Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ԱՌՆՎՈՒՄ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԱՍԵԼՈՎ

ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։

«Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչ նշաններով է Հայաստանի վարչապետը որոշել, որ Վաշինգտոնում գիտակցել են Իրանի կարևոր դերը Հայաստանի համար, մնում է հանելուկ։ Ասենք, հանելուկ է մնում նաև այն, թե ինչ է նկատի առնվում տվյալ հարցում «հայ դիվանագետների հաղթանակ» ասելով։ Անկեղծ ասած, հիմքեր կան ենթադրելու, որ իրավիճակը ճիշտ հակառակն է։ Ներկայացնենք այդ հիմքերը։

Ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի հետ կապված երկու ընկերությունների նկատմամբ։ Խոսքը հայկական Flight Travel LLC ընկերության մասին է, որն իրանական Mahan Air ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Երևանում, և բուն Mahan Air-ի։

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց ընդդեմ հայկական երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵԿՄԳՀԻ)։ ԱՄՆ-ի առևտրի նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ այդ ընկերությունները ներառված են այն ընկերությունների ցուցակում, որոնք, համաձայն հավաստի տվյալների, վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար կամ զբաղվում գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ-ի շահերին կամ արտաքին քաղաքականությանը։ «ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ, որոնք ներառված են ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի առևտրային վերահսկողության ցանկում։ Ընդ որում ՝ ԵԿՄԳՀԻ -ի գործադիր տնօրենը ղեկավարում է նաև սև ցուցակում ընդգրկված հայկական մյուս՝ «Մարկել» ՓԲԸ ընկերությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Այդտեղ հավաստիացվում է, թե «Մարկել» ՓԲԸ-ն բիզնես է վարում ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական կազմակերպության հետ»։

Ինչևէ, ակնհայտ է, որ Վաշինգտոնում, ինչպես ասում են, իրենց ոչ մի բանից չեն զրկում, երբ խոսքը վերաբերում է հակաիրանական պատժամիջոցներին։ Եվ առավելևս Հայաստանի շահերը հաշվի չեն առնում այն ժամանակ, երբ ցանկանում են իրենց ոչնչից չզրկել։

Ի դեպ, ուշագրավ նրբերանգ։ Այս տարվա հուլիսին հայկական խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում եղած ժամանակ հաղորդեց իր գործընկերներին, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում։ «ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրեր Հայաստանի վրա Իրանի դեմ պատժամիջոցների չընդունված օրակարգերի պատճառով։ Հայաստանը չի կարող այդպիսի գին վճարել»,- ասաց ամերիկացիներին Արարատ Միրզոյանը այս տարվա հուլիսին։

Իսկ արդեն օգոստոսին, բառացիորեն մեկ ամիս անց, ամերիկյան պատժամիջոցային ցուցակում հայտնվեցին իրանական գործընկերների հետ համագործակցության մեջ «մերկացված» հայկական երկու ընկերություններ։ Հենց սա՞ է Վաշինգտոնի կողմից Հայաստանի օբյեկտիվ խնդիրների ըմբռնումը։ Հենց սա՞ է Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորության գիտակցումը ԱՄՆ-ի կողմից, ինչի մասին (գիտակցման) այսօր խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Վերջապես, հենց սա՞ է հայկական դիվանագիտության հաղթանակը տվյալ նրբաբնույթ հարցում։ Եթե սա հաղթանակ է, ապա Երկրագունդը խորանարդ է։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ցանկության դեպքում կարելի է բացատրել հայոց վարչապետի առանձնահատուկ լավատեսությամբ։ Բայց այստեղ կա մի հանգամանք, որն այնուամենայնիվ չի կարող չանհանգստացնել։ Բանն այն է, որ Nouvelle d'Arménie-ին տված հարցազրույցով Փաշինյանը, ըստ էության, մեսիջներ հղեց այդ թվում նաև ամերիկյան գործընկերներին։ Եվ մեսիջում հաղորդվում է, որ հայկական կողմը գոհ է Իրանի դեմ ԱՄՆ-ի այն պատժամիջոցային քաղաքականությունից, որի առաջացրած «ցնցումները» զգացվում են Երևանում։

Եվ դա արվում է հայկական կառավարության ղեկավարի ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին։ Սա նշանակում է, որ այցի ընթացքում հայկական կողմը դժվար թե ևս մեկ անգամ կոչ անի ամերիկյան գործընկերներին ըմբռնումով մոտենալ մեր օբյեկտիվ խնդիրներին, Իրանի հետ հարաբերությունների մեր օբյեկտիվ զարգացմանը։ Օբյեկտիվ՝ առնվազն այն պատճառով, որ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ Թուրքիան տասնյակ տարիներ իրականացնում է Հայաստանի շրջափակում, ինչը վաղուց անայլընտրանքային է դարձրել հայ-իրանական հարաբերությունների զարգացումը։

Основная тема:
Теги: