ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի ներկայացրեց արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ ՀՀ դիվանագիտական գործունեության համար:

Հանդես գալով ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, առաջին հերթին, ինքնիշխանությունը և նշեց, որ այս սկզբունքի առանցքը Հայաստանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելության Հայաստանի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը:

«Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա», - ասաց Մնացականյանը:

Երկրորդ սկզբունքը, ըստ նրա, համահայկականություն է, որը արտացոլում է ոչ միայն Հայաստանի որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև Հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով:

«Վստահ ենք, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ Հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար», - ասաց նա, նշելով, որ այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ :

Որպես երրորդ առանցքային սկզբունք նա նշեց փոխգործակցությունը, մասնավորապես պատրաստակամությունը իրավահավասար և փոխշահավետ գործակցությանը ցանկացած պետության հետ:

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկներների հետ։ Մենք շարունակելու ենք նաև մեր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության մեջ՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով մեր բոլոր գործընկների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով», - նշեց Մնացականյանը:

Որպես որրորդ ասպեկտ նա նշեց հեղափոխական արժեքները:

«Թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարության հաստատումը ամենակարևոր արժեքը լինելուց բացի, մեզանում նաև անվտանգության և զարգացման հարց է, որը թույլ է տալիս ունենալ ազատ և արարող անհատ, համերաշխության և կոնսենսուսին ունակ հասարակություն, ամուր պետական համակարգ, որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմ, միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերն առավել ամրապնդելու համար», - ասաց նա:

«Վերոնշյալ արժեքները Հայաստանի Հանրապետության այն բացառիկ առավելությունն են աշխարհի հետ հարաբերվելու և ամուր արժեքային հենքի վրա հարատև ու կայուն հարաբերություններ կառուցելու համար», - նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը, տեղեկացնում է newsarmenia.am:

Основная тема:
Теги: