ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԾԱՆՐ ԲԵՌԻ ՏԱԿ

Բնապահպանական շարժումը միշտ էլ մեծ, եթե ոչ վճռորոշ դեր է խաղացել արդի Հայաստանի քաղաքական պատմության մեջ։

Կարելի է հիշել, որ խորհրդային վերակառուցման ժամանակաշրջանում էլ բողոքի առաջին ցույցերը Հայաստանում ընթանում էին բնապահպանական կարգախոսների ներքո. 1987-ի հոկտեմբերին Հայաստանի իշխանությունների կողմից ցրված բնապահպանական ցույցը Բաղրամյան պողոտայում դարձավ Թատերական հրապարակում բազմահազարանոց ցույցերի նախակարապետը՝ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման։

Տեր-Պետրոսյանը, տուրք տալով ամբոխի պահանջներին և շարժվելով ագրեսիվ պոպուլիզմի թելադրանքով, փակեց Հայկական ատոմային էլեկտրակայանը և «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորումը, գումարած, որպես հետևանք՝ նաիրիտյան 350 գործընկեր-ձեռնարկությունները։ Շուտով երկիրն անցավ էլեկտրաէներգիայի օրական 2 ժամ մատակարարման գրաֆիկի։ Առանձնակի դրամատիկ կերպով դա զգացինք 90-ականների սկզբի ցուրտ ձմեռներին։ Զանգվածային մթագնումն անցավ մի քանի տարի անց։ ՀԱԷԿ-ի աշխատանքը վերականգնեցին. Բագրատյանի կառավարության նվաճումներից մեկը։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող հսկա «Նաիրիտը» լիակատար ծավալով արդեն երբեք չի վերսկսի իր աշխատանքը։

Բնապահպանական շարժումն իր դերը խաղաց նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում։ Հիշենք, թե ինչպես դա թափ առավ նրա կառավարման վերջին տարիներին։ Դրանք էին՝ և՛ Թեղուտը, և՛ բողոքները Երևանի պուրակների կառուցապատման դեմ, և՛ բազմաթիվ այլ խնդիրներ։ Բնապահպանական շարժումը լրջորեն սասանում էր իշխանությունների հեղինակությունը, համախմբում դժգոհ երիտասարդությանը և հող նախապատրաստում 2018-ի ապրիլի զանգվածային բողոքի համար։ Ուստիև կարելի է հասկանալ բնապահպան-ակտիվիստների այսօրվա զայրույթը Փաշինյանի գործողություններից, որին նրանք համարում էին «իրենց» վարչապետ։

Այստեղ պետք է պատշաճը մատուցել Փաշինյանին. Ամուլսարի հարցում նա չհետևեց Տեր-Պետրոսյանի օրինակին և վերջնականապես չարգելեց Ամուլսարի հանքի շահագործումը լոկ այն պատճառով, որ դա են պահանջում Գյումրիի ճանապարհի իր նախկին ակտիվ ուղեկիցները։ Ճիշտ է, ի տարբերություն ՀԱԷԿ-ի փակման, վարչապետը հայտնվեց ավելի բարդ ընտրության առջև. չէ՞ որ փակել Ամուլսարը, նշանակում է՝ ոչ միայն գալիք մեծ տուգանքներ, այլև լուրջ վնաս Հայաստանի ներդրումային գրավչությանը։

Ինչեվէ, վարչապետը լուրջ որոշում ընդունեց համաձայնություն տալ «Լիդիանի» հետագա աշխատանքին։ Հավատում եմ, որ նա իսկապես գիշերները չի քնել՝ ուսումնասիրելով փաստաթղթերն ու մտորելով, թե ինչ քայլերով կարելի է հասնել հասարակայնության հավանությանը։ Այդպես ծնվեց քրեական գործը Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տվյալների կանխամտածված սքողման ենթադրյալ փաստով, այդպես ի հայտ եկավ «Էլարդ» ընկերության փորձագիտական գնահատականը։ Չօգնեց. հասարակությունը հավանություն չտվեց։ Վարչապետից երես են թեքում իր զինակիցները, նա քննադատության թեժ կրակի տակ է։ Ի՞նչ անել։ Կարելի է, իհարկե, ձգձգել, բայց ժամանակը կաշխատի իր դեմ, և հարվածներ կտեղան երկու կողմից…

