ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅԼԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Վաղվա օրը երբեք չի՞ գալու
Վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում շարադրեց Հայաստան-2050-ի իր տեսլականը, ինչի կապակցությամբ մտաբերեցի մեկ այլ համանման ծրագիր՝ «Հայաստան 2020»-ը, որը մեկնարկեց 2000-ականների ամենասկզբին։ Այդ ծրագրի շրջանակներում ողջ աշխարհի հազարավոր հայեր իրենց իղձերն էին արտահայտում այն առնչությամբ, թե ինչպիսին կցանկանան տեսնել մեր երկիրը 20 տարի անց, այսինքն ներկայումս։ Մինչդեռ ռազմավարական փաստաթուղթը, որի վրա այսօր աշխատում է Հայաստանի կառավարությունը, ընդարձակում է ժամանակային հորիզոնը մինչև 30 տարվա։ Ներկայումս ապրող բոլորին մաղթում եմ քաջառողջություն…
Իսկ ինչի՞ մասին էին երազում մեր հայրենակիցները 20 տարի առաջ։ Հասարակության մասին, որտեղ պետք չէ մտահոգվել վաղվա ապրուստի մասին, երկրի, որն ընդգրկված կլինի աշխարհի առավել զարգացած 10 երկրների թվում, իրավիճակի, երբ չի լինի երկրից հեռանալու հարկադրված ձգտում, գործող տնտեսությամբ Հայաստանի՝ Կովկասյան տարածաշրջանի, իսկ գուցեև Միջին Ասիայի կենտրոնի, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մինչև 15 հազար դոլար ՀՆԱ-ի և այլն։
«Հայաստան 2020» նախագծի իրականացման շրջանակներում համակարգող խորհուրդը ներկայացրեց իրարից շատ տարբեր 4 սցենարներ, որոնք մեր երկրի համար կարող էին իրականություն դառնալ գալիք երկու տասնամյակների ընթացքում. ծայրաստիճան մռայլ ու հոռետեսական ապագա նկարագրող անհատական հարցազրույցներից մինչև անեկդոտային, ծայրահեղ «վարդագույն» ու լավատեսական պատմութուններ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա 20 տարիներին։ Ընդ որում ծրագրի կազմակերպիչներն առանձնահատուկ ընդգծում էին, որ այդ 4 սցենարները սպառիչ չեն և նախագիծն առհասարակ չի հավակնում մեր ապագայի ճշգրիտ ֆուտուրիստական կանխատեսման, այլ ավելի շատ ուղղված է խթանելու լայն ու ակտիվ քննարկումը, թե ինչպիսին կցանկանային կամ չէին ցանկանա տեսնել հայերն իրենց ապագան։
Օրինակ, սցենարը, որը նշված էր որպես «Ռուսաստանից՝ սիրով», ենթադրում էր, որ Հայաստանը 2020 թվականին տնտեսական ու քաղաքական նկատելի ուժ կդառնա Եվրասիա մայրցամաքում և աշխարհին կներկայանա որպես Միջին Արևելքի տնտեսության կարևորագույն տարր ու տարածաշրջանի խոշորագույն ֆինանսական և ֆոնդային շուկաներից մեկը։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին արտադրողականությամբ և կյանքի որակով մեր երկիրն արդեն համեմատելի կլինի Հունգարիայի կամ Պորտուգալիայի հետ։ 2012 թվականին հետխորհրդային շրջանի ողջ ընթացքում առաջին անգամ, ըստ սցենարի, Հայաստանի տարածք պիտի գային ավելի շատ մարդիկ, քան նրանք, ովքեր լքել էին երկիրը բախտի որոնումներով։ Նույն այդ ժամանակ, օրինակ, մենք պետք է օրենք ընդունեինք ռուսաց լեզվի մասին՝ որպես երկրորդ պետականի։ 2008 թվականի հունվարի 1-ին Թուրքիան կհայտարարեր, որ դուրս է գալիս ՆԱՏՕ-ից, նույն թվականի հուլիսին կընդուներ 1915 թվականի ցեղասպանությունը։
Դիտարկվող սցենարի հիմնական գաղափարն այն էր, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի յուրօրինակ «ինովացիոն ցուցափեղկն» ու նրա առաջատարը «եվրասիական ենթակառուցվածքների նոր փաթեթի» և «եվրասիական միասնական էներգետիկ ցանցի» ձևավորման գործում։
Ի դեպ, 2000-ականների սկզբին Հայաստանում երազում էին նաև ստեղծել «հատուկ նախարարություն, որը ներառում է մի շարք ֆունկցիոնալ վարչություններ (հայրենադարձության, ծրագրման ու համակարգման, տեղեկատվության, Սփյուռքի հետ աշխատանքի) և տարածաշրջանային 7 բաժիններ»։ Ինչպես հայտնի է, 20 տարի անց Հայաստանում, հակառակը, Սփյուռքի հետ կապերի նախարարությունն ընդհանրապես լուծարվեց։ Մինչդեռ այդ գերատեսչությունը, համաձայն սցենարի, լոբինգավորելու էր Սփյուռքի ներկայացուցիչների ընտրվելու հնարավորությունը հայկական խորհրդարանում (խորհրդատվական ձայնի իրավունքով) և ՀՀ նախագահին առընթեր սփյուռքի խորհրդում (վճռորոշ ձայնի իրավունքով), ինչը պետք է «իրականություն դառնար» 2012 թվականին։ Չի դարձել նույնիսկ այսօր…
Մեր երկրի զարգացման մյուս հնարավոր սցենարը 2000-ականների սկզբին վերնագրվեց որպես «Վերադարձ։ Հայաստան և Եվրամիություն», և ըստ դրա հեղինակ Թոնի Հելփինի՝ «Հայաստանի զարգացման ոչ մի այլ սցենար չի պարունակում քաղաքական, սոցիալական և տնտեսական վերածննդի սերմեր»։ Համաձայն սցենարի, Հայաստանը «տուն կվերադառնար» (Եվրոպա) 2018 թվականի ընտրություններից մի քանի ամիս անց, երբ ԵՄ լիակատար անդամները կքվեարկեին միության կազմ Հայաստանի ընդգրկման օգտին՝ որպես 30-րդ անդամի…
Հավանաբար իմաստ չունի այսօր անդրադառնալ Հայաստանի հնարավոր զարգացման բոլոր սցենարներին ու մանրամասներին։ Այժմ մեզ ավելի շատ պետք է հետքրքրեն վարչապես Փաշինյանի մտավարժանքները «Հայաստան 2050»-ի նպատակադրումների վերաբերյալ։ Մանավանդ որ «Հայաստան 2020» ծրագիրը զուտ հասարակական էր, իսկ այ, «Հայաստան 2050»-ը արտացոլում է կաբինետային պաշտոնյաների կողմից մեր ապագայի տեսլականի էությունը։
Սակայն, շարադրելով «Հայաստան 2050»-ի իր տեսլականը, Նիկոլ Փաշինյանը տեղնուտեղը բավական տարօրինակ հայտարարություն արեց այն մասին, որ իրեն չեն հետաքրքրում իրատեսական նպատակները. իբր՝ պետք է ձգտել հասնել անհնարինին։ Գուցե իսկապես իմաստ ունի, երազել ֆանտաստիկ խնդիրների մասին, որպեսզի կատարվեն… իրատեսականները, դնել անհասանելի նպատակներ, որպեսզի կենսագործվեն իրականները։ Չգիտեմ։ Ապագայի ֆուտուրիստական նկարագրությունը երկծայր փայտ է, փխրուն ու նրբաբնույթ նյութ։ Ուստի չենք բացառի նաև այն վարկածները, որ 30 տարվա հեռանկարով ապագայի մեջ ընկղմվելը կարող է լինել դասական էսկապիզմի (անգլերեն escape՝«փախչել», «փրկվել») դրսևորում, «փախուստ իրականությունից»։ Այսօրվա հենց այն իրականությունից, որում դու անկարող ես լուծել տհաճ ու տաղտկալի ընթացիկ խնդիրները։ Բայց երևակայական աշխարհի, այլակեցության, այլ իրականության մեջ ընկղմվելը ժամանակակից աշխարհում համարվում է թուլության դրսևորում։
Մանավանդ որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը առաջվա պես մտահոգված է նրանով, թե ինչպես վաստակի հանապազօրյա հացը, կրթության տա զավակներին կամ վճարի բուժման համար։ Նման պայմաններում այդչափ հեռավոր ապագայի շուրջ մտորելն անգամ կարող է անհեթեթություն թվալ։ Ի տարբերություն Նիկոլի ու իր թիմի, բնակչությունն ի վիճակի չէ կտրվել իրականությունից ու ընկղմվել անուրջների աշխարհ. այո, մարդիկ մտածում են վաղվա օրվա մասին, բայց հենց վաղվա, այլ ոչ թե պատկերավոր «վաղվա», որը կարող է գալ, իսկ կարող է և չգալ տարբեր տեսլականների նպատակ-թիրախների նվաճման համատեքստում։