ԵՐԿՈՒՍԸ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ, ԹԵ՞ ԵՐԿՈՒՍԸ ԳԵՏԱՇԵՆԻՑ
Սեպտեմբերի 6-ին ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, որ երբեմնի հայկական Գետաշեն գյուղում ձերբակալվել են ծագումով հայ ՌԴ երկու քաղաքացիներ, ենթադրաբար՝ ամուսիններ։ Համաձայն բավական ժլատ տեղեկատվության, նրանք Ադրբեջան են եկել որպես զբոսաշրջիկներ և կանգ առել Գյանջայում (Գանձակ)։ Ձերբակալելով, նրանց տարել են Գյոյգյոլ շրջկենտրոն, մեղսագրելով լրտեսություն. ամուսինները, նախնական տեղեկատվությամբ, ֆոտոլուսանկարահանումներ էին անցկացնում Գետաշենում։
Հիշեցնենք, որ խոսքը փառապանծ պատմություն ունեցող նշանավոր գյուղի մասին է. Գետաշենը հայկական խոշորագույն գյուղերից էր, որոնք XX դարասկզբին խլվեցին Հայաստանից։ Հենց այդ գյուղը 1991 թվականի ապրիլի 30-ին դարձավ հայկական գյուղերի խաղաղ բնակչության դեմ Կրեմլի և Խորհրդային բանակի լայն աջակցությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ձեռնարկած «Կոլցո» ռազմական-ահաբեկչական գործողության առաջին թիրախը։ Գետաշենի հերոսական պաշտպանությունն այդուհանդերձ դատապարտված էր՝ բանակային ստորաբաժանումների, տանկերի և օդուժի հզոր աջակցության պատճառով։ Մայիսի 7-ին բնիկ հայերի բռնի տեղահանումը, որն ուղեկցվում էր դաժան սպանություններով, բռնությամբ, պատանդառությամբ, խոշտանգումներով ու ծանակումով, հանգեցրեց Արցախի հյուսիսային դարպասը հանդիսացող գյուղի բացարձակ ամայացմանն ու բռնազավթմանը Ադրբեջանի կողմից։
Ուրբաթ օրը հայտնված հաղորդագրությունը տարածեցին լրատվական բազմաթիվ կայքեր, սակայն սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն դեռ չկար. Բաքվից չէին հաստատում, բայց չէին էլ հերքում լուրը։ ԶԼՄ-ներում արծարծվում են որոշ մանրամասներ և արտահայտվում վարկածներ։ Այսպես, համացանցի հայ օգտվողները ենթադրում են, որ ամուսինները ժամանակին ապրել են Գետաշենում և ներկայումս, ավելի քան 28 տարի անց, որոշել են գնալ հարազատ գյուղ ու լուսանկարել իրենց սրտին թանկ վայրերը։ Ամենայն հավանականությամբ, նրանց պահվածքը տարօրինակ է թվացել տեղի բնակիչներին, որոնք էլ տեղեկացրել են համապատասխան մարմիններին։ Ենթադրվում է նաև, որ նրանք կարող էին Ադրբեջան մտնել ռուսականացված ազգանուններով, քանզի, ինչպես հայտնի է, հայկական ազգանուններով մարդկանց մուտքն Ադրբեջան արգելված է. բացի այն անձանցից, որոնց հատուկ են տանում այդ երկիր՝ քարոզչական շոու կազմակերպելու նպատակով։
Որոշ մանրամասներ հաղորդեց Ադրբեջանական Turan գործակալությունը։ Նշելով, որ իրավապահ մարմիններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում երկու հայերի կալանավորման մասին հաղորդագրությունը, գործակալությունը մեջբերում է Բաքվում ՌԴ դեսպանության մեկնաբանությունը։ Այնտեղից հաղորդել են, որ ստուգում են տեղեկատվությունը, թեև պաշտոնական հաստատում չեն ստացել։ «Ամուսնական զույգը Ռուսաստանից մեկնել է Գյանջա, իսկ այնտեղից՝ Չայքենդ գյուղ, որտեղ նախկինում հայեր են ապրել»,- գրում է Turan-ը, նշելով նաև, որ նրանք ձերբակալվել են «կասկածելի պահվածքի» պատճառով։ Արժանահավատ աղբյուրների վկայակոչումով հաղորդվում է, որ «ստուգումից և պրոֆիլակտիկ զրույցից հետո ձերբակալվածներին ազատ կարձակեն»։ «Ձերբակալության պատճառ է դարձել հայերի ներկայությունը առաջնագծից անմիջական հեռավորության վրա, որտեղ գործում է պատերազմական ժամանակի հատուկ ռեժիմ»,- ասվում է հաղորդագրությունում։
