ՊԱՏԺԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
Վահեն չի աշխատում, բայց ուտում է
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴ դատավորի պաշտոնին անցնելու պահից ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ նիստերին և որոշումների ընդունմանը, ինչպես նաև հանդես չի եկել զեկուցող դատավորի դերում։
Հիշեցնեմ, որ սեփական սիրելի անձը սկանդալային կերպով ՍԴ նախագահ հռչակելուց հետո Գրիգորյանն օգտվում է ՍԴ շարքային անդամի աշխատասենյակից և ծառայողական ավտոմեքենայից, ստանում է բարձր աշխատավարձ և միաժամանակ ցուցադրաբար անտեսում է իր ծառայական պարտականությունները, այսինքն չի զբաղվում այն գործերով, որոնք գտնվում են իր վարույթում։ Եվ դա այն դեպքում, երբ այդ գործերը սահմանափակված են ժամանակային գրաֆիկով, այսինքն խոսքը մի իրավիճակի մասին է, երբ ՍԴ դատավորը կանխամտածված խափանում է աշխատանքը, հանդես բերելով (ուշադրություն դարձրեք) քաղաքական վարքագիծ, այսինքն բոյկոտ։
Քաղաքական վարքագծին կվերադառնանք ավելի ուշ, իսկ առայժմ Ղազարյանի խոսքերից հայտնի դարձավ, որ Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ ՍԴ-ն դեռևս որևէ որոշում չի կայացրել, սակայն ուղիների որոնումներ են ընթանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Եթե Գրիգորյանը ՍԴ-ն համարում է ոչ լեգիտիմ մարմին, ապա ինչո՞ւ հրաժարական չի տալիս և չի հրաժարվում աշխատավարձից։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո, որը ՍԴ յուրաքանչյուր անդամի համար երաշխավորում է աշխատավարձի և բոլոր սոցիալական վճարումների պահպանում մինչև կենսաթոշակային տարիք՝ ինքնակամ հրաժարական տալու դեպքում, դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ երբեք իրեն թույլ չի տա ստանալ ՍԴ դատավորի աշխատավարձ (700 հազար դրամ), փոխարենը ոչինչ չանելով։ Գյուլումյանի դիրքորոշումը կիսում են ՍԴ նախագահը և դատավորների մեծամասնությունը։
Ստացվում է, որ այն, ինչն անընդունելի է ուրիշների համար, լիովին հարմար է Գրիգորյանին, որը, կրկնում եմ, ցուցադրաբար հրաժարվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից, բայց չի հրաժարվում աշխատավարձից։ Այդ իրավիճակը չի կարող երկար ձգվել, Գրիգորյանի նկատմամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն. չէ՞ որ չի կարելի հարկատուների գրպանից աշխատավարձ ստանալ սիրուն աչքերի համար։ Դատավորին պետք է պատասխանատվության ենթարկել համաձայն Սահմանադրության։
Դատավորը չի՛ կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ
ՀՀ Սահմանադրության 164 (կետ 7) հոդվածն ասում է. «Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ»։ Այն, ինչ անում է դատավոր Գրիգորյանը, կանխամտածված բոյկոտելով ՍԴ աշխատանքը և ցուցադրաբար անտեսելով իր ծառայողական պարտականությունները, համապատասխանում է «քաղաքական ակցիա» բնորոշմանը, հետևաբար ժամանակն է եզրահանգումներ անել։
Նույն հոդվածի 9-րդ կետը նախորոշում է դատավորի լիազորությունների դադարեցման պայմանները. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում»։
Դե, դատավոր Գրիգորյանի պարագայում քաղաքականությամբ զբաղվելու առումով ամեն ինչ «կարգին է», փաստերն ակներև են, իսկ եթե ծառայողական պարտականությունների կատարումից ցուցադրաբար խուսափումն ու ՍԴ աշխատանքի բոյկոտումը «էական կարգապահական խախտում» չեն, ապա թող ինձ ասեն, թե ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնութագրել դատավոր Գրիգորյանի վարքագիծը զուտ նորմատիվ բառապաշարի գործածումով։