ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՍԱՐՔ ՉԷ
Ահա արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կենսագործունեության մեջ միացած է դադարի ռեժիմը։ Դա նկատելը դժվար չէ գործնականում բոլոր ոլորտների օրինակով. հասարակական-քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական։
Հրատապ օրակարգում են հարցերի և խնդիրների ահռելի զանգվածը, ծանուցված խնդիրներն ու նպատակները, իսկ այ լուծումների առումով, ասենք ուղղակի, ակնհայտ դեֆիցիտ է։ Գործողությունների, քայլերի, միջոցների և միջոցառումների դեֆիցիտ, որոնք կոչված են վերջակետ դնել պետական և հասարակական շահերին վերաբերող բազմաքանակ նախադասություններին։ Դա որակի դեֆիցիտն է այն իշխանության, որն ի վիճակի չէ որոշումներ ընդունել, առավելևս բարդ իրավիճակներում։ Մերկախոս չգտնվենք և «նոր» Հայաստանում բարձրացված հիմնական հարցերի մի փոքրիկ «գույքագրում» անցկացնենք։ Խոսքառատ էլ չենք լինի՝ մեկնաբանությունների առումով։ Պարզապես կսահմանափակվենք դադարի տակ դրված թեմաների թվարկմամբ։
*Ամուլսարի շահագործման խնդիրը. իշխանությունը դադար վերցրեց շահագործման թույլտվություն հատկացնելու հարցում, չասելով այո կամ ոչ։
*Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված խնդիրը. իշխանությունը դադար վերցրեց մինչև եկող տարի, ձեռնպահ մնալով մեզ համար այդ փաստաթղթի ընդունելիության կամ անընդունելիության վերաբերյալ հարցին հստակ պատասխան տալուց։
*Տնտեսական հեղափոխությունը. իշխանությունը հայտարարեց այն սկսելու մասին, բայց դադար վերցրեց, հեղափոխության երկրորդ փուլ հայտարարելով մեկ այլ՝ դատաիրավական ոլորտում։
*Դատաիրավական հեղափոխությունը. իշխանությունը հայտարարեց դա սկսելու մասին, ասպարեզ նետեց, մասնավորապես, վեթինգի գաղափարը և… դադար վերցրեց։
*Գազի սակագները. իշխանությունը հայտարարեց այդ ուղղությամբ բանակցությունների մասին, բայց մինչ օրս դրանք շարունակվում են, իսկ խնդիրը մնում է դադարի ռեժիմում։
*Կոռուպցիան. իշխանությունն աշխուժորեն ձեռնմուխ եղավ կոռուպցիոներների մերկացմանը, հասարակական կարծիքին նետեց սենսացիոն «փաստեր», բայց մինչև օրս դրանցից ոչ մեկի գծով դատավճիռ չկա։ Նույնպես դադարի ռեժիմ է։
*Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը. իշխանությունը ձեռնարկեց այդ գործընթացը, բայց դադար վերցրեց ընթացքում։ Մինչև հիմա պետապարատում պահպանվում է միանման գործառույթների կրկնվողականությունը։
Այս ցանկը կարելի է համալրել բազմաթիվ տասնյակների հասնող այլ կետերով։ Բայց եզրահանգումը ամեն դեպքում մեկն է. Այս իշխանությունը չի կարողանում, ի վիճակի չէ և չի ցանկանում ընդունել բարդ որոշումներ և պարզապես անջրպետվում է դրանցից։ Այն որոշումներից, որոնք պահանջում են կամք, գիտելիքներ, վերլուծելու և կանխատեսելու ունակություն, արդյունքը և հետևանքները հաշվարկելու կարողություն։ Խոսքը, կրկնում եմ, հենց բարդ խնդիրների մասին է։ Իսկ պարզ խնդիրները, իհարկե, լուծվում են ասֆալտին պառկեցնելու միջոցով, միտինգներում բոցաշունչ ճառեր արտասանելով և քարոզչության ջանքերով։
Երբ խոսք է բացվում գործող իշխանության անձեռնհասության մասին, դրա կողմնակիցները բառացիորեն հարձակվում են քննադատների վրա կշտամբանքով, թե իբր՝ մի՛ խանգարեք մարդկանց աշխատել, ժամանակ է պետք, կաշխատեն՝ կսովորեն։ Բայց… Արդեն ավելի քան մեկ տարի է անցել, ինչ նոր իշխանության ներկայացուցիչները սովորում են, ընդ որում՝ անարդյունք, քանզի այդպես էլ չսովորեցին երկրի համար կարևոր որոշումներ ընդունել։ Չհետաձգել դրանք անորոշ ժամանակով, այլ կոնկրետացնել իրենց հստակ դիրքորոշումը։ Բացի այդ, պետությունը մարզասարք չէ, որը կարելի է դնել դադարի ռեժիմի և գնալ հերթական միտինգի։