Գետաշենն իսկապես գտնվում է սահմանամերձ գոտում, և օտարների հայտնվելը, որոնք ընդ որում լուսանկարում էին, բնականաբար չէր կարող կասկածներ չառաջացնել։ Բարդ է դատել, չունենալով ստույգ տեղեկատվություն, բայց առաջվա պես զարմացնում է ռուսաստանցի հայերի մի մասի միամտությունն ու բացարձակ անտեղյակությունը, որոնք չեն գիտակցում Ադրբեջան ուղևորվելու ողջ վտանգավորությունը։ Նույնիսկ եթե մի կողմ թողնենք 30 տարվա վաղեմության իրադարձությունները, նրանց ոչինչ չսովորեցրեց Մարատ Ուելդանով-Գալուստյանի հետ կապված հանրահայտ պատմությունը, ինչպես նաև վերջին տարիների բազմաթիվ այլ միջադեպեր, երբ ձերբակալվել ու վտարվել են այլ երկրների ծագումով հայ քաղաքացիներ։ Պետք է ենթադրել, որ այդ մարդիկ տեղյակ չեն նույնիսկ վերջերս բռնկված սկանդալի մասին՝ կապված Հենրիխ Մխիթարյանին և հայկական ազգանունով անգլիական ֆուտբոլասերներին Բաքու չթողնելու հետ։
Մինչդեռ, ինչպես Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հաղորդեց Ադրբեջանի գծով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, սոցցանցերի ադրբեջանական մասնահատվածը լի է անթաքույց չարությամբ և ամուսինների հետ հաշվեհարդար տեսնելու ռասիստական կոչերով։ Օգտվողները վրդովվում են. իբր՝ ինչպե՞ս են համարձակվել գալ Ադրբեջան, և պահանջում են սպանել, գնդակահարել, պատժել և այլն, հիմնականում այդպիսին է մեկնաբանությունների բովանդակությունը։ Հովհաննիսյանի խոսքերով, նշվում է կնոջ անունը՝ Զաքարյան Մարգարիտա Գրանովնա (հնարավոր է՝ Հրանտովնա), սակայն դա ոչ մի կերպ չի հաստատվում։ Բնականաբար, Հայաստանը գործնականում լծակներ չունի իրավիճակի վրա ազդելու համար, և այստեղ վճռորոշ խոսքը մնում է Ռուսաստանին, որի քաղաքացիներն են ամուսինները, նշեց փորձագետը։
Մեր կողմից հավելենք, որ կանխագուշակել իրադարձությունների հետագա զարգացումը բավական բարդ է. գլխավոր գործոնն այստեղ, անկասկած, կլինի քաղաքականը, մասնավորապես՝ այն հարցը, թե կհանդգնի արդյոք Ադրբեջանը կրկին գնալ սրացման, փորձելով Մոսկվայի համբերատարությունը, քանզի կցանկանա ինչ-որ բան ստանալ «լրտեսների» անարգել ազատման և վտարման դիմաց։ Մի քանի օր ձգվող լռությունը հավանաբար վկայում է այն մասին, որ Բաքվում առայժմ չեն կողմնորոշվել, թե ինչ անեն։ Մյուս կողմից՝ պարզ է, որ ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկատվությանը պետք է ինչ-որ կերպ արձագանքել, այնպես որ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել պաշտոնական հաղորդագրությունների։
Նշենք այս պատմության եվս մեկ տեսանկյուն. հայկական մի շարք ԶԼՄ-ների պահվածքը։ Ցավոք, որոշ կայքեր կրկին գնացին ադրբեջանական աղբյուրների պարզունակ և անմիտ «քոփի-փասթի» ճանապարհով, նրանց օրինակով անվանելով գյուղը «Չայքենդ» և չնշելով դրա պատմական անվանումը՝ Գետաշեն։ Չենք խոսում արդեն այն մասին, որ համառոտ նշեին գյուղի բռնազավթման հանգամանքները։ Պատահական չէ, որ այդպիսի կայքերի անգրագիտությունը, հայ ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության մասին նույնիսկ մակերեսային գիտելիքների բացակայությունը, մասնագիտական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը լայն քննարկումների առարկա են դարձել սոցցանցերում։
Ընդ որում, ինչպես նշում են օգտվողները, ադրբեջանական media.az կայքից ամբողջությամբ պատճենված, «Չայքենդով» հանդերձ, տեղեկատվությունն առաջինը հրապարակել է ՀՀ վարչապետի կնոջ ղեկավարած «Հայկական ժամանակ» կայքը, որտեղից էլ դա վերատպել են մյուսները։ Իսկ նրանք, ովքեր լուրը վերցրել են Razm.info կայքից, դա շարադրել են գրագիտորեն, նշելով հայկական գյուղի իրական անվանումը։ Ճիշտ է, քննադատությունից հետո «Հայկական ժամանակի» հրապարակումը կայքից անհետացավ…