ԱՓՍՈՍ, ՈՐ ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ

Ներկայիս իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ապահովագրել իրեն այն մեթոդներից, որոնցով հենց ինքը եկավ իշխանության. Արդարադատության նախարարությունը հասարակական քննարկման է ներկայացրել օրենսդրական լրացումների հերթական նախագիծը, որոնցով առաջարկվում է քրեականացնել բռնության հրապարակային կոչերը, այդպիսի կոչերի հրապարակային արդարացումը կամ բռնության քարոզչությունը

Առաջին հայացքից դատապարտելի ոչինչ չկա, լրացումները կարելի է միայն ողջունել. ի վերջո վաղուց ժամանակն է վերջ տալ կյանքի նորմա դարձած ատելության մթնոլորտին՝ միմյանց վրա ցեխ նետելով ու գնդակահարելու, վառելու, կախելու, քառատելու սպառնալիքներով… Սակայն երկրորդ հայացքից (բավական է միայն փոքր-ինչ լարել հիշողությունը, եթե ոմանք մոռացել ենատելության մթնոլորտը, միմյանց վրա ցեխ նետելը, գնդակահարելու, վառելու, կախելու, քառատելու սպառնալիքները ձևավորվեցին անցած տարվա գարնանը «հեղափոխականների» հմուտ մանիպուլյացիաներով և նրանց կողմից նույնքան հմտորեն ահագնացվեցին հետագա բոլոր ամիսների ընթացքում։

«Վարչապետի պաշտոնին հավակնող մարդը, մինչև վերջ վստահ չլինելով իր գործողությունների օրինականության մեջ, ուղղորդում է իր կողմնակիցներին կամ առնվազն չի կասեցնում հակաիրավական պահվածքը»։ «Մարդը, որը հավակնում է իր ձեռքը վերցնելու պետական կառավարման ղեկը, պետք է ոչ միայն գիտակցի իր գործողությունների բնույթն ու հետևանքները, այլև ընդունակ և պատրաստ լինի պատասխանատվություն կրել այդ գործողությունների, ինչպես նաև իր կողմնակիցների գործողությունների համար»։ «Որքան էլ խոսեք ատելության էջը փակելու, համերաշխության, սիրո և եղբայրության մթնոլորտի մասին, տպավորություն է ստեղծվում, թե դա վերաբերում է միայն նրանց, ովքեր համամիտ են ձեր դիրքորոշմանը։ Դուք համարում եք, թե շանտաժով և հեռախոսային սպառնալիքներով ու վիրավորանքներով կարելի՞ է փոխել իմ սկզբունքներից բխող դիրքորոշումը»։

Սրանք մեջբերումներ են հանրապետականների ելույթներից՝ անցած տարվա մայիսի 1-ին խորհրդարանի հայտնի նիստում։ «Մենք միևնույնն է հաղթելու ենք, իսկ ձեր անունները մարդիկ կհիշեն»,- քաղաքական ընդդիմախոսներին նախազգուշացրեց այն ժամանակ դեռ «Ելք» դաշինքի պատգամավոր, ներկայումս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա անվանեց դա սթափվելու կոչ, թեև հնչեց որպես սպառնալիք։ «Հարցը հետևյալն է. դուք օգնում եք լուծել քաղաքական ճգնաժամը, կամ այն լուծվում է առանց ձեզ։ Հարցն այն է, թե այսօր մենք լուծում ենք, թե՞ խորացնում առկա ճգնաժամը»,- այն ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ իր հռետորաբանության մեջ տեղ չկա ատելության համար և նրա անունը, ով կքվեարկի իր օգտին, ոսկե տառերով կգրվի ՀՀ ԱԺ պատմության մեջ։ Այն հարցը, թե՝ իսկ նրանը, ով դեմ կքվեարկի, կախված մնաց օդում, ավելի ճիշտ՝«հանդուրդողականության, եղբայրության ու համերաշխույան մթնոլորտում

