչինչ, որ ՍԴ-ն կզրկվի պրոֆեսիոնալներից։ Իսկ բյուջեն՝ կլոր գումարից. մոտ 1 միլիարդ դրամ։ Փոխարենը՝ Փաշինյանը կհասնի իր նպատակին։
Չէ՞ որ հասկանալի է, որ հենց ՍԴ գործող նախագահի և իշխանության համար անցանկալի ՍԴ սկզբունքային դատավորների համար կառավարության գլխում հասունացավ նրանց «ձրի ապրուստով» գայթակղելու գաղափարը, որ հենց նրանք են տվյալ նախաձեռնության հասցեատերերը։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ու ընկերները պատրաստ են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին պետբյուջեց վճարել գրեթե 13 մլն դրամ, միայն թե նա հրաժարվի՛ պաշտոնից։ Ընդ որում՝ ամեն տարի, ընդհուպ մինչև 2035 թվականը, Թովմասյանի 65-ամյակը։ Հենց այդքան կնստի մեր և ձեր՝ շարքային հարկատուներիս վրա Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի աթոռին նստեցնելու սևեռուն գաղափարը։ Եթե իհարկե Հրայր Թովմասյանը չդիմանա հենց այնպես ստացած փողերով կուշտ ու անհոգ ապրելու գայթակղությանը։
Իսկ եթե դիմանա՞։ Այդ դեպքում ձրի քեֆ քաշելու առաջարկից, ինչպես համարում է ԱԺ հասարակության հետ կապերի վարչության նախկին պետ, ներկայումս խորհրդատվական գործակալության ղեկավար Արսեն Բաբայանը, կարող է օգտվել ինքը՝ Վահե Գրիգորյանը, որը ՍԴ-ում իրեն չի պատկերացնում որևէ այլ դերում, բացի նախագահից։ «Դե ի՞նչ վատ է, չկարողացավ ինքնահռչակմամբ հասնել ՍԴ նախագահի պաշտոնին (իրեն խոստացել էին, բայց չկատարեցին խոստումը) հիմա պարզապես կապահովի իր ցմահ բարձր վարձատրությունը,-հնարավոր է համարում Բաբայանը։- Իսկ հարկատուներս արդյո՞ք համաձայն ենք մի քանի ամիս «աշխատած» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին պարապ ֆռֆռալու համար շատ բարձր և ցմահ վարձատրենք (12 տարի պաշտոնավարման ժամկետով, իսկ հետո էլ բարձր թոշակ)»։
Եվ էլի մի պահ, որին ուշադրություն են դարձրել իրավաբանները։ Դա վերաբերում է արդեն մի քանի ամիս ձգվող «ՍԴ անդամ-ՍԴ դատավոր» վեճին։ Ինչպես նշել է իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը (ՍԴ դատավորի անվանակիցը), վերոնշյալ օրինագծում օգտագործվում է «ՍԴ դատավոր» ձևակերպումը։ «Այսինքն մի շարք բարձրակարգ իրավաբանների շուրջ 2 ամիս տևած «բացատրական» աշխատանքների շնորհիվ վերջապես բոլորը ընդունեցին, որ ՍԴ ճգնաժամ չկա, այն կեղծ էր, և որպես ՍԴ անդամ ընտրված անձինք ՀՀ Սահմանադրության ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարում և համարվում են ՍԴ դատավոր: Բա եթե վերջում ընդունելու էիք ակնհայտ ճշմարտությունը, ինչո՞ւ էիք թիրախավորում ձեզնից առավել պատրաստված իրավաբաններին։ Գուցե մասնագիտական տկարությունը թաքցնելու համար»,- գրել է նա Ֆեյսբուքում, տալով մի հետաքրքիր հարց. մի՞թե դա կոռուպցիա չէ, երբ դատավորին ուղիղ տեքստով ասում են, թե իբր՝ հրաժարական տուր, մենք քեզ դրա համար տարիներով կվարձատրենք։