ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՎ ՄԻԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ
Վարչապետը մեկ ամիս անց կսուրա Լոս Անջելես։ Հերթական բուռն ծափահարությունները նվաճելու իր հերթական բենեֆիսում։ Հոգին երգում ու մեծ հանրահավաք է փափագում։ Երևանում արդեն մի տեսակ բոլորովին չի հրապուրում, իսկ Լոսում, հասկանալի է, մի այնպիսի՜ հանրահավաք կլինի։ Չէ՞ որ ժամանում է ամերիկահայերի ազատարարը Քոչարյան-Սարգսյանի «հանցավոր ռեժիմներից»…
Նույն գործընթացների ներքին եվ արտաքին ընկալման խնդիրը գոյություն է ունեցել միշտ։ Մի անգամ ինձ Մոսկվայից հյուր եկավ համակուրսեցիս՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Նստած զրուցում ենք, հարցնում է՝ ինչի՞ համար Նիկոլին չես սիրում։ Դե ոչ, ասում եմ, ի՞նչ կապ ունի այստեղ սիրել-չսիրելը, գուցե նույնիսկ շատ էլ սիրում եմ, հոգու խորքում ինչ-որ տեղ, այնուամենայնիվ մասնագիտական նույն ոլորտից ենք, բայց չէ՞ որ սերը քաղաքական կատեգորիա չէ։ Հարցնում է. «Ուրեմն ինչո՞ւ եք քննադատում»։
Այդպիսի պարզ հարցերին երբեմն դժվար է պատասխանել։ Քանի որ եթե պատասխանես հանգամանորեն, ապա պետք է շատ բան պատմես, ընդ որում հասկանալով, որ զրուցակիցդ այդ շատին այլ աչքերով է նայում։ Իսկ երկար բացատրել ես չեմ սիրում, մանավանդ որ համակուրսեցու հետ հանդիպման ժամանակ շատ ավելի հաճելի բազմաթիվ թեմաներ կան զրույցի համար։
Եվ այդտեղ ինձ օգնության եկան… Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Դավիթ Շահնազարյանը։ Ես հիշեցրի նրանց մասին զրուցակցիս և ասում եմ. «Այ, տես։ Երեք չափազանց տարբեր պետական գործիչներ։ Չափազանց հակադիր։ Հակասական ու հարուստ կենսագրությամբ։ Միմյանց վերաբերվում են առանց առանձնակի համակրանքի։ Եվ դա հասկանալի է։ Ինչպե՞ս կարող է, օրինակ, նախկին այլախոհը լավ վերաբերվել հատուկ ծառայությունների նախկին ղեկավարին։ Սակայն կա մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց. բացասական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ընդ որում այս վերջինը բնավ չի նշանակում, թե նրանք համակրում են Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, կամ չեն համակրում նոր իշխանություններին։ Հրանտ Բագրատյանը բացահայտ ասում է, որ ինքը նոր իշխանությունների կողմնակիցն է։ Ուրեմն ո՞րն է վարչապետի հանդեպ նրանց բացասական վերաբերմունքի պատճառը, որին քննադատում են այնքան անողորմաբար., որ ես նրանցից սովորելու դեռ շատ բան ունեմ»։
Զրուցակիցս զարմացավ, մտքերի մեջ ընկավ ու հարցրեց. «Իրոք որ, ո՞րն է պատճառը»։
Այն, ասում եմ, որ բոլոր երեքն էլ, ինչպես էլ նրանց վերաբերվես, սիրես թե չսիրես, այնուամենայնիվ իրենց ոլորտների գիտակներ են, նրանք պրոֆեսիոնալներ են։ Պարույյր Հայրիկյանը գիտի, թե ինչ բան են մարդու իրավունքները, Դավիթ Շահնազարյանը՝ թե ինչ են ազգային անվտանգության խնդիրները, Հրանտ Բագրատյանը հասկանում է, թե ինչ է տնտեսությունը…
Եվ բոլոր երեքն էլ, եթե անգամ հոգու խորքում պաշտում են Փաշինյանին ու հակակրանքով վերաբերվում նախկին իշխանություններին, որոնց օրոք իսպառ զուրկ էին բարեհաճությունից, որպես պրոֆեսիոնալներ չեն կարող չտեսնել, որ այդ ոլորտներից յուրաքանչյուրում այսօր տիրապետում է դիլետանտական, պոպուլիստական մոտեցումը։ Եվ իսկապես, բացի գեղեցիկ խոսքերից, ոչ մի առաջընթաց չկա ո՛չ մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, ո՛չ ազգային անվտանգության հարցերի լուծման գործում, ո՛չ էլ տնտեսության բնագավառում։ Այլ կա մեկ տաղանդավոր դերասանի թատրոն և… չափազանց լուրջ մարտահրավերներ և՛ մարդու հիմնական ազատությունների ապահովման, և՛ ազգային անվտանգության առումով, և՛ տնտեսության ոլորտում։
Եվ որպես պրոֆեսիոնալներ ու պետական գործիչներ, վարչապետի նկատմամբ իրենց ողջ համակրանքով ու նախկին իշխանությունների հանդեպ հակակրանքով հանդերձ, պարզապես անկարող են լռել, երբ տեսնում են, թե ինչպես է անսանձ պոպուլիզմը սպառնում ոչնչացնել բոլոր այն նվաճումները, որոնք, թեկուզև սխալներով, թեկուզ ոչ յոթմղոնանոց քայլերով, բայց հետևողականորեն իրականացվում էին բոլոր այդ ոլորտներում՝ նախքան այդչափ հրապուրիչ-գեղեցիկ չարաբաստիկ «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխությունը»։