ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ

Ամուլսարի հարցում վարչապետին ձայնակցողները գործի անցան

«Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին

Հանկարծ պարզվեց, որ Հայաստանի տնտեսական անվտանգությունը շատ ավելի կարևոր է, քան էկոլոգիականը։ Պարզվում է, որ հանքավայրի շահագործման արգելանքի արդյունքում թերստացած ներդրումների և արբիտրաժային տուգանքների մասին տեսական մտորումները գերակշռում են Սևանա լճի թթվուտային վարակման գլոբալ սպառնալիքից, չենք խոսում արդեն այլ վտանգների մասին։ Հընթացս վարչապետի թելադրանքով պատասխանատու հայտարարություն է արվում ՇՄԱԳ-ը (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական) անվավեր ճանաչելու իրավական հիմքերի բացակայության մասին, թեև ինչպես ELARD-ի հետազոտության մեջ, այնպես էլ Հ.Բրոնոզյանի խմբի ավելի վաղ հրապարակած վերլուծական զեկույցում այդպիսի հիմքերն առավել քան բավարար են։

Վարչապետին ձայնակցելով սկսեց խոսել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ոչ վաղ անցյալում մեր գործընկեր լրագրող Բաբկեն Թունյանը։ «Եթե սեփական օրենքներին, միջազգային օրենքներին հակասող քայլ է արվում, դա կարող է անշրջելի հետևանքներ ունենալ բոլոր առումներով։ Եթե առանց իրավական հիմքի մենք նման որոշում ենք կայացնում, դա Հայաստանը կարող է տանել ուղղակի դեֆոլտի»,- կտրականորեն հայտարարեց նա։

Այսինքն, ըստ Թունյանի, մեծ ռիսկեր պարունակող ոսկու հանքավայրի շահագործման արգելանքը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, իսկ Սևանի երկարաժամկետ, բազմադարյա թթվուտային աղտոտումը՝ ո՞չ։ Միաժամանակ նա վախեցրեց արբիտրաժային տուգանքների, ներդրողների վստահության առումով, թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ, փորձառու ներդրող և խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը դա համարում է իսկական անհեթեթություն։

«Բայց որևէ մեկը հարց չի տալիս՝ 400 միլիոն, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 միլիոն դոլարը ինչ է, ի՞նչ է՝ երկու պոչամբար են սարքել (նկատի են առնվում կույտային տարալվացման տարածքները- Խմբ.), 50 հատ տեխնիկա են բերել, ո՞նց կարող է 400 միլիոն․․․ 400 միլիոնով, ասենք թե, կարելի է մոտավորապես մի 10 հատ գործարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի, բայց 50 հատ տեխնիկա է, երկու հատ էլ պոչամբար, ի՞նչ է արված: Ես կողքից՝ որպես Հայաստանի քաղաքացի, նայելով, չեմ էլ գնացել, երկու հատ պոչամբար է քանդած, մի 40-50 հատ էլ տեխնիկա կա, դա պետք է լինի մի 30 միլիոն։ Այս հարցը ոչ ոք չի տվել ընկերությանը»,-խորհրդարանում հայտարարեց Ծառուկյանը լրագրողներին։

Այսպիսով, «Լիդիանի» ահռելի ներդրումները ոչ ավելին են, քան հեքիաթ քաղաքացիներին հիմարացնելու համար, և հասկանալի է, որ եթե բանը հասնի Արբիտրաժային դատարանին, ապա կանցկացվի առկա ներդրումների աուդիտ, և հաստատ կպարզվի, որ դրանք էականորեն ուռճացված են շահագրգիռ ընկերության կողմից։

Իսկ ինչ վերաբերում է պրն. Թունյանի այն հայտարարությանը, թե ոսկու հանքավայրի շահագործման արգելանքը բացասաբար կազդի հավանական ներդրողների վրա, ապա դա էլ փաստ չէ. ներդրողները, հակառակը, վստահությամբ են համակվում այն կառավարության և այն երկրի նկատմամբ, որտեղ պաշտպանվում են անվտանգ կյանքի բնակչության իրավունքները, այլ ոչ թե ցանկացած մեթոդներով առաջ մղվում այսրոպեական խորշելի որոշումներ, իսկ հետո՝ ինչ լինում է լինի։ Եվ ընդհանրապես գործընկերներս հիշում են, թե ով էր Բաբկեն Թունյանը «թավշե հեղափոխությունից» առաջ և ինչպես էր ԶԼՄ-ներից մեկում ամեն կերպ լոբբինգավորում «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը։ Այնպես որ թող իր փչոցներով վախեցնի իր իսկ անգրագետ հարևաններին. Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որոնք գերազանց հասկանում են, թե ինչն ինչոց է։

Основная тема:
Теги: