ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԿԼՔԻ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի:

Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելով՝ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը:

Սողոյան-Թադևոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները։ 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել։

Ամուսնությունից հետո, մինչև օրս վագոն-տնակում ապրող Քրիստինան, տարբեր փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինություն՝ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Քրիստինայի նախաձեռնությանը սկսել են աջակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Դարձյալ Գյումրիում ենք՝ իր փոքրիկ «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքիր ու խորհրդանշական է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որևէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար: Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռևս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետևանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել և յուրաքանչյուր տոնի հետ՝ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենք՝ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է։ Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական և ֆինանսական խնդիրների առջև ՝ չի հուսահատվել և շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար։ Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչև տարեվերջ կավարտվի տան շինարարությունը։ Կամավորների օգնությամբ իրականացվել են հատակի բետոնացման աշխատանքները։

Основная тема:
Теги: