ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՈՒՂԻՆ

Ցավալի լուր եկավ Մոսկվայից։ Երկարատև հիվանդութունից հետո, 77 տարեկան հասակում վախճանվել է ռուսաստանյան հայտնի շինարար և բարերար Վարդգես Բագրատի Արծրունին. մարդ, որի կյանքը Հայրենիքին և մարդկանց ծառայելու օրինակ է։

Արծրունին իշխանական տոհմի ժառանգ է, արմատներով ԱրևմտյանՀայաստանից։ Նրա պապը՝ Միսակը, փրկվելով թուրքերի հարձակումից, 1918 թվականին Կարսից փախավ Գեորգիևսկ։ Հայրը՝ Բագրատը բարձրագույն տնտեսագիտական կրթություն ստացավ Մոսկվայում։ Վարդգեսը ծնվեց 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդսկում։ Հոր վաղաժամ մահից հետո (49 տարեկանում) 14-ամյա տղան ստիպված էր աշխատել որպես մոնտաժողի աշակերտ։ Այնուհետ հաջորդեցին բանակային ծառայությունը, հեռակա ուսումը Համամիութենական ինժեներաշինարարական ինստիտուտում, որտեղ պատանին ընդունվեց 1965 թվականին։ Իսկ 1966-ին հզոր երկրաշարժն ավերեց Տաշքենդը։ Երկրորդ կուրսի ուսանող Արծրունուն հուլիսին մեկ ամսով ուղարկեցին աղետի գոտի։ Ամիսը ձգվեց երեք տարու։ Արծրունին ուսումը շարունակեց Տաշքենդում, դարձավ կոմպլեկտավորման վարչության գլխավոր ինժեները և դիպլոմը ստանալիս արդեն պատկառելի արտադրական փորձ ուներ։

Տաշքենդից հետո եռամյա գործուղումն էր Տոլյատի, որտեղ կառուցում էին ավտոշինարարների քաղաքը։ Այսպես է սկսվել այն մարդու աշխատանքային կենսագրությունը, որին վիճակված էր աշխատել բազմաթիվ հաստատություններում, ամենատարբեր, գնալով ավելի պատասխանատու պաշտոններում։ Համառոտ թվարկենք շինարարի տպավորիչ կարիերայի որոշ փուլեր, որին վստահում էին աշխատանքի ամենաբարդ տեղամասեր։

Արծրունին քաոսից դուրս բերեց «Մոսժիլստրոյ» ՇՎ-1-ը, դարձնելով լավագույնը ոչ միայն տրեստում, այլև ամբողջ Մոսկվայում։ Այնուհետ գլխավորեց «Մոսստրոյ-3» հետ մնացող տրեստը, որտեղ կարողացավ հասնել Օլիմպիադա-80-ի օբյեկտների շինարարության պատվերների։ Իսկ 1979 թվականին դարձավ Բնակարանային շինարարության մոսկովյան պետմիավորման ղեկավարը։ Նա էր գլխավորում 25 հազար մարդուց բաղկացած բանակը, որը կառուցեց ԽՍՀՄ մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասեր։

«Գործուղում» Հայաստան

Հայաստանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը քաղաքական նկատառումներով որոշեց ռուսաստանյան հայերից որևէ մեկին առաջադրել կառավարության ղեկավարի տեղակալներից մեկի պաշտոնում։

Ընտրությունը կանգ առավ Արծրունու վրա (այն ժամանակ «Գլավմոսստրոյ»-ի պետի տեղակալի)։ 1987 թվականի սեպտեմբերին նա, զրկվելով բազմաթիվ արտոնություններից, տեղափոխվեց, պայման դնելով, որ հանրապետության ԿԿ-ն չմիջամտի կադրային քաղաքականությանը։ Արծրունին միանգամից բախվեց համատարած կաշառակերության համակարգին, կոչ արեց պաշտոնյաներին վերջ տալ դրան, կառուցվածքային փոփոխություններ կատարեց՝ ունենալով հավակնոտ ծրագրեր։ Բայց ճայթեց 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժը։

Առաջին իսկ ժամերին Արծրունին կարգադրեց դադարեցնել շինմոնտաժային բոլոր աշխատանքները ողջ հանրապետությունում և տեխնիկան ուղարկել աղետի գոտի։ Այդ օպերատիվությունը վճռորոշ դեր խաղաց հազարավոր մարդկանց փրկության գործում։ Սակայն Արծրունու հարաբերությունները Դեմիրճյանին փոխարինած Սուրեն Հարությունյանի հետ չդասավորվեցին։ Վերջինիս թվաց, թե շինարարը աչք ունի իր տեղի վրա։ Արծրունին հրապարակավ արտահայտեց իր կարծիքն այդ առնչությամբ և վերադարձավ Մոսկվա։

Կրակից ելավ, բոցն ընկավ

90-ականների սկզբին հետխորհրդային ողջ տարածքում սկսվեց սեփականության վերաբաշխումը, դրա անցումը պետականից մասնավոր ձեռքեր։ Ինչպեսև ամենուր ջրի երես էին ելնում, հափռում, հարստանում բարոյական սկզբունքներից զուրկ մարդիկ։

Արծրունին այդուհանդերձ ստեղծեց «Մոսինտերստրոյ» պետական արտադրական միավորումը, իրականացրեց մի շարք հաջող նախագծեր. «Գալերեյա Ակտյոր», «Մոսիտալմեդ» և այլն։ «Տունը, որ կառուցել է Վարդգես Արծրունին» գրքում ընդգծվում է, որ Մոսկվայի քաղաքապետ Յու.Լուժկովի հետ «փոխըմբռնման» առկայության պայմաններում Արծրունին կարող էր «ընծա» ստանալ «Գալերեյա Ակտյորի» մասշտաբի առևտրական-գրասենյակային տասնյակ կենտրոններ, իսկ հետո հայտնվել «Ֆորբսի» ցուցակում, բայց նա ընտրեց իր ուրույն ուղին։

Եվ նորից Հայաստան

Շինարարական գործերին զուգահեռ, Վարդգես Բագրատովիչը չէր մոռանում Հայաստանի, նրա խնդիրների մասին և ուժերի ներածի չափով ներդնում իր ավանդը, նախաձեռնում ու ֆինանսավորում հայրենակիցների շահերի հետ կապված տարբեր նախագծեր։

Դա նախեվառաջ հուշարձանն է, նվիրված կանանց՝ Հայաստանի և Ռուսաստանի մայրերին։ Այն տեղադրեցին Մոսկվայում, Նիկիտսկի դարպասների մոտակա պուրակում (քանդակագործ Ֆրիդ Սողոյան)։ Հուշարձանի հեղինակային պատճենն ավելի ուշ հայտնվեց Երևանում։

«Մոսկովսկայա պերսպեկտիվա» թերթին տված իր հարցազրույցում (2011թ., 41-րդ համար) Արծրունին բավական համեստ է գնահատում իր դերը Մոսկվայում Հայկական մայր տաճարի կառուցման գործում։ Ասում է, թե ինքը միայն նպաստել է համալիրի տեղադրման վայրի խնդրի լուծմանը (ի դեպ, մեկուկես հեկտար տարածքով)։ Արծրունին հարցը լուծեց 1996 թվականին, իսկ վեհաշուք տաճարի օծման արարողությունը տեղի ունեցավ 10 տարի անց։

Երբեմն ասում են, որ մեկ գիտնականն իրականացրեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Արծրունու դեպքում այս ճշմարտությունն այլ հնչողություն է ստանում։ Քանզի նա, չլինելով հետազոտող, ստեղծեց Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը։ Իսկ դա նշանակում է՝ կազմակերպչական ծախսեր, աշխատողների վարձատրություն, հրատարակչական գործունեություն։ Ինստիտուտը լույս է ընծայել հայոց պատմության տարբեր էջերին նվիրված մի շարք գրքեր։ Դրանց մեջ պսակազերծվում են կեղծարարների զառանցանքները «Էրիվանի խանության» հավակնող Ադրբեջանի «հինավուրց» պատմության մասին։

Ամեն ինչ չէ, որ հաջողվեց իրականացնել

77 տարին, իհարկե, ամենևին էլ տարեց հասակ չէ, բայց ոչ ոք չգիտի, թե որքան կյանք է իրեն տրված։ Չնայած առողջական խնդիրներին, Վարդգես Բագրատովիչը նոր ծրագրեր էր կազմում, գաղափարներ առաջադրում։

Այսպես, Հայաստանի ապաշրջափակման համար նա առաջարկում էր իրանական Էնզելի նավահանգստում կառամատույց կառուցել մեծ լաստանավերի համար։ Այդտեղից ուղիղ ճանապարհ է մինչև ռուսաստանյան Մախաչկալա կամ Աստրախան նավահանգիստներ։ Այդ կերպ Հայաստանը հաստատուն կապ կստանա Ռուսաստանի հետ, դա թույլ կտա բարելավել Հայաստանի տնտեսության զարգացումը։ Տվյալ գաղափարը (բավական բարդ՝ մի շարք պատճառներով) պահանջված չգտնվեց։

Արծրունին առանձնահատուկ ակնածանք էր տածում ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի նկատմամբ։ Վերջինս Հայաստանի շահերն է պաշտպանել Փարիզի խաղաղության կոնֆերանսում 1919 թվականին, ավելի ուշ՝ 1920-ի նոյեմբերին գծանշել է Հայաստանի և Թուրքիայի սահմանները, ողջ ուժով ձգտել է հասնել Հայկական հարցի արդար լուծմանը։ Արծրունին առաջարկում էր տեղադրել Վիլսոնի հուշարձանը Երևանում։ Եվ ոչ միայն առաջարկում էր, այլև հոգաց դրա ստեղծման, ձուլման ծախսերը, մնում էր միայն հավանություն ստանալ և որոշել տեղադրման վայրը։ Սակայն չստացվեց։

«Յուրաքանչյուրը՝ Սփյուռքում»

Արծրունին խորապես գիտակցում և կրկնում էր. «Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ պետք է իրեն հաշիվ տա, որ այդտեղ ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև իր ժողովրդին։ Չէ՞ որ իրենով՝ առանձին վերցրած անձով են դատում բոլոր հայրենակիցների մասին»։

Սրանք պարզապես խոսքեր չէին, այլ բազմաթիվ մեդալների և շքանշանների ասպետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար Վարդգես Արծրունու հավատամքը, կենսակերպը։ Նա միշտ հիշում էր իր արմատների, այն մասին, թե դարերի ինչ խորքից են գալիս հայերը, և գործադրում էր բոլոր ջանքերը, որ այդ ուղին շարունակվի, իսկ վաղվա օրը մեզ համար գոնե մի քիչ ավելի լավը լինի, քան ներկան։ Ուստիև իրենից հետո թողեց ամենից արժեքավորը, որ կարող է թողնել մարդն իր սերունդներին, հայրենակիցներին, աշխարհին. անբիծ անուն և բարի գործեր։

Հ.Գ.- «ԳԱ»-ի խմբագրությունը խորին ցավակցություն է հայտնում Վարդգես Բագրատովիչի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին և նրանց հետ կիսում կորստի վիշտը։