ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵՆՔ 2050 ԹՎԱԿԱՆԻՆ, ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՎ 2018-Ը
Այն օրվանից, ինչ Նիկոլ Փաշինյանը օրակարգ մտցրեց առաջիկա 30 տարվա ընթացքում հայության գերխնդիրների գաղափարը, հասարակայնությունը, քաղաքական, տնտեսական շրջանակները տարվեցին վարչապետական գաղափարների վերլուծմամբ ու գնահատմամբ։ Ոմանք ամենայն լրջությամբ խոսում են դրված նպատակներին հասնելու անիրականալիության մասին, մյուսները՝ հեգնում, ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ մինչև պայծառ ապագա ողջ չեն մնա նրանք, ում դա(պայծառ ապագան) խոստանում են, ասենք, չեն լինի նաև նրանք, ումից, ըստ էության, պիտի պահանջես։
Իրականում եվ՛ սրանք, եվ՛ նրանք սխալվում են։ Գոյատևեցինք, չէ՞, անցած 30 տարիներին, չնայած 90-ականների սկզբին դա անիրագործելի խնդիր էր թվում։ Միանգամայն ողջ-առողջ են նրանք, ովքեր սկիզբ դրեցին խնդիրներին մեր 30-ամյա պատմության մեջ։ Ե՛վ նա, ով անկախության մեկնարկին ոսկու սարեր էր խոստանում, բայց մի քանի տարվա ընթացքում փլուզեց երկիրը, ցաքուցրիվ անելով նրա ահռելի ռեսուրսները։ Ե՛վ նրանք, ում օրոք Հայաստանը քիչ թե շատ, բայց զարգանում էր։ Համաձայնեք, այսօր էլ հնարավորություն կա երկրի նախկին ղեկավարներից հաշիվ պահանջել անցած համարյա 30 տարիների համար։ Հետևաբար՝ դա կարելի է անել նաև 30 տարի անց։ Իսկ ներկայիս ղեկավարները հնարավորություն ունեն դիտարկելու, թե ինչ էր կատարվում երկրում իրենց իշխանության օրոք և պետության ղեկի մոտ իրենց բացակայության ժամանակ։
Ասենք, դրանք հեռանկարներ են, որոնք կարելի է միայն կանխատեսել ու խոստանալ։ Իսկ այ, հետադարձ հայացքը դա արդեն կատարված իրողություն է։ Եվ տվյալ դեպքում հենց հետադարձ հայացքն է թույլ տալիս նկատել բազմաթիվ հետաքրքիր նրբերանգներ։ Օրինակ՝ այն, որ եթե ուշադիր նայենք ներկայիս կառավարության տնտեսական նպատակներին և համեմատենք դրանք նախկին կառավարությունների արդեն իրականացրած խնդիրների հետ, ապա գծագրվում է ապագայի բնավ ոչ հրճվալից պատկեր։ Պարզվում է, այն, ինչին մենք պետք է հասնենք մինչև 2050 թվականը, եղել է երկրում մինչև 2018-ը։
Հիմա հիմնավորենք ասվածը մակրոտնտեսական թվային ցուցանիշներով։ Ահավասիկ գործող կառավարության ծրագրում, ըստ էության՝ տնտեսական հեղափոխության ծրագրում, ենթադրվում է, թե երկրի ՀՆԱ-ն աճելու է տարեկան 5%-ով։ Դա փաստորեն նշանակում է, որ առաջիկա 20 տարիներին ՀՆԱ-ն ավելանալու է գրեթե կրկնակի։ Ասենք, վարչապետի 30 տարվա մեգանպատակների ցանկում ՀՆԱ-ն պետք է աճի 15 անգամ։ Բնականաբար, 15-ապատիկ աճի այդ տարբերակը շատեպին անիրագործելի է թվում։ Բայց… Միայն անցած 20 տարիների ընթացքում (1997-2017թթ.) Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6 անգամ։ Իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 8 անգամ։ Այնպես որ, թեև նախկին կառավարությունները «30 տարվա մեգանպատակների» լուծմանը 20 տարում չհասան, բայց կառավարության ներկայիս հեղափոխական ծրագիրն իրականացրեցին եռապատիկ գերակատարումով։
Իսկ բացի այդ, սկսած 97-ից մինչեվ 2017 թվականը նվազագույն աշխատավարձը երկրում աճեց 55 անգամ (1000 դրամ՝ 1997-ին, 55 հազար՝ 2017-ին)։ Միջին աշխատավարձը բարձրացավ 13 անգամ (13 հազարից մինչև 177 հազար դրամ)։ Միջին կենսաթոշակն աճեց 11 անգամ (3600 դրամից մինչև 41 հազար)։ Հայաստանի բյուջետային եկամուտները նշված 20 տարի ժամանակահատվածում աճեցին 9,8 անգամ, բյուջեի հարկային եկամուտները՝ 11 անգամ։ Տնտեսության վարկավորումն աճեց 53 անգամ, իսկ բանկային ներդրումները՝ 200 (!) անգամ։ Արտաքին առևտրական շրջանառությունը ավելացավ 7 անգամ, արտահանումը՝ 9 և ներկրումը՝ 4 անգամ։ Միայն 10 տարի ժամանակահատվածում (2006-2017) զբոսաշրջությունն ավելացավ 4 անգամ։
Նայում ես այս թվերին ու մտածում. ինչո՞ւ է երկրում հայտարարված տնտեսական հեղափոխություն, եթե նոր իշխանությունն իր առջև գործնականում դնում է այնպիսի խնդիրներ, որոնք արդեն կատարվել են նախկին իշխանության կողմից առանց որևէ հեղափոխության։ Այո, երբ պաթոսով խոստանում են աշխատավարձերի և կենսաթոշակի բազմապատիկ բարձրացում երկարաժամկետ հեռանկարում, շատերին դա ոգևորում է։ Միայն թե կա նաև երկարաժամկետ հետադարձ հայացք, որտեղ տեսնում ենք այդ նույն աշխատավարձերի 55-անգամյա աճ։
Իսկ եթե մի կողմ թողնենք պաթոսն ու բոցաշունչ ճառերը, ապա ակնհայտ է դառնում հետևյալը. սոցիալ-տնտեսական բնույթի մի ամբողջ շարք բնութագրիչների աճի խոստումը նման է նրան, որ խոստանաս, թե գարունը գալու է ձմեռվա ավարտից անմիջապես հետո։ Պարզապես պետք է այդ գարունը չփչացնել։ Ահա թե ինչու շատ բան այն ամենից, ինչ խոստանում է ներկայիս իշխանությունը, լիովին իրատեսական է։ Բայց այդ ամենն արդեն եղել է։ Այլ հարց է, որ նախկին իշխանությունները գարնան գալուստը համարում էին բնական երևույթ, իսկ ներկայիս իշխանությունը փորձում է դա ներկայացնել որպես սեփական նվաճում։