Բոլոր հաջորդ ամիսների ընթացքում Փաշինյանը պարբերաբար խոսում էր հանդուրժողականության մասին, խաղացնելով ժողովրդական մկանները, կոչ էր անում քաղաքական ընդդիմախոսներին հանդուրժողականությունը չընկալել որպես թուլության նշան և նախազգուշացնում ժողովրդական զայրույթի վտանգավորության մասին։ «Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ձեր պահվածքը կարող է քաղաքական ցունամի առաջացնել»։ Նման հայտարարությունները հնչում էին հաճախ, իսկ մենք կնշենք ընդամենը որոշակի փուլանիշեր։

Խորհրդարանի նիստը 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺվարչապետ էր ընտրում։ Անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Սեպտեմբերի 11-ի մայրաքաղաքային ընտրարշավը։ Այդ ժամանակ, ելույթ ունենալով Դավիթաշեն համայնքում, «խաղաղասեր» Փաշինյանը, բարկացած ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումներից, հրաման տվեց օրինապահներին երկու ժամվա ընթացքում կարգի բերել հանրապետությունը։ «Եթե իրավապահներն ի վիճակի չեն դա անել, մենք ժողովրդի հետ միասին գիտենք, թե ոնց դա անել. կամուֆլյաժս կհագնեմ և կարգ կհաստատենք փողոց առ փողոց, տուն առ տուն»,- բղավում էր նա կոկորդը պատռելով, միաժամանակ չմոռանալով հավելել սիրո և համերաշխության մթնոլորտի մասին։ Ավելի ուշ հայտնվեցին Փաշինյանի թևավոր դարձած արտահայտությունները. «ծեփել պատերին», «պառկեցնել ասֆալտին», «մռութին հասցնել»… Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի պաշարման ժամանակ և հետո նոյեմբերին՝ Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի ընթացքում, ապա 2019 թվականի փետրվարի 12-ին՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Այստեղ, թերևս, արժե առանձին հիշատակել հոկտեմբերի 2-ը, երբ Փաշինյանի կոչով պաշարվեց խորհրդարանը։ Այն օրը, երբ օրենքի նախագիծ ընդունվեց, որը երաշխավորում էր ԱԺ աշխատանքի պայմանները սահմանադրական լիազորությունների շրջանակներում։ Դա փաստաթուղթ է այն մասին, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող և չպետք է կազմակերպվի ճնշման, քաղաքական շանտաժի, ուժի, սպառնալիքների, բղավոցների և վիրավորանքների ճանապարհով։ Բայց նման դրվածքը դուր չեկավ Փաշինյանին ու ընկերներին, որոնք, շրջափակելով խորհրդարանը, հենց այդ կերպ ստիպեցին վեցերորդ գումարման ԱԺ-ին գնալ ինքնալուծարման՝ օրենքի ուժով։ Թեև այստեղ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «ուժի օրենքով» արտահայտությունը։ Որովհետև խորհրդարանի լուծարմանը Փաշինյանը հասավ շանտաժի, ճնշման, ուժի կիրառման սպառնալիքով։ Ընդ որում՝ ոչ ուժայինների, ոչ էլ նույնիսկ ժողովրդի։ Այլ ամբոխի, որի «արդար զայրույթից», ինչպես բազմիցս նախազգուշացրել էր Փաշինյանը խորհրդարանում նստած «հականերին», նույնիսկ ինքը չի կարող պաշտպանել նրանց։ Նախազգուշացնում, բայց փաստորեն սպառնում էր ամբոխի հաշվեհարդարով։ Ընդ որում՝ ոչ մեկ անգամ։ Եվ ոչ միայն միտինգային, այլև երկրի գլխավոր ժողովրդավարական ինստիտուտի քաղաքական ամբիոնից, չմոռանալով հավելել «հանդուրժողականության, եղբայրության և համերաշխության մթնոլորտի» և այն մասին, թե սիրում է բոլորին

Այս խորապատկերին, որն ակնառու ցուցադրում է, որ ագրեսիվ տոնը մի ամբողջ տարի շարունակ արմատավորել են հենց վարչապետն ու իր ընկերները, բռնության հրապարակային կոչերի, այդպիսի կոչերի կամ բռնության քարոզչության հրապարակային արդարացման քրեականացում նախատեսող հասարակական քննարկման դրված օրինագիծը, համաձայնեք, առնվազն ցինիկ է թվում։ Առանձնապես երբ կարդում ես Արդարադատության նախարարության տեղեկանքն այն մասին, որ օրենքի նախագիծը մշակելիս «հաշվի է առնվել Հայաստանում ատելության խոսքի տարածումը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը»։ Եվ սկսում ես ափսոսալ, որ լրացումների ընդունման դեպքում օրենքը հակադարձ ուժ չի ստանա

Չէ՞ որ սկսած անցյալ տարվա մայիսից, շատերը, որ տեղի ունեցող ամենին այլ հայացքով են նայում, մարդիկ, որոնք առնչություն չունեն ոչ մի քաղաքական ուժի հետ, սեփական մաշկի վրա բազմիցս զգացել են չարաբաստիկ «հանդուրժողականության, եղբայրության և համերաշխության մթնոլորտը»։ Ընդ որում՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալ տարածքում։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա դժվար թե մոտ հինգ տասնյակ հանրապետական պատգամավորները, մանավանդ կանայք, մոռանան, թե ինչպիսի «սիրով և հանդուրժողականությամբ» էին իրենց ծանակելով անարգում, ցեխ նետում վրաները՝ հեռախոսով, ցանցում, կյանքում, չխնայելով նույնիսկ նրանց ընտանիքները և երեխաներին։

«Այսօրվա կառավարությունը, որն իր «հպարտ» քաղաքացիներին խոստացել էր աշխատել թափանցիկ և հրապարակայնորեն, արդեն հակասում է ինքն իրեն և մեծագույն ջանքեր գործադրում նրա համար, որպեսզի հետագայում անջրպետի իրեն համաժողովրդական զայրույթից։ Կարծում եմ, վարչապետը գերազանց հասկանում է, որ այդ համաժողովրդական զայրույթը լինելու է, և այդ պատճառով էլ կառավարությունն այսօր զբաղված է օրենքների խմբագրմամբ ու փոփոխմամբ։ Ասվածի ապացույցն են հասարակական քննարկման ներկայացված Քր.օր.-ի օրենսդրական լրացումները»,- ասաց «ԳԱ»-ին նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը։

Նրա խոսքերով, փորձելով քրեականացնել հրապարակային բռնության կոչերն ու ատելության խոսքը, վարչապետն աշխատում է կարծես թե ինքն իր դեմ, քանզի բռնության կոչերն ու ատելության խոսքը մեր իրականության մեջ ներդրվեցին և արմատակալեցին հենց «թավշե» իշխանափոխության օրերին։

«Այդ ապօրինի գործիքներից օգտվում էին հենց Փաշինյանն ու իր կողմնակիցները։ Ստեղծվեց ֆեյքերի ահռելի ֆաբրիկա, որն աշխատում էր հենց կառավարությունում և, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դեռևս շարունակում է այնտեղ աշխատել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ, որ օրենսդրական լրացումներն ունենան հետադարձ ուժ, և առաջինը, ովքեր պատասխանատվության կենթարկվեն, լինեն Փաշինյանը, նրա կառավարությունը և նրա «հեղափոխական» ընկերները։ Ցավոք, այս օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Հետևաբար՝ կառավարությունը և նրա արդարադատության երիտասարդ նախարարը թող հանգիստ նստեն իրենց տեղերում։ Այսօր կառավարող քաղաքական ուժը իշխանության եկավ բռնության, վիրավորանքների և ատելության քարոզչությամբ, կոպտորեն խախտելով օրենքները, ուզուրպացնելով իշխանությունը ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ ուղղակի առումով։ Ատելության խոսքը դարձել է հենց այս կառավարության աշխատանքի ոճը, և հենց նա պետք է դրա համար պատիժ կրի։ Եվ որքան էլ նրանք փորձեն «հետոյի համար» իրենց ապահովագրել հետևանքներից, չի՛ ստացվի, ոչինչ չի մնում անպատիժ»,- ասաց Եսայանը։