ԿՐԱԿՈՑ ՍԵՓԱԿԱՆ ՈՏՔԻՆ

Օրենսդրական տվյալ փաթեթով առաջարկվում է արգելել բիզնեսի վարումը և ծառայությունների մատուցումը տրանսպորտային միջոցների կիրառմամբ՝ վարորդների կողմից արտասահմանյան վարորդական իրավունք օգտագործելու դեպքում, բացառությամբ այն վարորդների, որոնք միջազգային փոխադրումներ են իրականացնում:

Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, հաղորդում է News.am-ը:

Ընդ որում, նրա խոսքերով, նման արգելքները չեն տարածվի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա, բայց միայն այդ պետությունների կողմից փոխադարձ բարեկամական մոտեցում դրսևորելու դեպքում: «Կարծում եմ, դուք գիտեք, որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիները նման խնդիր ունեն, և այն արդեն երկար ժամանակ չի լուծվում»,- նշեց Քոչարյանը, հավելելով, որ տվյալ կարգավորումն անհրաժեշտ է կիրառել կողմերի միջև հավասարակշռության ապահովման համար:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամեն ինչ ճիշտ է, դա իսկապես վաղեմի խնդիր է, այն առաջացավ դեռևս 3 տարի առաջ, երբ ՌԴ-ում արգելվեց այլ երկրի, այդ թվում հայկական ազգային վարորդական իրավունքով վարորդ աշխատելը։ Այն ժամանակից ի վեր այդ հարցը բազմիցս բարձրացվել է, դարձել բանակցությունների առարկա, ստացել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ցավոտ թեմայի յուրօրինակ կարգավիճակ։ Եվ դա հասկանալի է։ Չէ՞ որ ակնհայտ է, որ այստեղ քաղաքականությունը բնավ ավելի քիչ չէ, քան ռուսաստանյան ճանապարհներին տիրող իրավիճակը կարգավորելու ցանկությունը։

Բանն այն է, որ Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքով աշխատելու արգելանքը նախատեսում է այդ սահմանափակման չեղարկում այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ռուսաց լեզուն պետականի կարգավիճակ ունի։ Ասենք ուղղակի. դա ռուսաց լեզուն առաջ մղելու բնավ լավագույն միջոցը չէ։ Բացի այդ, նման սահմանափակումը հակասում է առանցքային սկզբունքներից մեկին, որոնց հիման վրա ձևավորվել է ԵԱՏՄ-ը. Աշխատուժի ազատ տեղաշարժ ԵԱՏՄ տարածքում։ Ըստ էության, հենց դա էր հայկական կողմի գլխավոր փաստարկը վարորդական իրավունքի թեմայով բանակցությունների համատեքստում։ Փաստարկն այդ, պետք է ընդունել, միանգամայն տրամաբանական ու համոզիչ է։ Բայց, ավաղ, այն չի գործել առ այսօր։

Սկզբունքորեն հայկական կողմի նոր քայլն էլ, որը ենթադրում է հայելային պատասխան Մոսկվային ու ԵԱՏՄ այլ մայրաքաղաքներին, լիովին տրամաբանական է թվում։ Եթե մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, թույլ չեն տալիս Ռուսաստանում աշխատել մեր վարորդական իրավունքով, ապա մենք էլ կարող ենք համանման կերպով վարվել, չընդունելով ռուսաստանյան վարորդական իրավունքը մեր տարածքում աշխատելու համար։ Ամենայն հավանականությամբ, հենց դա նկատի ունի փոխոստիկանապետը, ընդգծելով կողմերի միջև հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, ինչ որ տաս, այն էլ կստանաս։ Եվ զուտ հուզական տեսանկյունից այդպիսի մոտեցումը բնական է թվում։

Միայն թե իրականությունն այնպիսին է, որ նույն այդ հավասարակշռությունը հաստատ չի ստացվի։ Մի պարզ պատճառով. ռուսաստանցիներն իրենց վարորդական իրավունքով Հայաստանում աշխատելու արգելանքը նույնիսկ չեն զգա, ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, որոնք աշխատում են Ռուսաստանում։ Առանձնակի խորաթափանցություն պետք չէ, որպեսզի հասկանաս. Այդ Հայաստանի քաղաքացիներն են վաստակի մեկնում Ռուսաստան, այլ ոչ թե Ռուսաստանի քաղաքացիները՝ Հայաստան։ Համաձայնեք, ակներև է անհավասարակշռությունը, որը վերացնել առայժմ գործնականում անհնար է։ Հենց Հայաստանի քաղաքացիներն են որպես վարորդ աշխատում ՌԴ տարածքում, այլ ոչ թե ռուսաստանցիները՝ Հայաստանում։ Եթե անգամ մեզ մոտ կան, ասենք, Ռուսաստանի քաղաքացիություն և ՌԴ-ում տրված վարորդական իրավունք ունեցող տաքսու վարորդներ, ապա խոսքը բացառապես մեր հայրենակիցների մասին է, որոնք վերադարձել են հայրենիք։ Սահմանափակումները կանդրադառնան, ըստ էության, միայն նրանց վրա։ Այսպես թե այնպես, մեզանում մտցվող սահմանափակման հավանական «զոհեր» գործնականում չեն լինի։

Մինչդեռ այդ կատեգորիային պատկանող մեր քաղաքացիները հազարավոր են։ Համաձայնեք, դա անհավասարակշռություն է։ Ավելին, հայելային պատասխան տալով Մոսկվային, Երևանը, ըստ էության, հրաժարվում է ռուսաստանյան կողմից արգելանքի չեղարկման թեմայի հետագա քննարկումից։ Ասել է թե՝ այլևս չենք փորձի համոզել ձեզ, վերջակետ կդնենք այս պատմությանը։ Կրկնեմ, զուտ հուզական տեսանկյունից այդ մոտեցումը համարժեք է թվում ստեղծված իրավիճակում։ Բայց նախևառաջ պետք է հաշվի առնել, որ միանգամայն հնարավոր է նաև հենց նույնպիսի հուզական պատասխան մեր պատասխանին։ Այդպես հարաճուն՝ պատասխան պատասխանի հետևից. և վերջ հայ-ռուսական «փայլուն» հարաբերություններին։ Մյուս կողմից, որ տեսանկյունից էլ նայես, հայ-ռուսական հակասությունների այդ հատվածի հիմնական տուժող կողմը կդառնա Հայաստանի քաղաքացին։ Իսկ դա նշանակում է, որ Երևանը պարզապես, ինչպես ասում են, կկրակի սեփական ոտքին

Սեփական ոտքին կրակել կարող է յուրաքանչյուրը։ Իսկ այ, գտնել կարգավորումներ, պրագմատիկ, նպաստավոր լուծումներ, որոնք համապատասխանում են պետության ու հասարակության շահերինԱյստեղ միայն «դուխով» լինելը ակնհայտորեն բավարար չէ։

Основная тема:
Теги: