ՍՊԱՍՄԱՆ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ
Ամուլսարի հանքավայրի ճակատագիրը նորից կախվեց օդում։ Նորից չկա կոնկրետ և հստակ որոշում այդ խնդրի վերաբերյալ։ Թեև ակնհայտ է, որ տվյալ դեպքում չի ստացվի երկար ձգձգել, ինչպես դա արվեց մի ամբողջ տարի շարունակ։ Այսպես թե այնպես կառավարությունը ստիպված է լինելու կողմնորոշվել առաջիկա օրերի ընթացքում։ Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, հիմա չկանխագուշակենք։ Մի քիչ էլ սպասենք։
Իսկ առայժմ ուշադրություն դարձնենք ամուլսարյան պատմության բազմաթիվ տեսանկյուններից մեկի վրա։ Չէ, բնավ ոչ բնապահպանական, ոչ էլ տնտեսական, նույնիսկ ոչ սոցիալ-քաղաքական կամ աշխարհաքաղաքական։ Այդ բոլոր տեսանկյուններն, իհարկե, այստեղ առավել քան նկատելի են։ Բայց դրանք լոկ ածանցյալներն են հիմնական խնդրի. իշխող թիմի ձեռնհասության, գիտելիքների, փորձի, պետական մտածողության դեֆիցիտի։ Հենց այդ դեֆիցիտն էլ, ըստ էության, հանգեցրեց ընդունելիք որոշման ռեկորդային ձգձգման, ինչն իր հերթին նշանակալիորեն խորացրեց խնդիրը և փակուղային իրավիճակ ստեղծեց իշխանության համար։ Այդ կապակցությամբ, թերևս, արժե ոչ մեծ էքսկուրս կատարել դեպի մեկ տարվա պատմություն, ասվածի մեջ ակներևաբար համոզվելու համար։
Նախևառաջ հիշենք գործող իշխանության ծրագիրը։ Եվ դրա հենց այն մասը, որը վերաբերում է հանքարդյունաբերությանը։ Ահա ուրեմն, փաստաթղթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության բնագավառում մոտակա հինգ տարիներին ուղղված կլինի թափանցիկության և հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, որ կառավարությունը նախատեսում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր, իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ, հավասարակշռել հասարակության և հանքարդյունահանող ընկերությունների շահերը, բացահայտել ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին… Այս ամենը նշված է հնգամյա ծրագրում։
Այսօր հինգ տարիներից մեկն արդեն անցյալում է։ Եվ ի՞նչ է արվել։ Գուցե հավասարակշռվե՞լ են հասարակության և ընկերությունների շահերը։ Այդ դեպքում ինչո՞ւ էր նման հստակ հավասարակշռության պայմաններում վարչապետն ուղևորվում Ջերմուկ՝ տեղի բնակիչներին համոզելու Ամուլսարի հանքավայրի շահագործման անհրաժեշտության մեջ։ Իսկ գուցե գոյություն ունի՞ հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն։ Այդ դեպքում «Լիդիանի» խնդիրը լուծվում է շատ պարզ՝ ռազմավարությանը համապատասխան։ Իսկ գուցե ներդրվե՞լ են ոլորտի կարգավորման ինստիտուցիոնալ և օրենսդրական մեխանիզմներ։ Ավաղ, կարծես թե դա էլ չկա, այլապես «Լիդիանի» խնդիրը կարգավորված կլիներ։
Օգոստոսի 23-ին վարչապետը շփվում էր ջերմուկցիների հետ, մինչդեռ մեկ տարի առաջ ճիշտ նույն օրը նա շփվում էր գործընկերների հետ կառավարության նիստում, որտեղ քննարկվում էին բացի ամենայնից նաև հանքարդյունաբերության հարցերը։ Այդ նիստում հաստատվեց այն միջոցառումների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետությունում ապահովելու էին հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգի իրագործումը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ լեռնարդյունաբերությունը, լինելով ՀՀ կարևոր ոլորտներից մեկը, չունի կոնկրետ քաղաքականություն և ռազմավարություն, որոնք թույլ կտային տեսլական կազմել և կոնկրետ գործողություններ իրականացնել տվյալ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար։ Եվ հավելեց, որ ծրագրվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որը կազմելու համար անհրաժեշտ է անցկացնել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ։ «Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը»,-հայտարարեց Արթուր Գրիգորյանը։
Իսկ այ, վարչապետը, անդրադառնալով տվյալ թեմային, նշեց, որ այսօր հանքարդյունաբերությունը տնտեսական աճի լոկոմոտիվն է, և գործող կառավարությունն ավելի վաղ արդեն հայտարարել է, որ տնտեսական աճի նման մոդելը ոչ մի դեպքում չի կարող ընդունելի համարվել։ «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը, տվյալ դեպքում, վերաբերում է մեր ընդերքի վաճառքին: Այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում,-ընդգծեց Փաշինյանը, հավելելով։ -Մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք շահագործման այնպիսի կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա՝ ազգային հարստությունն օգտագործվում է այնպես, որ պետությունն ու հանրությունը ստանում են այնքան օգուտներ, որքան պետք է իրականում ստանան»։
Եվ ի՞նչ։ Անցավ ուղիղ մեկ տարի։ Կրկնում եմ, մեկ տարին անցավ, ո՞ւր է ռազմավարությունը։ Չկա ռազմավարություն։ Ո՞ւր է փաստաթուղթը, որում նախաշված են «բացահայտված խնդիրների լուծման ուղիները»։ Ո՞ւր է հասարակության իրական զգացողությունը, թե ինքը «օգուտ է ստանում ազգային հարստության օգտագործումից»։
Սրանք բոլորը հռետորական հարցեր են։ Իրականում մեկ տարի առաջ ազդարարված, կառավարության ծրագրում նշված ամենից գործնականում ոչ մի բան այս ընթացքում չի արվել։ Եվ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը այդ հարցում կառավարության անգործության լավագույն վկայությունն է։ Անգործություն, թելադրված բացի ամենայնից նաև լավատեղյակության, գիտելիքների պակասով։ Եվ իհարկե՝ պատասխանատվության։ Այս կամ այն (տվյալ դեպքում՝ հանքարդյունաբերական) բնագավառի վիճակի համար պատասխանատվության և սեփական խոսքերի համար պատասխանատվության։
Կանխատեսումներ չենք անի, թե արդյունքում ինչպես կլուծվի Ամուլսարի խնդիրը։ Ակներև է մեկ այլ բան. եթե գործող կառավարությունն ունենար հստակ արժեհամակարգ, նախանշված պետական խնդիրների իրականացման հստակ ճանապարհային քարտեզ և դրանց լուծման համար սեփական պատասխանատվության պարզորոշ գիտակցում, ապա ձեռնարկության շուրջ փոթորկվող կրքերը չէին ձգձգվի մեկ տարի, խորացնելով խնդիրը սպասման քրոնիկական ռեժիմով։