ՓՈԽԱՐԵՆԸ՝ ՏՊԱՎՈՐԻՉ է ՀՆՉՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է անցկացրել «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել 71-հարկանի երկնաքերի շինարարության հարցերը։ Ինչպես հաղորդել են NEWS.am-ին Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, երկնաքերի բարձրությունը կկազմի 270 մետր։ Ներդրումների ծավալը՝ 270 մլն դոլար։

Նախագծի մշակումը կտևի 2 տարի, իսկ շինարարաութունը՝ 5 տարի։ Շինարարությունը ծրագրվում է իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում։ Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանը վստահեցրեց, որ համալիրին լուրջ ուշադրություն է սևեռված։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ պետությունը կաջակցի ընկերությանը բոլոր հարցերում, առաջարկելով դիտարկել հայկական արտադրության ներուժի օգտագործման հնարավորութունները։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, այդ նախագիծը տեղավորվում է վարչապետի վերջերս հնչեցրած մեգանպատակների և ամեն աննախադեպի նկատմամբ գործող կառավարության ինքնամոռաց, հաճախ ֆանատիկ ձգտման տրամաբանության մեջ։ Բայց, անկեղծ ասած, կցանկանայինք, որ ողջամտությանը նույնպես գործադիր իշխանությունը մի քիչ ուշադրություն հատկացներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության ևս մեկ կարևոր շեշտադրում։

Մասնավորապես, «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ ռացիոնալությունը միակ վեկտորն է, որին անհրաժեշտ է հետևել Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։ «Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը։ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք անխտիր բոլոր ոլորտներում»,- նշեց կառավարության ղեկավարը։

Եվ ահա, այդ հայտարարությունց մեկ շաբաթ անց կազմակերպվում է Երևանում 270-մետրանոց երկնաքերի ուղղակի իմաստով գլխապտույտ նախագծի շնորհանդես։ Միանգամից նշենք որոշ մանրամասներ, որոնց առկայությունը հիմքեր է տալիս գաղափարի նույն այդ ռացիոնալության վերաբերյալ կասկածների համար։ Նախևառաջ այստեղ պարզ հարց է ծագում. այո, երկնաքերը տպավորիչ բան է, երկնաքերը սեյսմավտանգ Երևանում՝ տպավորիչ է կրկնակի։ Բայց դրա գործառնականությունը, մեղմ ասած, կասկածներ է առաջացնում։ Եվ կառույցը որպես բնակելի շենք օգտագործելու տեսանկյունից ակներև է, որ երկնաքերում ապրելը թանկարժեք ու բնավ ոչ հարմարավետ հաճույք է, հատկապես մի երկրում, որի քաղաքացիների մեկ երրորդը ապրում է աղքատության շեմին։

Նկատեք, առաջարկվում են բնակտարածքի, ըստ էության, վիթխարի ծավալներ, ինչի իրականացումը ծայրահեղ բարդ կլինի, նույնիսկ եթե 5-միլիոնանոց Հայաստանի մասին վարչապետի երազանքները կատարվեն ոչ թե 30, այլ 5 տարի անց։ Եվ բիզնես-կենտրոնի համար էլ, որտեղ կտեղավորվեն տարբեր ընկերությունների գրասենյակներ, տվյալ տարբերակը բնավ հրապուրիչ չէ։ Նախ, խոսքը քաղաքի ծայրամասի մասին է, որն ակնհայտորեն լավագույն տեղը չէ գրասենյակների համար։ Երկրորդ, մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել ծաղկուն ընկերությունները, որոնք կարող են համարվել իրենց անձնակազմի աշխատանքի համար երկնաքերային շքեղ ու թանկարժեք պայմանների հավակնորդներ։

Ինչևէ, երկնաքերի գաղափարը գուցեև գեղեցիկ է և հավակնոտ, բայց գործնական իմաստ այն չունի, համապատասխանաբար՝ առանձնապես չունի նաև իրատեսականություն։ Իսկ ռացիոնալության հոտ այստեղ ընդհանրապես չի գալիս։ Թեպետ, չխոսենք ներդրողի փոխարեն, որը պատրաստ է, ինչպես հայտարարվում է, վտանգել 270 միլիոն դոլարը, ներդնելով դա ընդամենը հայկական չափանիշներով բացառիկ կառույցի մեջ։

Ճիշտ է, մեկ բան է՝ խոստանալ վտանգել, այլ բան՝ իսկապես վտանգել ու ներդնել ահռելի իրական գումարները կոմերցիոն շահի տեսանկյունից կասկածելի նախագծի մեջ։ Մեկ բան է՝ հողահատված ունենալ երկնաքերի համար, այլ բան՝ կառուցել այդ երկնաքերը։ Այստեղ, ի դեպ, չէր խանգարի մտաբերել Երևանի Երիտասարդության պալատի՝ «կուկուռուզնիկի» ճակատագիրը, որի տեղում ծրագրվում էր կառուցել բազմահարկ (ոչ երկնաքեր, բայց նույնպես տպավորիչ նախագծով) կառույց, մինչդեռ արդյունքում հողակտորը սկսեց օգտագործվել որպես ավազահանք։ Ներդրողը որոշեց, որ դա ավելի շահավետ է…

Ընթացիկ տարվա սկզբին կառավարության ընդերքում ծնվեց հերթական արմատական մտահղացումը։ Դրա էությունը հանգում էր նրան, որ ներդրումային առաջարկները պետք է անպայման զտել՝ հաշի առնելով ներդրողների մտադրությունների իրատեսականություն։ Ավելին, պարզվեց, որ կան բազմաթիվ մարդիկ՝ ներդրողական կասկածելի նախագծերով, որոնք իրենց ֆանտաստիկ առաջարկություններով կառավարությանը շեղում են աշխատանքից։ Անկեղծ ասած, ինչ-որ բան հուշում է, որ հայկական կառավարության ներդրումային զտիչը խցանվել է տիղմով։ Իսկ գուցեև այն պարզապես «մոռացվել է», ինչպես խոստացված, բայց չիրականացված բազմաթիվ այլ բաներ։

Գրեթե կասկած չկա, որ գործադիր իշխանությունն ու դրա ղեկավարը ամենամոտ ապագաում երևանյան երկնաքերի ներդրումային ծրագրով կզեկուցեն օտարերկրյա ներդրումների ընդգրկման ոլորտում ունեցած վիթխարի հաջողությունների մասին, պատասխանելով նրանց քննադատությանը, ովքեր կասկածի տակ են առնում երկրում տիրող ներդրումային կլիմայի նպաստավորությունը։ Իբր՝ երկնաքերի 270-մլիոնանոց նախագիծը լավագույն պատասխանն է հակահեղափոխական չար լեզուների դժգոհութուններին։ Միայն թե խոսել, չի նշանակում՝ անել։

Մեկ տարի առաջ Երևանում իշխանության հավակնորդները նույնպես խոսում էին մայրաքաղաքի մետրոպոլիտենի զարգացման աննախադեպ ծրագրերի, քաղաքային շենքերը ժամանակակից նոր վերելակներով ապահովելու, տրանսպորտային ցանցի արդիականացման մասին… Այսօր, ընդամենը մեկ տարի անց, իշխանությունը չգիտի, թե ինչպես լուծել աղբահանության հարցը։ Ասենք, աղբը ճղճիմ ու տաղտկալի բան է։ Այլ հարց է երկնաքերը։ Թեկուզ իրատեսական չէ, թեկուզ իռացիոնալ է, բայց փոխարենը տպավորիչ է, գեղեցիկ ու աննախադեպ… Լոկ խոսքերով։

Основная тема:
Теги: