ԻՆՉ ՈՐ ԲԵՐԵԼ Է, ԱՅՆ ԷԼ ԿՏԱՆԻ…

Կիսանախագահական հանրապետությունում վարչապետն այնուամենայնիվ լոկ երրորդ դեմքն էր, և նախագահներն անհրաժեշտության դեպքում շտկումներ էին մտցնում մյուս բոլոր քաղաքական գործիչների «իմպրովիզացիայում»։ Այսօր վարչապետը թագավոր է ու աստված։ Եվ ողջ աշխարհը երկրի ու նրա ժողովրդի մասին դատում է նախևառաջ վարչապետի շուրթերից հնչածով։

Եվ ի՞նչ է բարբառում խոսամոլ, բարձրահունչ հայտարարությունների և էժանագին թամաշաների նկատմամբ թուլություն տածող Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ կարող է ասել մարդը, որն այդպես էլ մնացել է իշխանության վրա թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով հարձակվող ընդդիմադիր թերթի սկանդալային խմբագրի դերաչափի մեջ։

Կառավարման մեկ տարի և չորս ամիսների ընթացքում վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ ի տարբերություն նախկին դերի Իմ գործը աքլորությունն է։ Ծուղրուղու կանչեցի, իսկ հետո թեկուզև լույսը չբացվի…»), այսօր ինքը խոսում է երկրի անունից և պատասխանատու է նրա համար, իր յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր անուրջի համար։ Ընդ որում խոստումների ժամանակը անկասելիորեն կրճատվում է, Հայաստանի ազգաբնակչության զոմբիացած մասն ազատվում է պոպուլիզմի ծայրահեղ դոզայից և ցանկանում խոսքին հաջորդող գործ տեսնել։

Չեմ թվարկի պրն. Փաշինյանի կողմից հրապարակավ ասված ամենը։ Դա արդեն ամենևին ծիծաղելի չէ և նույնիսկ տխուր էլ չէ, այլ տագնապալի և վիրավորական է երկրի համար։ Քանզի ողջ քաղաքական աշխարհը ծիծաղում է հայ ժողովրդի վրա, որի առաջնորդը նկարագրեց երկրի զարգացման այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չեն անրջում նույնիսկ հոգեբուժարանի խնամարկյալները։

«Ժողովրդական վարչապետը» օգոստոսին իր ստեփանակերտյան ճառում գերազանցեց մինչ այդ իր ասած ամենը։ Իսկ ժողովուրդը չգիտես ինչու լռում է, մոռանալով, որ բոլոր այդ մեգանպատակների իրականացնողի դերը հատկացվում է ՀՀ քաղաքացիներին։ Ուրեմն դուք հավատո՞ւմ եք, թե երեք միլիոն բնակչությամբ կարելի է ստեղծել աշխարհի 20 լավագույնների մեջ մտնող բանակ, և համաշխարհային լավագույն տասնյակում ընդգրկված հետախուզություն։

Հիրավի, վերջնականապես մի՛ դատիր հների մասին, քանի դեռ չես փորձել նորերին։ Իրենց բոլոր արժանիքներով ու թերություններով հանդերձ, անկախության շրջանի Հայաստանի առաջին անձինք այդպիսի զառանցալից ծրագրեր չեն հնչեցրել և իրենց պատվին հուշարձաններ չեն կանգնեցրել։ Իսկ սա մեկուկես տարի շարունակ անհեթեթություններ է բարբաջում, և ոչ ոք չի ասում՝ իսկ թագավորն ախր մերկ էԹեև «թագավորը» հասցրել է ձեռակերտ երկու հուշարձան կանգնեցնել իր պատվին։ Մեծ հաշվով՝ ինչի՞ համար և առհասարակ ինչո՞վ աչքի ընկավ նորը։

Իրենից առաջ կառավարածների հալածանքով ու պախարակումով։ Բացառությամբ թերևս իր հոգևոր ուսուցչի՝ Լ. Տեր-Պետրոսյան անունով։ Մյուսները, ինչպես պարզվում է, ոչ մի բանով, բացի քրեական արարքներից, 1998-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում աչքի չեն ընկել։ Ծիծաղելի է և արտառոց, երբ կենսագրություն ունեցող մարդկանց (որում կան և՛ դրականը, և՛ բացասականը) գնահատում է մի անձնավորություն, որի կենսագրության մեջ առավել մտապահվող կետերն են բանակում չծառայելը, բուհի դիպլոմ չստանալը, օրինական ուժի մեջ մտած երկու դատավճիռները (չհաշված ավարտին չհասցված այլ գործերը) և իրավական նորմերի խախտումների մի ամբողջ շարանը արդեն վարչապետ եղած ժամանակ։ Այդ ամենը և բազմաթիվ այլ բաներ կենսագրությունից դուրս չես նետի և չես փոփոխի։

Ա՜խ այդ գավառական պնդաճակատ տգետները։ Դրանցից քանի՜սն են անկախության տարիների ընթացքում երևացել իշխանության աշխատասենյակներումՀաճախ նույնիսկ շատ էլ բարձր աշխատասենյակներում։ Բայց երկար չեն դիմացել, և նրանց ճնշող մեծամասնության համար պատմությունը բարի խոսքեր չունի։

Ինչ որ բերես, այն էլ կտանես։ Ժամանակը XXI դարում շատ ավելի արագ է թռչում, քան XX-ում։ Հատկապես քաղաքականության մեջ։ 80-ականներին, 90-ականներին, 2000-ականներին հասարակությունը ավելի մեծ համբերատարությամբ ու կանխավարձով էր վերաբերվում քաղաքական գործիչներին։ Այժմ վստահության կյանքը կարճ է։ Եվ պոպուլիզմի (զանգվածային ոչնչացման զենքերից այդ ամենավտանգավորի) կախարդանքը նույնիսկ դեգեներատ սերիալներով թունավորված հասարակության մեջ այնքան տևական չէ, որքան թվում է մերօրյա զանգվածային զվարճարարներին։ Երբ քաղաքական գործչի վրա արդեն բացահայտ ծիծաղում ու երես են թեքում նույնիսկ հարազատ քաղաքում, դա վերջի սկիզբն է։ Եվ ոչ մի ժամանակակից քաղտեխնոլոգիաներ տապալումից չեն փրկի։ Անհրաժեշտ է արդյունք, և ոչ թե 2050 թվականին, այլ շատ ավելի շուտ։ Բայց այսպիսի առաջնորդի և այսպիսի թիմի պարագաում հնարավորություններ գործնականում չկան։

Վարչապետի ստեփանակերտյան ճառի գիրակցության ցնորական հոսքի մեջ չգիտես ինչու տեղը չբավականացրեց ևս երկու մեգանպատակների համար. Գոնե մեկական զույգ Օսկար և Նոբելյան մրցանակ ստանալու։ Չէ՞ որ դա, ի դեպ, շատ ավելի իրատեսական է, քան հզորությամբ 20-րդ բանակն աշխարհում։ Հուսով եմ, տվյալ բացը հետագայում կլրացվի։ Միգուցե նույնիսկ իր՝ վարչապետի կողմից։ Քանզի կար մի պահ, երբ սկսեցին խոսել պրն. Փաշինյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու մասին։ Գուցե «հեղափոխության» համար, գուցեև էլի ինչ-որ բանի։ Այնպես որ հնարավորություններ նա ունի։

Միայն թե պետք է հասցնել դա անել այս տարի։ Քանի որ մինչ Նոբելյան հաջորդ մրցանակաբաշխություն (2020թ. տարեվերջին) ամենայն հավանականությամբ ի հայտ կգան տեխնիկական բարդություններ։ Ես դա հաստատ գիտեմ։ Այդժամ հայերին կմնա ապավինել թերևս միայն «Օսկար» ստանալուն, ինչը զգալիորեն ավելի հեշտ է։ Չէ՞ որ մենք բոլորս արդեն մեկուկես տարի նկարահանվում ենք սերիալային հոծախմբում։ Փորձ ունենք, վարպետության պակաս չկա, դերերը բաշխված են, անկախ նկարահանվելու ցանկությունից։ Ոմանք նստած են, մյուսները կառավարում են ու ճամարտակում, երրորդներն առայժմ ականջները կախ լսում են։ Սցենարիստներին թվում է, թե սերիալը կշարունակվի ևս մի քանի սեզոն։ Դուք համոզվա՞ծ եք։ Իզուր։ Ֆիլմը սաստիկ ձանձրացրել է։ Ժամանակն է փոխել ալիքը, քանի դեռ կան էկրանների և համակարգիչների առջև նստողներ։