Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք դիմել են վարչապետին` ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:

«ՀԱԱՊ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև ՀՀ տնտեսության զարգացման համար»,–նշված է հայտարարության մեջ:

ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ։ Իսկ դեպի ծրագրի տարածք տանող ճանապարհները, ըստ նրանց, շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի:

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիանի» կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»,–նշում են նրանք։

Միաժամանակ հայտնում են, որ ունեն նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հայտնում է նաև, որ անհանգստացած են Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: «Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները ազդարարում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի»,–նշում են նրանք:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ամփոփում է իր հայտարարությունը` նշելով, որ համոզված է` «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազդեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա ու խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: