ՆԻԿՈԼԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ, կամ Ո՞Վ ԿՓՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Անօգուտ հռետորաբանություն
2000թ. հոկտեմբերի 5-ին ընկավ Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմը, 2003թ. նոյեմբերին «վարդերի հեղափոխությունը» տապալեց Էդուարդ Շևարդնաձեին։ Այնուհետ բռնկվեց «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում, դրան հաջորդեց բռնության պայթյունը, որը ստիպեց հրաժարական տալ Ղրղզստանի նախագահին, այնուհետ ապստամբություն սկսվեց ուզբեկական Անդիժան քաղաքում։ 2008թ. մարտի 1-ին այդ ալիքը հասավ Հայաստան և կասեցվեց։ Այն ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ գունավոր հեղափոխության ծաղրանմանակումն անհնար է այն երկրում, որտեղ զինվորական էլիտան խաղում է բնավ ոչ վերջին դերը։
Հենց այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը միանգամից մեղադրանքներ ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Այնուհետ՝ պաշտպանության նախկին նախարար գեներալ Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովին, ինչի հետևանքով վերջինս ստիպված էր հեռանալ պաշտոնից։ BBC-ի պատվիրված նյութից հետո սկսեցին խոսել գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հնարավոր կալանավորման մասին, որին փորձում էին մեղադրել այն բանում, թե իբր ղեկավարել է ցուցարարների գնդակահարումը 2008թ. մարտի 1-ին։
Դրանից հետո տեղի տվեցին «Երկրապահի» նախագահ Սասուն Միքայելյանի նյարդերը։ Պատասխանելով Կարապետյանի հնարավոր կալանավորման մասին լրագրողի հարցին, նա վճռականորեն դեմ արտահայտվեց իրավիճակի նման զարգացմանը, այլ կերպ ասած՝ անհամաձայնություն արտահայտեց Նիկոլի գլխավոր ուղեգծին։ Ամուլսարի հետ կապված պատմությունից հետո ակներև դարձավ, որ իշխանության ճամբարում թափ է առնում մի գործընթաց, որը քաղաքագետների լեզվով բնորոշվում է որպես կողմնակիցների նահանջ։ Վայոց Ձորն ընդգրկած բողոքի ալիքը ցույց տվեց, որ եթե Ամուլսարի շահագործման հարցում կառավարությունը ժողովրդին անհաճո որոշում ընդունի, ապա դա կարող է խթան դառնալ նոր հեղափոխության համար, որը 2018թ. իրադարձություններից հետո միանգամայն հնարավոր է։
Զինվորական էլիտան արդեն կորցրել է ծանրակշիռ դերը հասարակության մեջ, իսկ Նիկոլի հրոսակախմբի ջանքերով երկիրը զրկվել է պատվիրված փողոցային ապակայունացումների դեմ իմունիտետից։ Իսկ այն, որ այդպիսի պատվերը որոշակի հանգամանքների առկայության դեպքում իրեն սպասեցնել չի տա, ոչ մեկի մոտ կասկածներ չի հարուցում։
Փաշինյանը գործի դրեց իր ողջ պերճախոսությունը, սակայն Ջերմուկի բնակիչների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նա արդեն չունի այն ազդեցությունն ամբոխի վրա, որ ուներ դեռ մեկ տարի առաջ, երբ իր ամեն բառը արժանանում էր զանգվածների բուռն հավանությանը։ Այդ կախարդանքն այլևս չի գործում։
«Մեզ փրկե՛ց Կարեն Սերոբիչը»
Այսօր Ջերմուկում բոլոր անուններից առավելագույն ժողովրդականություն է վայելում լուսահոգի Կարեն Դեմիրճյանի անունը։ Բնակիչները շարունակ մտաբերում են, թե ինչպես ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի նախաձեռնությամբ անցկացվեցին համապատասխան հետազոտություններ, սակայն Ամուլսարի շահագործումից որոշվեց հրաժարվել՝ էկոլոգիական աղետից խուսափելու համար։
«Այն ժամանակ մեզ փրկե՛ց Կարեն Սերոբիչը»,- կրկնում են Ջերմուկի և շրջակա գյուղերի բնակիչները։
Հիրավի, քաղաքական գործիչները ժողովրդի հիշողության մեջ մնում են իրենց գործերի շնորհիվ։ Իսկ բացի այդ, մարդիկ ասում են, որ ստիպված կլինեն շտապ լքել իրենց տները, որպեսզի փրկեն երեխաների առողջությունը թունավորված հողից ու ջրից։ Նիկոլի այցից հետո Վայոց Ձորի բնակիչները սկսել են կապել ճամպրուկները. շատերը համարում են, որ հանքավայրի շահագործման հարցն արդեն վճռված է։
Հանքի մշակումը նախատեսում է պայթեցման աշխատանքներ, որոնց արդյունքում Ջերմուկի և շրջակա համայնքների վրա տոննաներով փոշի կնստի։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ազգընտիր վարչապետը պատրաստ իրենց զոհ մատուցել «Լիդիանի» շահերին։ Եթե իշխանությունը դեմ գնա ժողովրդի կամքին, ապա ժողովուրդը ոսկու հանքավայրի շահագործմանը կարող է պատասխանել նոր հեղափոխությամբ։
Նիկոլը դրանից վախենում է ամենից առավել։ Անցած տարվա թորվածքի փողոցային այլանդակությունների կազմակերպիչը վերջապես հասկացավ, որ իրական քաղաքականության օրենքներով՝ շշից բաց թողած ատելության ջինը պետք է առաջին հերթին կուլ տա հենց նրան, ով արձակել է իրեն։ Կառավարությունը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շուրթերով շտապ հայտարարեց, որ այս տարի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց չի կայանա. իշխանությունն այդ կերպ որոշեց ժամանակավորապես մարել անկայունության օջախներից մեկը, սակայն Ամուլսարի շուրջ տիրող իրավիճակը դրա արդյունքում չդադարեց բարդ լինելուց։ Միայն այդ օջախն էլ բավական է հեղափոխական իրադրության առաջացման համար։
Նիկոլը վախենում է, որ հանքի հետագա մշակումից հրաժարվելու դեպքում իրեն սպասում է տհաճ հաշվեպարզում օտարերկրյա գործընկերների հետ։ Այդ հրաժարումը կհակասի Հայաստանը հումքային հավելուկի վերածելու Արևմուտքի ծրագրին…
Ջերմուկ այցելելուց անմիջապես հետո Փաշինյանը խորհրդակցություն հրավիրեց Ծաղկաձորում, որտեղ արձանագրեց, որ թիմը, որին ինքը բերել է իշխանության, դավաճանեց իրեն, որ զինակիցները չաջակցեցին իրեն Ամուլսարի հարցում։ Հիշեցնեմ, որ հանքավայրի շահագործմանը դեմ են արտահայտվել վարչապետի ավելի քան 20 զինակիցներ, ինչը պառակտում է առաջացրել «Իմ քայլը» խմբակցությունում, իսկ մամուլը սկսել է խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սպառնացող խմբակցականության մասին։
Մետաղի արդյունահանման 28 հանքերը Հայաստանի պես փոքրիկ երկրի համար ակնհայտորեն ծայրահեղ շատ են. գուցե արդեն ժամանակն է դադարեցնե՛լ երկիրը ուռուցքաբանական մեծ կլինիկայի վերածելու գործընթացը։ Հանուն այդ նպատակի միանգամայն կարելի է իրականացնել ևս մեկ հեղափոխություն։ Այն ժամանակ Հայաստանը փրկեց Կարեն Դեմիրճյանը։ Իսկ ո՞վ կփրկի այս անգամ։