ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՍԴ-Ն ՍՈՐՈՍԻ ԿԱԴՐԵՐԻ ԽԱՄԱՃԻԿԸ
Օգոստոսի 29-ին Հայաստանի Սահմանադրկան դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով կսկսի լսումները Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, որով նա խնդրում է ստուգել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 135-րդի («Խափանման միջոց կիրառելու հիմքերը») և 35-րդի («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները») համապատասխանությունը Սահմանադրությանը։ Նույն օրը ՍԴ-ն կքննի Քոչարյանի նաև երկրորդ դիմումը՝ Հայաստանի Քր.օր.-ի 300.1 հոդվածի («Սահմանադրական կարգի տապալում») սահմանադրականության հարցով։
Ինչպես հայտնի է, ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար։ Վենետիկի հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կներկայացնի իր խորհրդատվական կարծիքը։ Թե արդեն ունի արդյոք ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականը, առայժմ հայտնի չէ։
Իրավիճակը փաստացի հետևյալն է. եթե ՍԴ-ն հավաստի, որ մեղադրանքը չի խախտում Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը, իսկ Քր.օր.-ի նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը, ապա Քոչարյանին որպես մեղադրյալ ընդգրկելու հարցը կմնա նախաքննության և մեղադրանքի հիմնավորվածության հարթությունում։ Իսկ եթե Սահմանադրական դատարանը հանգի այն եզրակացության, որ Քոչարյանի անձեռնմխելիությունն անհաղթահարելի է, կամ Քր.օր.-ի 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը հարկ կլինի դադարեցնել, թեև… Ո՜վ գիտի, թե էլ ինչ խելագար գաղափարներ կառաջանան հեղափոխական նոր իշխանությունների տհաս ուղեղներում…
Ցանկալի կլիներ, որ Սահմանադրական դատարանը փակեր այդ ամոթալի էջը։ Խնդիրն այստեղ ամենևին էլ Քոչարյանը չէ, այլ այն, որ թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով Քոչարյանին հնարավորինս երկար ժամանակ ճաղերի հետևում պահելու վարչապետի մոլի ցանկության պատճառով տուժում է երկրի հեղինակությունը։ Չէ՞ որ երբ ճաղերի հետևում պահելու պատճառներ չկան, «ժողովրդավարների» սարքած գործը կեղծ է, ապա սեփական նպատակներին հասնելու համար ստիպված են շրջափակել դատարանները, հետապնդել անհաճո դատավորներին, ճնշում գործադրել Բարձրագույն դատական խորհրդի դատավորների վրա, ստիպելով, որ նրանք հրժարական տան, «կաշառքներ» առաջարկել ՍԴ դատավորներին պետբյուջեի հաշվին… Մի խոսքով, ստիպված են անել այն ամենը, ինչը բացարձակ անհամատեղելի է իրավական, ժողովրդավարական պետություն հասկացության հետ։
Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքի բովանդակությանը, ապա ինչ կարելի է ասել, եթե Փաշինյանը իշխանության է գալիս 2018-ի մայիսին, արդեն մեկ ամիս անց Քոչարյանին կալանավորում են, իսկ ևս մեկ ամիս անց Փաշինյանը հայտարարում է, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտված է… Դե, իսկը ճեպընթաց հետաքննություն 10-ամյա վաղեմության գործով։ Եթե ավելի ազնիվ լիներ, կասեր. դե ահա, Քոչարյանին վերջապես նստեցրի…
Ընդ որում ավելի քան կես տարի անց ձերբակալում են ոստիկանական նախկին պաշտոնյայի՝ ցուցարարներից մեկի սպանության մեղադրանքով, բայց կարճ ժամանակ անց ազատ են արձակում, քանի որ պարզվում է, որ այդ ցուցարարը տվյալ ոստիկանի զենքով չի սպանվել… Այսինքն, ըստ էության, քննությունը «Մարտի 1-ի» գործով չունի որևէ նոր տվյալներ, որոնք պարզված չեն եղել դեռևս 2008 թվականին… Փոխարենը ունի չափազանց խղճուկ ու թքած-կպցրած պատմություն այն մասին, թե երկրի նախագահը տապալել է իր ղեկավարած երկրի սահմանադրական կարգը։
Իսկ ինչպե՞ս է տապալել դա։ Պարզվում է, նրանով, որ միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգությունների կասեցման ուղղությամբ, որոնց ակներևությունը կասկածի տակ չեն առնում այդ իրադարձությունների մասնակիցներն ու ականատեսները, բոլոր նրանք, ովքեր դիտել են հանրահայտ կադրերը կամ ծանոթ են տուժած տասնյակ ոստիկանների, հրկիզված մեքենաների, թալանված խանութների մասին ոչ պակաս հանրահայտ և փաստերով հաստատված տվյալներին… Նման բան թույլ չտալը նախագահի անմիջական պարտականությունն է։ Բայց, պարզվում է, քննությունն անօրինական է համարում նախագահի հրամանը Երևան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Նշենք, Երևան քաղաքում, այլ ոչ թե Հայաստանում, չենք խոսում արդեն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը ԱԴ մտցնելու իրավունքով օժտում է միմիայն նախագահին, ինչն էլ արվել է։
Վերջապես, մեղադրող կողմի համար կառչելու միակ բանն այն է, որ ցուցարարների դեմ օգտագործվել է բանակը, իսկ դա իբր արգելված է Սահմանադրությամբ։ Բայց այդ հեքիաթների վրայով օրերս գլանիչով անցավ Հայկ Ալումյանը, մատնանշելով, որ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է հանրապետության անվտանգության ապահովում բանակի կողմից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին մարտահրավերներին։ Եվ Հայաստանում նախկինում էլ եղել են դեպքեր, Տեր-Պետրոսյանի սանձարձակ անօրինության ժամանակներում, երբ առանձին բնակավայրերում մտցվել է ԱԴ ռեժիմ և զորքեր են ներգրավվել այդ ռեժիմը պահպանելու համար։
Ավելին, ի՞նչ դեր էին հանձնարարել զինվորականներին 2008-ին։ Նրանց հանել էին ցուցարարների դե՞մ, ինչպես Տեր-Պետրոսյանը 1996-ին։ Ոչ, իհարկե։ Բախումները ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև էին։ Զինվորականներն ապահովում էին պետական օբյեկտների հսկողությունը, նրանք ընդգրկվել էին որպես անվտանգության ապահովման միջոցների համալրում։ Նույնիսկ Օգանովսկու ցուցմունքներում, որոնք BBC-ը մատուցեց իբրև մեծ սենսեցիա, ասվում է միայն այն մասին, որ զինվորականները տեղակայված էին կառավարության շենքում և ներքին եզրագծով հսկում էին շենքը։
Միակ բանը, ինչի մասին կարելի է խոսել, այն է, թե պե՞տք էին արդյոք անվտանգության ապահովման այդ լրացուցիչ միջոցները՝ զինվորականների ներգրավմամբ։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է դատել ինչպես կամենա։ Բայց որոշումը պետք է ընդունեին երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք, և նրանք ընդունեցին այդ որոշումները՝ անհրաժեշտ համարելով դրանք։ Այստեղ կարելի է վիճել ուշագնացության աստիճան, բայց դա կլինի զուտ մտահայեցական վեճ, քանի որ միայն նախագահն ու ուժային կառույցների ղեկավարները, այլ ոչ թե սոցցանցերում վիճողներն ու ՀՔԾ-ի գիտունիկներն էին 2008-ին պատասխանատվություն կրում երկրի անվտանգության համար։ Եվ եթե կյանքի իրավունք ունի այն կարծիքը, որ ուժայինների ավելի պրոֆեսիոնալ գործողությունների դեպքում զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, ապա կյանքի նույնպիսի իրավունք ունի նաև այն կարծիքը, որ եթե նախագահը շատ ավելի շուտ կասեցներ արմատական ընդդիմության ապօրինի գործողությունները, ապա զոհեր կարող էին ընդհանրապես չլինել։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը լոկ կարծիքներ են։
Իսկ ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու այդչափ համառ ցանկության պատճառներին, ապա, ինչպես բազմիցս է ասվել, այստեղ առկա են բազմակողմանի գործոններ։ Փաշինյանի հոգին փոթորկող վրեժի ծարավի մասին, որին թույլ չտվեցին վերցնել իշխանությունը 2008-ի մարտին, ասվել է բազմիցս։ Բայց, իհարկե, միայն դա չէ, կան նաև այլ հետաքրքիր հանգամանքներ, որոնք դժվար թե կարելի է համարել պատահականություն։
Օրինակ, Հայաստանում Սորոսի հիմնադրամի ներկայացուցչության ղեկավարներից մեկի հետ ՀՔԾ ղեկավարի ազգակցական սերտ կապի մասին հայտնի է։ Բայց ահա օրերս հայտնի դարձավ ևս մեկ ուշագրավ փաստ։ Երբ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել իրենց ակցիաներն ի աջակցություն կալանավորված երկրորդ նախագահի, միակ կազմակերպությունը, որն այն աստիճան ցինիկ գտնվեց, որ անցկացրեց հակաակցիաներ… «Սասնա ծռերն» էր։ Եվ ահա վերջերս հրապարակվեցին փաստեր, որ ահաբեկիչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գարեգին Չուգասզյանը նույնպես երկար տարիներ եղել է Սորոսի հիմնադրամի հայկական կառույցի ղեկավարներից մեկը և հաճախակի անձնական շփումներ ունեցել պետական կառույցների ամենագլխավոր Ավերիչի հետ… Խճանկարը գնալով ավելի է ամբողջանում։
Որքան ավելի երկար ձգվի «Քոչարյանի գործը», այլ ոչ թե «Մարտի 1-ի» գործը. գործ, որը սարքվել է արտաքին պատվեր կատարելու և հաճախակի ծամող մեկ մարդու վրեժի ծարավը հագեցնելու համար, այնքան ավելի շատ կբացահայտվեն երկրի համար ամոթալի փաստեր։ Հենց այդ պատճառով էլ ցանկալի կլիներ, որ Սահմանադրական դատարանը, թեև այնտեղ էլ արդեն սկսել են ներթափանցել արտաքին ուժերի գործակալները, օրենքի և իրավունքի հիման վրա, իրեն տրված բարձրագույն դատական իշխանությամբ դադարեցներ այս զավեշտախաղը։ Քանի դեռ հնարավորություն կա։