ՈՒՐԱԽԱՆԱԼՈՎ ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՄԱՆ ԱՌԹԻՎ
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ երկրում ծնելիության անկման տեմպերը դանդաղում են, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։
«Լավ լուրերի շարքից. ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,-գրել է նա։
Նախարարի խոսքերով, 2018-ի առաջին կիսամյակին ծնելիության նվազումը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 4.9%, մինչդեռ 2019-ի ցուցանիշի նվազումը 2018-ի համեմատ կազմում է 0.9%։
«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո»,- գրել է Թորոսյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. անկման տեմպերի անկում…Այնքան էլ հուսադրող ցուցանիշ չէ, որի իմաստը սկզբունքորեն հանգում է «կարող էր և ավելի վատ լինել» ձևակերպմանը։ Ուստի դժվար է համաձայնել նախարարի հետ այն առումով, թե դա լավ լուր է։ Առավելագույնը՝ վատը չէ, քանզի խոսքն այն մասին է, որ ծնելիության հետ կապված իրավիճակը վատթարանում է, բայց ավելի դանդաղ, քան նախկինում։
Թեպետ, եկեք համարենք, թե Արսեն Թորոսյանն անուղղելի լավատես է, որին ուրախացնում են նույնիսկ ամենաչնչին, լոկ զինված աչքով նկատելի նրբերանգները։ Միայն թե այդ ցուցանիշները պետական գլոբալ հարցերի հետ կապակցելու առումով նախարարն ակնհայտորեն չափն անցավ։ Եթե ծնելիության անկման տեմպերի անկումը համարենք արձագանք հետհեղափոխական կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ապա նույն հաջողությամբ վաղը ծնելիության ցուցանիշների վատթարացման միտումներ նշմարելու դեպքում կարելի է արձանագրել այդ քաղաքականության լիակատար ձախողում։ Դժվար թե ինքը՝ նախարարը, իր գործընկերներն ու իր ղեկավարությունը պատրաստ են ընդունել, որ ծնելիության ոլորտում հնարավոր բացասական միտումները նույնպես կարող են արձագանք համարվել կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը։ Իսկ եթե այնուամենայնիվ չափազանց մեծ է ժողովրդագրական հարցերի հետ այդ քաղաքականության կապ որոնելու ցանկությունը, ապա կա շատ ավելի տեղին բնութագրիչ՝ բնակչության թվաքանակը։ Իսկ այդտեղ դրականը քիչ է։ «Նոր Հայաստանում» բնակչությունը կրճատվել է գրեթե 10 հազարով։
Դատելով նախարարի գրառումից, իշխանության մեջ կա ընթացիկ իրավիճակի համարժեք գնահատման բացահայտ դեֆիցիտ։ Նկատելի է նաև մեկ այլ դեֆիցիտ. այդ ի՜նչ աստիճան են կառավարությանը պակասում լավ լուրերը երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, որ նախարարի առանձնակի ոգևորության առարկա է դառնում այնպիսի փաստը, ինչպիսին է ծնելիության կրճատման տեմպերի նվազումը։ Նկատեք, այդ փաստը ուրախացնում է այն երկրի իշխանության ներկայացուցչին, որի վարչապետն իր առջև նպատակ է դրել կրկնապատկել բնակչության թվաքանակը։ Զվարճալի է, երբ դրվում են ապագայի հավակնոտ մեգանպատակներ, ընդ որում ոգևորում է հետադիմության ընթացքի դանդաղումը։ Այստեղ արդեն կարևոր չէ, թե որն է ավելի զվարճալի. ապագայի մեգանպատակները, թե՞ ներկայումս բացասական միտումների համեստ կրճատման պատճառած ուրախությունը։
Երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, պետության կյանքում այդ ոլորտի վիճակն ունի բազմաթիվ ինդիկատորներ։ Բայց չգիտես ինչու նախարարն ընտրեց դրանցից բնավ ոչ ամենակոռեկտը։ Թեպետ, կարելի է կռահել, թե ինչու. այլ բնութագրիչների պարագայում հպարտանալու բան ակնհայտորեն չկա։ Ահա և մխիթարում է կառավարությունն իրեն և հասարակայնությանը սոցիալ-տնտեսական քաղաքականության մեծ նվաճումով՝ անկման տեմպերի անկումով…