ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԱՐՏԱԳՐԵԼ ԼԳԲՏ-ԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Արդարադատության նախարարությունն ունակ չէ՞ օրինաստեղծման

Կառավարությունը մշակել է օրինագիծ, որը պատասխանատվություն է նախատեսում բռնության կոչերի, դրա արդարացման և քարոզչության համար։

Առաջին հայացքից ուրախալի է, որ ասֆալտին փռող ու պատերին ծեփող իշխանությունը հանկարծ որոշեց ինքը պատերազմ հայտարարել մի երևույթի, որն իր իսկ ջանքերի շնորհիվ արմատավորվեց քաղաքական նորաձևության մեջ։ Մասնագետներն արդեն մատնանշել են, որ օրինագծի հեղինակները հղում են կատարում միջազգային ատյաններին և փաստաթղթերին, որոնցում հստակ նշված են «ատելության խոսքի» սահմաններն ու սահմանումները։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ռասիզմի կանխարգելման միջազգային կոմիտեին, ԵԽԽՎ-ի բանաձևերին և այլն։ Նշված բոլոր հղումներում խոսվում է ոչ թե անձի կյանքին և առողջությանը սպառնալու համար պատասխանատվության, այլ բուն երևույթի կոնկրետ չափանիշների մասին։ Հղումներ կան Բուլղարիայի փորձին, որի Քր.օր.-ի համաձայն՝ արարքը համարվում է պատժելի, եթե այն պայմանավորված է անձի ազգային, ռասայական պատկանելությամբ և այլ բնութագրիչներով։ Դա ծայրաստիճան կարևոր է, սակայն չի կարելի բացառել, որ նման բնութագրիչների բացակայության դեպքում ցանկացած արտահայտություն այնուամենայնիվ կարող է գնահատվել որպես պատասխանատվության ենթարկելու առիթ։ Օրինակ, ֆեյսբուքյան մի ինչ-որ ակցիայի մասնակիցները կարող են պատասխանատվության ենթարկվել այն բառերի համար, որոնք համապատասխան մարմինները կամայականորեն կարող են գնահատել որպես բռնության քարոզչություն և այլն։

Ի դեպ, մասնավոր զրույցներում իրավագիտության ոլորտի պրոֆեսիոնալները միաձայն հավատացնում են, որ օրինագիծն արտագրված է եվրոպական երկրներից մեկի օրենքից։ Մասնագետներին այդ մտքին է հանգեցրել ոչ այնքան նմանությունը եվրոպական օրինակների հետ, որքան Արդարադատության նախարարության կադրային կազմը, որը, իրենց կարծիքով, բավական հեռու է օրինաստեղծման հմտություններից։ Մասնագետները նաև մատնանշել են հայհոյական բառապաշարի տարբերությունը լեզվական տարբեր խմբերի միջև. չէ՞ որ հենց այդ բառապաշարն է ձևավորում հիշատակված «ատելության խոսքը», որը կարող է գնահատվել որպես անձի նկատմամբ բռնության կոչ։

Վտանգավոր հետևանքներ

Օրենքի նախագիծը չէր գրավի քաղաքականացված հասարակայնության ուշադրությունը, եթե չլիներ սկանդալային իրավիճակը, կապված Ստամբուլյան կոնվենցիայի առաջիկա վավերացման հետ։

Արդեն հայտնի է, որ այդ փաստաթղթի բովանդակությունը մեծ տարաձայնություններ է առաջացրել խորհրդարանական մեծամասնության շրջանում, իսկ խորհրդարանի պատերից դուրս փաստաթղթի դեմ համախմբվել է ողջ մտածող հասարակայնությունը։ Կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում բազմաթիվ անհաճո արտահայտություններ են հնչել ԼԳԲՏ ներկայացուցիչների և մեր երկրում նման ապրելակերպի քարոզչության ինստիտուտը կոնվենցիայի միջոցով լեգալացնելու իշխանությունների փորձի մասին։

Այդ առնչությամբ արժե՞ արդյոք զարմանալ, որ բռնության կոչերի համար պատասխանատվություն նախատեսող օրինագծի ի հայտ գալն անմիջապես կապակցեցին Ստամբուլյան կոնվենցիայի առաջիկա վավերացման հետ։ Վավերացման հակառակորդները պնդում են, որ տվյալ օրինագիծը հորինել են՝ վախեցնելու համար նրանց, ովքեր համաձայն չեն նախադպրոցական հաստատություններում ԼԳԲՏ ապրելակերպի քարոզչությանը և կոնվենցիայի այլ կետերին, որոնք վավերացումից անմիջապես հետո կկենսագործվեն։

Հատկանշական է, որ տվյալ դեպքում հասարակության կարծիքի հետ համաձայնել է նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը. ճիշտ է, այն վերապահումով, որ կցանկանար ավելի խորը ծանոթանալ քրեական գործի հարուցման պատճառների վերաբերյալ հեղինաների հիմնավորմանը։ Եթե օրենքի նախագիծը քաղաքացիության իրավունք ստանա, ապա ԼԳՏԲ հանրության կամ դրա առանձին ներկայացուցիչների դեմ ուղղված ցանկացած քայլ կգնահատվի որպես բռնության կոչ և հիմք դառնա քրեական գործի հարուցման համար։ Այս հեռանկարն արդեն մատնանշել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հակառակորդների թվին պատկանող որոշ հասարակական գործիչներ։

Լավատեղյակ մարդիկ պնդում են, որ տվյալ օրենքի ընդունումը՝ հիմք ընդունելոով բոլոր և ամեն տեսակի բարեհունչ ու անբասիր միջազգային կոնվենցիաները, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ դրա գործնական կիրառման դեպքում, քանի որ հայկական արդարադատությունը յոթմղոնանոց քայլերով շարժվում է իշխանության քաղաքական պատվերների կատարման ուղղությամբ։

Основная тема:
Теги: