ՑԻՆԻԶՄԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշնանային նստաշրջանի մեկնարկի հետ խորհրդարանում սկսվեց քաղաքական ապահարզանների և նոր միավորումների գործընթացը։ Կհանձնի արդյոք մանդատն Արման Բաբաջանյանը, թե՞ կմնա անկախ պատգամավորի կարգավիճակում։ Այս հարցի պատասխանին սպասում էին ոչ միայն լրագրողներն ու հասարակայնությունը, այլև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը պատգամավորին կոչ է արել վերադարձնել ժողովրդից իր ստացած քվոտան

Միչդեռ պահպանելով ինտրիգը մինչև վերջին պահը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը առանց խղճմտանքի հայտարարեց, թե հարգանքով է վերաբերվում ԼՀ-ի կոչին, բայց ինքը, իբր, պատասխանատու է իր ընտրողների առջև, որոնք պահանջում են, որ շարունակի իր պատգամավորական գործունեությունը։ Ուստիև կմնա խորհրդարանում անկախ պատգամավորի կարգավիճակով։

Այստեղ, թերևս, հարկ է նշել, որ Բաբաջանյանը խորհրդարան է անցել «Լուսավոր Հայաստանի» կուսակցական ցուցակով։ Նա առաջադրվել է նաև ռեյտինգային համակարգով, բայց ստացել ընդամենը 400 ձայն։ Ինքն էլ է ընդունում, որ դա բավարար չէ։ Բայց այժմ, հայտնվելով ԱԺ պատերի ներսում, Բաբաջանյանը վիթխարի ծրագրեր է կազմում։ Նա ոչ միայն մտադիր է, այլև վստահ է, թե իրեն կհաջողվի բազմապատկել այդ 400 ձայները և հասցնել ամբողջ 400 հազարի։ Այդ առնչությամբ նա արդեն սկսել է քաղաքական խորհրդակցությունները, իր իսկ խոսքերով՝ «շատ բանիմաց, տեխնոկրատ, բարձր որակավորում ունեցող մարդկանց հետ, որոնք կանգնած են 2018-ի փոփոխությունների ակունքներում»։ Նա հուսով է, որ իրեն կհաջողվի համախոհների հետ միասին ստեղծել ուժ, որը կհավակնի քաղաքական խաղի գլխավոր մասնակցի դերին

Մինչդեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ իշխանության խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, հավանաբար՝ Բաբաջանյանի և «Իմ քայլը» լքելու մտադիր այլ գործընկերների հետ միասին, կկազմեն անկախ պատգամավորների խումբ։ Թեև ինքը՝ Առաքելյանն այդ լուրերը, համենայն դեպս իր առնչությամբ, հերքեց, հայտարարելով լրագրողներին, որ մանդատը ցած դնելու իր որոշումը վերջնական է և մտադիր է շարունակել գործունեությունը IT-ոլորտում։ Առաքելյանի խոսքերով, ինքը չի տեսնում իրեն քաղաքականության մեջ։ Իր իսկ խոստովանությամբ՝ իրեն չբավականացրեց ցինիզմը և թեթև վերաբերմունքը կատարվող ամենի նկատմամբ։

Փոխարենը՝ քաղաքականության մեջ իրեն տեսնում է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր. Վարազդատ Կարապետյանը, որը փախուստ անվանեց Առաքելյանի հրաժարումը մանդատից։ Կարապետյանի առնչությամբ նշենք նաև, որ ակտիվ լուրեր են շրջում խորհրդարանում անկախ պատգամավորների խումբ ստեղծելու մտադրության մասին։ Այն բանից հետո, երբ Առաքելյանը օգոստոսի վերջին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, Վարազդատ Կարապետյանը նույնպես հրապարակավ դիմեց գործընկերոջը, նշելով, որ Առաքելյանի պես մարդիկ եզակի են, նրանք մնացած բոլորին ուժ ու կամք են տալիս չդավաճանելու սեփական սկզբունքներին, չհարմարվելու տաք աշխատասենյակներին, մեքենաներին, աշխատավարձին, էլիտար շրջապատին և չկտրվելու իրականությունից։ «Իմ համար 131-ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես… Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։
Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա…
Էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես»,- գրեց այն ժամանակ Կարապետյանը։

Բայց Առաքելյանն անհողդողդ է։ «Այն ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է,- հայտարարեց նա երեկ լրագրողների հետ զրույցում։- Իսկ առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով. դժբախտ սրտով առաքելության չեն գնում»։ Պատգամավորը խոստովանեց, որ իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ արդեն տևական ժամանակ դժբախտ սրտով է կատարում այդ առաքելությունը։

Դե ինչ… Այս ամենը վկայում է լոկ քաղաքական ռոմանտիզմի և անհասունության մասին։ Թե 87-ից ում կբավականացնի, ըստ պատգամավորի, ցինիզմը, իսկ իրականում՝ գիտելիքները, փորձն ու քաղաքական հասունությունը, որպեսզի դրսևորի իր սկզբունքայնությունը ոչ թե փախուստով, այլ ուրիշ կերպ, ցույց կտան արդեն առաջիկա իրադարձությունները։