ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԱՏԱԼ ՆՐԱՆ
«Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 22-ի համարում Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հողը սիրելով են պահում, իմացեք» վերնագրով հոդվածում կարդում ենք. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ»։ Եվ այնուհետ. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին, չէ՞ որ այս երկիրը տեր չունի»։
Անտեր երկիր ասելով՝ Փաշինյանը նկատի ուներ Հայաստանը։ Ի դեպ, դա միակ հոդվածը չէ, որտեղ Փաշինյանը ազատագրված տարածքներն անվանել է օկուպացված և հավասարության նշան դրել այդ հասկացությունների միջև։ Այդ առիթով որոշ քաղաքական գործիչներ ժամանակին նույնիսկ կասկածներ էին հայտնում, որ «Հայկական ժամանակ» թերթը ֆինանսավորվում է թուրքական աղբյուրներից։
Ինչպե՞ս կարելի է այդքանից հետո հավատալ Նիկոլին, որը 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում հանրահավաքի ամբիոնից արտաբերեց Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքերը. «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ»։
2008թ. մարտի 1-ին Փաշինյանը քաղաքապետարանի հարակից տարածքում գոռում էր ցույցի մասնակիցներին. «Այսօր մենք պետք է ազատենք մեր քաղաքը ղարաբաղյան տականքներից»։ 2008թ. նախագահական ընտրություններում պարտությունից հետո նրա քաղաքական գուրու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ովքեր մեզ հետ չեն, տականքնե՛ր են»։
Ինչպե՞ս կարելի է այդքանից հետո հավատալ Ստեփանակերտում արտաբերած խոսքերին. «Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի»։ Հենց Փաշինյանի թերթն էր կանգնած հայերին հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելու առաջնագծում։ Պետք է ժողովրդին հիշողության կորստով տառապող անհուսալի հիվանդների բազմության տեղ դնես, որպեսզի քեզ թույլ տաս նման ելույթ։ Դեռ երեկ նա զառանցում էր Արցախում գործող ինչ-որ դավադիրների մասին, որոնք պատրաստ են պատերազմ սադրել, հանձնել տարածքները՝ միայն նրա համար, որ ողջ մեղքը բարդեն իր վրա, իսկ այսօր դատողություններ է անում համահայկական միասնության մասին։
Ինձ կարող են առարկել, թե իբր՝ մեկ բան է, երբ դու խմբագիր ես, և միանգամայն այլ բան, երբ վարչապետ ես։ Համամիտ եմ, բայց այդ դեպքում պատասխանեք հետևյալ հարցին. ե՞րբ է Փաշինյանը անկեղծ եղել և արտահայտել իր իրական տեսակետը։ Դուք համարում եք, թե դա այն ժամանակ էր, երբ նա հանդես էր գալիս որպես վարչապետ, իսկ ես համոզված եմ, որ Փաշինյանն անկեղծ էր այն ժամանակ, երբ հավասարության նշան էր դնում ազատագրված և գրավյալ տարածքների միջև։
Թեպետ, այստեղ տեղին է նաև երրորդ կարծիքը, այն մասին, որ Նիկոլը ստում էր և՛ այն ժամանակ, երբ լինելով խմբագիր, սպասարկում էր ինչ-որ մեկի քաղաքական շահերը, և՛ այսօր, քանի որ նրա անդրօվկիանոսյան տերերը թելադրում են իրեն կարգավորման այն ծրագիրը, որը բացահայտ հակասում է Ազգալդյանի հայտնի արտահայտությանը։ Նիկոլը նրանցից չէ, ովքեր ապրում են այն համոզմունքով, որ Արցախը Հայաստանն է։
Ես գիտեմ, որ միայն հիմարներն ու մեռյալները չեն փոխում սեփական հայացքները, բայց երբ խոսքը ճակատագրական հարցերի մասին է, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հավատալ այն մարդուն, որը երբեք «իլյուզիաներ» չի ունեցել ազատագրված տարածքների ճակատագրի առնչությամբ։