ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ԾԵՐԵԹԵԼԻՆ ԵՎ ԶԱԽԱՐՈՎԱՆ

Ադրբեջանական քարոզչական մեքենան չի ննջում։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի իր ելույթում կրկնեց Լեոնիդ Ազգալդյանի հայտնի բառերը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», խնդիր է դրվել հասնել այն բանին, որ այդ հայտարարությունը դատապարտեն առաջին հերթին բանակցային գործընթացում ներգրավված կողմերը։ Այդ նպատակով օրերս համապատասխան հարց տրվեց Մարիա Զախարովայի ճեպազրույցում, նույն հարցով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը դիմեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին։

Եթե հավատանք աղբյուրին, ապա վերջինս ուղղակիորեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հարված է հասցնում հակամարտության կարգավորմանը և բանակցային գործընթացին։ «Այդպիսի հայտարարությունները, որոնք նպատակ չեն հետապնդում հասնել առճակատման կարգավորմանը և հեռու են երկրների միջև բանակցություններում ավանդ ներդնելուց, միշտ վնասում են խաղաղ գործընթացին։ Մենք ցանկանում ենք լսել ավելի շատ կառուցողական հայտարարություններ և սպասում ենք կոնկրետ քայլերի։ Պետք է լուծել տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել։ Ցավոք, այդպիսի արտահայտությունները, որոնք հանգեցնում են տարակարծությունների և վնասում հակամարտության կարգավորմանը, խնդիր են դառնում այդ ուղղությամբ։ Հակամարտության լուծումը պահանջում է քաղաքական ուժեղ կամք։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Ծերեթելին, նորից կրկնեմ, եթե գործակալությունը ճիշտ է հաղորդում նրա խոսքերը։

Հաշվի առնելով ադրբեջանական ԶԼՄ-ների վատ սովորությունը՝ ուրիշներին վերագրելու սեփական կարծիքն ու դատողությունները, հնարավորություն տանք վրացի քաղաքական գործչին հերքել դրանք։ Եթե դա չարվի, ապա հարկ է ենթադրել, որ ամեն ինչ հենց այդպես էլ ասվել է։ Սակայն այդ դեպքում պետք է ընդունել, որ պրն. Ծերեթելին կա՛մ չի տիրապետում, կա՛մ հարկ չի համարում տվյալ դեպքում կիրառել այն, ինչը կոչվում է դիվանագիտական էթիկա և դիվանագիտական լեզու։ Այն, ինչը ծայրաստիճան անհրաժեշտ է այդչափ բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործչին։ Փորձառու պրոֆեսիոնալը, նույնիսկ դատապարտող վերաբերմունք ունենալով ՀՀ վարչապետի հայտարարության նկատմամբ, կարտահայտվեր ավելի սքողված, օգտագործելով սեփական մտքերը հաղորդելու դիվանագիտական ոլորտում ընդունված նորմերը։ Հատկապես երբ խոսքն այդչափ նրբաբնույթ հարցի մասին է։

 Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես արտահայտվեց նույն թեմայով։ Ճիշտ է, արեց դա շատ ավելի դիվանագիտորեն, քան ԵԱՀԿ ԽՎ նախագահը, չկոնկրետացնելով և ընդհանուր համատեքստից չառանձնացնելով հենց տվյալ հայտարարությունը։ Ընդունելով, որ կա ներքին հռետորաբանություն, նա նշեց, որ կողմերի հայտարարությունները պետք է ներգրվեն խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում։ «Անչափ կցանկանայինք, ներքաղաքական գործընթացի նկատմամբ ողջ հարգանքով և այն ըմբռնումով հանդերձ, որ քաղաքական կառուցվածքի ժողովրդավարական մոդելի պայմաններում մարդիկ իրավունք ունեն արտահայտվել ցանկացած թեմաներով, որ կողմերն այնուամենայնիվ հիմք ընդունեն գլխավորը՝ բոլոր ռեսուրսներն ուղղորդել խաղաղ կարգավորման շուտափույթ ձեռքբերմանը»,-նշեց նա։

Այսպես թե այնպես, մենք գործ ունենք Փաշինյանի հայտարարության դատապարտման հետ, և պետք է ընդունել, որ երկու պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, չէին կարող այլ կերպ արձագանքել հայտնի հանգամանքների բերումով։ Հարցը, կրկնեմ, լոկ ասվածի ձևն է և սեփական կարծիքն առավելագույնս նրբանկատորեն արտահայտելու կարողությունը։

Տվյալ «մեդալը», սակայն, ունի մեկ այլ, ավելի հայեցակարգային կողմ. ինչպե՞ս պետք է և ընդհանրապես պե՞տք է արդյոք արձագանքեն կարգավորման գործընթացում ներգրավված երկրներն ու կառույցները հակամարտության տարածաշրջանում արված բարձր մակարդակի հայտարարություններին և իրադարձություններին։ Եթե այո, ապա առաջանում են բազմաթիվ հարցեր։ Օրինակ, բառացիորեն երեկ հերթական հաղորդագրությունը հայտնվեց Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների և պահակետերի գնդակոծության մասին. մոտ 50 խախտում՝ ընդամենը 3 օրում։ Այդպիսի հաղորդագրություններ ստացվում են կանոնավորապես, և դրանց արդեն ոչ ոք նույնիսկ ոչ թե չի արձագանքում, այլև ուշադրություն չի դարձնում։ Նույնիսկ եթե գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ, ինչը ադրբեջանական կողմն անում է մշտապես։ Անգամ եթե այդ գնդակոծումները սպառնում են խաղաղ բնակիչների կյանքին և նյութական վնաս հասցնում գյուղերին։

Ընդգծեմ. խոսքը Հայաստանի տարածքի գնդակոծման մասին է, ինքնիշխան երկրի, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ անդամի։ Ուրեմն ինչո՞ւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելին ոչ մի կերպ չի արձագանքում և չի հայտարարում այն մասին, որ Ադրբեջանի այդօրինակ գործողությունները «վնասում են խաղաղ գործընթացին»։ Ինչո՞ւ դա չի անում ՌԴ ԱԳՆ-ը՝ ի դեմս Զախարովայի կամ ՀԱՊԿ-ի։

Իսկ եթե անդրադառնանք հայտարարություններին, ապա հիշեցնեմ, որ միայն վերջին ամիսներին են Բաքվում, ակնհայտորեն ելնելով ինչ-որ մարտավարական նկատառումներից, թեթևակի սահմանափակել ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանության օգտագործումը։ Թեև, բնականաբար, չեն հրաժարվել այդ բառապաշարից, և կասկած չկա, որ Ալիևին անհրաժեշտ պահին ամեն ինչ կվերսկսվի եռապատկված ուժով։ Այսպես, այդ երկրի ԱԳՆ-ը մշտապես հայտարարում է, թե Բաքուն իրավունք ունի ուժով լուծել Արցախի հարցը։ Նույնքան հաճախ բարձր աստիճանի հայտարարություններում հստակ հնչում է այն միտքը, որ Ադրբեջանին պետք է Արցախի միայն տարածքը՝ առանց այնտեղ ապրող հայերի։ Այդ մասին երկու ամիս առաջ հայտարարեց նաև իշխանության բարեհաճությունը վայելող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նոր ղեկավարը, նշելով, որ «հակամարտության կարգավորումից հետո (բնականաբար՝ Բաքվի սցենարով) այնտեղ կարող են ապրել միայն «Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչող» հայերը։ Թե ինչ է սպասում նրանց, ովքեր չեն ճանաչի, այսինքն՝ Արցախի ողջ բնակչությանը, սույն պարոնը չճշտեց, արդարացիորեն համարելով, որ հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է բոլորին։

Իսկ ինչպե՞ս վերաբերվել հենց իր՝ Իլհամ Ալիևի հայտնի հայտարարություններին, թե «Իրևանը ի բնե ադրբեջանական քաղաք է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ»։ Ինչպեսև նրան, թե «չկա ոչ մի Հայաստան, այլ կա «Արևմտյան Ադրբեջան»։ Ինչո՞ւ են նման դեպքերում լռում Զախարովան ու Ծերեթելին։ Մի՞թե այդօրինակ հայտարարություններն ավելի քիչ են վնասում բանակցություններին, քան «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բառերը։ Որտե՞ղ են դատապարտումն ու միջնորդների արդար զայրույթը։

Այստեղ, իհարկե, կարելի է արդարանալ նրանով, թե իբր՝ նրանց հարցեր չեն տալիս այդպիսի հատարարություններից հետո, այդ պատճառով էլ չեն արձագանքում։ Խնդիրն այն է, որ եթե միջնորդներն իսկապես ձգտում են «վնասող հայտարարություններից» զերծ պահել «կարգավորման փխրուն գործընթացը», ապա իրենք էլ պետք է սկզբունքայնություն դրսևորեն։ Մանավանդ եթե խոսքը տարածքային անթաքույց հավակնությունների մասին է ոչ թե վիճելի տարածքի նկատմամբ, ինչպիսին հանդիսանում է Արցախը միջազգային հանրության ընկալմամբ, այլ ինքնիշխան պետության։ Եվ հատկապես եթե այդ հավակնությունները դրսևորվում են ռազմական ագրեսիայով։ Իսկ խոսում է այդ մասին, ընդ որում՝ բազմիցս, ագրեսոր երկրի նախագահը։

Իսկ եթե նման արձագանքն անհրաժեշտ ու օգտակար չի համարվում միջնորդների կողմից և նրանք նախընտրում են չնկատել կողմերի «անցանկալի» հայտարարություններն ու գործողությունները, այդ դեպքում արդեն ավելի լավ է պահպանել կողմերի հավասարությունն ու լռել բոլոր դեպքերում։ Այլապես ստացվում է, որ միջնորդների ներկայացուցիչներն իրենք են վնասում բանակցային գործընթացին միակողմանի դիտողություններով։ Իսկ Գեորգի Ծերեթելիի դեպքում՝ հաճախ նաև անմտածված ու անտեղյակ։ Չէինք ցանկանա մտածել, թե պատվիրված։