Գուցե արժե թքել ամեն ինչի վրա և փոխե՞լ որոշումը։ Բայց նորից կրկնենք. տուգանքները՝ մեկ, Արևմուտքի մասշտաբային ներդրումների մասին զինակիցները կարող են մոռանալ՝ երկու, արևմտյան հրահանգիչներն անկյուն կկանգնեցնեն ու մի լավ կդաղեն հետույքը՝ երեք։

Գուցե կատարի՞ իր խոստումը։ Դե, այն՝ հանրահայտը, որ նորերը չեն կառչի իշխանությունից և անմիջապես կհեռանան, հենց որ տեսնեն, որ ժողովուրդը դժգոհ է իրենց գործողություններից։ Բայց չէ՞ որ ակներև երևում է, որ դժգոհ է։ Ինչի՞ն են սպասում։

Թե՞ շարունակի համառել, ապավինելով ուժայիններին, որոնց համար առանձնակի տարբերություն չկա, թե ինչ ցույցեր են ցրում. ընդդեմ Սերժի, թե ընդդեմ Նիկոլի։ Բայց այդ դեպքում նոր իշխանության ժողովրդավարական իմիջից հետք անգամ չի մնա, և Բաղրամյան 26-ի ու խորհրդարանական այգու այդչափ փքուն բացած դարպասները հարկ լինի նորից փակել, ինչպես որ արդեն փակեցին ձանձրացնող բնապահպան ակտիվիստների առջև։ Կարելի է, բայց այդ դեպքում պետք է նկատի ունենալ, որ ուշ թե շուտ (և ամենայն հավանականությամբ՝ շատ շուտ) բողոքը կդառնա այն աստիճան զանգվածային, որ դարպասները չեն փրկի…

Եվս մեկ հնարք՝ հնարավոր հանրաքվե։ Ի՞նչ կլինի որ։ Առաջին հայացքից կարելի է հարցը դնել հանրաքվեի։ Ճիշտ է, Փաշինյանը չի կարող չհասկանալ, թե նման որոշման մեջ որքա՜ն պոպուլիզմ կլինի։ Չէ՞ որ Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը շատ կոնկրետ է, և հիմարություն կլինի մարդկանցից պահանջել, որպեսզի նրանք հանգամանորեն գլուխ հանեն ոսկու արդյունահանման գործընթացից, դրա թափոններից և տասնյակ այլ յուրահատուկ հարցերից։

Փաստորեն հանրաքվեի դեպքում միջին վիճակագրական քաղաքացին, որոշում ընդունելով, հենվելու է ոչ այնքան խնդրի հստակ իմացության վրա, որքան նրա, թե ում փաստարկներին է ավելի շատ վստահում՝ կառավարության, թե՞ բնապահպանների։ Այսպիսով, հիպոթետիկ հանրաքվեն կարող է վերաճել իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվեի, և եթե վերջիններիս չհաջողվի առաջ հրել սեփական դիրքորոշումը, նորից հարց կբարձրանա հրաժարականի մասին, համաձայն նախկինում տրված ամուր խոստումների… Թե՞ հանրաքվեն նույնպես հարկ կլինի անցկացնել ուժայինների վրա հենվելով։

Կարող են ասել՝ այ, դուք սկսեցիք պտտել ձայնասկավառակն այդ հանրաքվեի մասին… Այնինչ դա մենք չենք սկսել։ Ոչ ոք վարչապետի լեզվից չէր քաշել։ Մի՞թե այդ ինքը չէր, որ մեկ տարի առաջ էքստազի մեջ բղավում էր, թե այսուհետ Հայաստանում բոլոր կարևոր որոշումներն ընդունվելու են ժողովրդի կողմից կանտրոնական հրապարակում, ինչպես Հին Աթենքի Ագորայում… Դե ահա, թանկագի՛նդ մեր, եկել է սեփական խոսքերի համար պատասխան տալու ժամանակը։ Դրոշն առ ձեռքդ, կեպին դիր գլխիդ, ուսապարկդ գցիր շալակդ ու հառա՜ջ, ավտոտնակների տանիքներին քարոզարշավ վարելու… Որպես վերջաբան ևս մեկ անգամ մեծ շոու սարքիր. բնապահպանները թեև համառ ժողովուրդ են, բայց բարի են, գուցեև հասկանան ու ներեն…

Основная тема:
Теги: