ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՄԻՋԱԿ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արդեն երկար ժամանակ կառավարությունն իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով նախանձելի մշտակայությամբ զեկուցում է զբոսաշրջության ոլորտում երկրի հաջողությունների մասին։ Անարդարացի կլիներ չընդունել, որ ի տարբերություն մի շարք այլ ոգևորիչ «զեկույցների», տուրիզմին վերաբերողները մերկախոս չեն, հաստատված են վիճակագրական տվյալներով։ Իսկ եթե շրջես մայրաքաղաքի փողոցներում, դեմառդեմ հանդիպես զբոսաշրջիկների ամբոխների, ապա ներկայացվող թվային ցուցանիշների վերաբերյալ կասկածների առիթ չի մնա։
Բայց, նույնիսկ դրանով հանդերձ, գործադիր իշխանությունն իր մեկնաբանություններով հաջողացնում է ամեն ինչ փչացնել, հասարակայնությանը հրամցնելով մաթեմատիկական անլուծելի խնդիրներ։ Ամենայն հավանականությամբ, դա միջակ ուղեղների համար չէ, բայց այդուհանդերձ կցանկանայինք հասկանալ, օրինակ, թե ինչպես կարող է 880 դոլարը հավասարվել 1400 դոլարի։ Պարզվում է, որ դա հնարավոր է։
Վերջերս կառավարության նիստում ՀՀ ԿԲ ղեկավարը հաղորդեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 85 հազարով ավելին է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ նրանք 120 միլիոն դոլար ավելի են ծախսել, քան 2018-ի առաջին կիսամյակում։ Նա հաղորդեց նաև այն մասին, որ 2013 թվականին անցկացվել է հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, թե որքան էր ծախսում Հայաստանում յուրաքանչյուր զբոսաշրջիկն այն ժամանակ։ Այդ թիվը կազմել էր միջինը 730 դոլար, իսկ այ ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է 880 դոլար։
Ամեն ինչ կարծես թե համոզիչ է, կա թերևս միայն մեկ անհամապատասխանություն։ Եթե 85 հազար հավելյալ զբոսաշրջիկները ծախսել են 120 միլիոն հավելյալ դոլարներ, ապա ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում թողել է միջին հաշվարկով 1400 դոլար։ Մինչդեռ հետազոտությունները ցույց են տալիս 880 դոլար։ Այդ ինչպե՞ս պետք է կլորացնես թվերը, որ հավասարություն ստանաս 880-ի և 1400-ի միջև…
Այնինչ այդ ցուցանիշն առավել քանկարևոր է։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանը թողնենք վերջում։ Իսկ առայժմ… Մի քիչ թվեր, պաշտոնյաների հնչեցրած մի քիչ խոսքեր և մի քիչ տրամաբանություն։
Օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հաղորդեց, որ Հայաստան կատարած զբոսաշրջային այցելություններից ստացվող ամենամյա եկամուտը կազմում է 1 միլիարդ 200 միլիոն դոլար, որի 45%-ը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների հաշվին։ Դա նշանակում է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում ծախսում են տարեկան մոտ 540 միլիոն դոլար։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարի Հայաստան այցելել է 525 հազար զբոսաշրջիկ, ապա ստացվում է՝ միջինը 1028 դոլար։ Սա, նկատենք, ավելին է քան հետազոտությունների արդյունքում ստացած այն 880 դոլարը, ինչը, ասենք ուղղակի, տարօրինակ է։
Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Հարցն այն է, որ նույն ռուսաստանցի զբոսաշրջիկները, օրինակ՝ Թուրքիայում, նախընտրելով «ամբողջը ներառված է» ձևաչափը, ծախսում են միջինը 485 դոլար։ Իսկ ընդհանրապես զբոսաշրջության առումով, պետք է ընդունել, շատ զարգացած Թուրքիայում օտարերկրյա յուրաքանչյուր զբոսաշրջիկ թողնում է միջինը 630 դոլար։ Այս թվերի խորապատկերին, անկեղծ ասած, տրամաբանությունը դիմադրում է հավատալ այն բանին, թե Ռուսաստանից եկած հյուրերը նախընտրում են գրեթե երկու անգամ ավելի մեծ գումար ծախսել Հայաստանում, քան ծովափնյա էժան հանգստավայրեր ունեցող Թուրքիայում։
Տրամաբանությունը ստիպում է մեծապես կասկածել նաև նրանում, թե վերջին 5 տարիներին Հայաստանում զբոսաշրջիկի ծախսերի միջին ցուցանիշն ավելացել է։ Հիշեցնեմ վերը նշված հետազոտությունը. 2013 թվականին միջին վիճակագրական զբոսաշրջիկը մեզ մոտ թողնում էր 730 դոլար։ Իսկ այժմ՝ 880 (ԿԲ-ի վարկածներից մեկով), 1400՝ ԿԲ-ի այլ վարկածով, և 1028 դոլար թողնում է ռուսաստանցի զբոսաշրջիկը՝ Էկոնոմիկայի նախարարության վարկածով։ Այստեղ պետք է ուշադրության առնել նաև այն, որ վերջին տարիներին երկրում հայտնվել են էկոնոմ կարգի բազմաթիվ նոր հյուրանոցներ, «հոսթելներ», լայն տարածում են ստացել բնակարանների վարձակալումը զբոսաշրջիկների կողմից և էժան հյուրատները։ Ըստ էության, հաշվի առնելով այս և մի շարք այլ համանման գործոնները, Հայաստանում զբոսաշրջությունը արտասահմանցիների համար պետք է էժանանար։ Մինչդեռ դա, ինչպես պնդում են պաշտոնյաները, չգիտես ինչու թանկանում է։ Այս ֆենոմենի ըմբռնումը նույնպես, ըստ երևույթին, միջակ ուղեղների համար չէ։
Այժմ՝ Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերի ցուցանիշները իրապես հաշվարկելու կարևորության մասին։ Մեկ ամիս առաջ, ոգևորվելով տուրիստական աճի ցուցանիշներց, վարչապետը բարի լուր հաղորդեց համաքաղաքացիներին. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա զբոսաշրջիկները Հայաստանում թողել են 120 միլիոն դոլարով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ հավելեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինը ունենալու հայտ ներկայացնել»։ Ահա ուրեմն, կցանկանայինք իմանալ այդ բաժնի կոնկրետ չափը։ Հենց թեկուզ շահախնդիր նկատառումներով։