ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ընդհանրապես ասած, կուսակցությունը խորհրդարանում փաստացի արդեն ունի իր խոսափողը։ Խոսքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին է։ Ինչպես գիտենք, նա հայտարարել է, որ լքում է խմբակցությունը, քանի որ համամիտ չէ նրա մոտեցումներին տարբեր հարցերի նկատմամբ։
Ի պատասխան՝ խմբակցության և համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հարգում է Բաբաջանյանի սկզբունքները և հույս ունի, թե վերջինս նույնպիսի սկզբունքայնությամբ վայր կդնի պատգամավորական մանդատը, որը ստացել է «Լուսավոր Հայաստանի» կողմից ընտրություններին մասնակցելու շնորհիվ։ Միամի՜տ Մարուքյան, խորհրդարանական դու մեր դասական…
Բաբաջանյանը, բնականաբար, հրաժարվեց մանդատը վայր դնել և հայտարարեց, որ մանդատն իրեն տվել է ժողովուրդը, այլ ոչ թե«Լուսավոր Հայաստանը»։ «Շատ հարգանքով եմ վերաբերվում խմբակցության շրջանակներում իմ նախկին գործընկերների ակնկալիքներին, բայց ես կարծում եմ, որ իմ սկզբունքայնությունը այս դեպքում մանդատը պահելու մեջ է և ոչ թե հանձնելու»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբաջանյանը։ Ոչ ոք չէր էլ կասկածում… Ընդ որում նկատենք, որ ռեյտինգային համակարգով Բաբաջանյանը հավաքել է 300 ձայնից քիչ ավելի, բայց հիմա պնդում է, թե անհնար է հաշվել՝ քանի ձայն է տրվել «Լուսավոր Հայաստանին» միայն այն պատճառով, որ նրա ցուցակում առկա էր ինքը՝ Արման Բաբաջանյանը… Հա, բա իհա՛րկե։
Այս պատմությունը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ անսկզբունքայնության հերթական դրսևորումն է այն մարդկանց, որոնք ամենից շատ են սիրում գոռալ իրենց սկզբունքայնության մասին։ Պատմությունը ցուցանշական է նաև նրանով, որ Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու հարցում, ի տարբերություն մանդատից հրաժարվելուց, վարվեց տրամաբանորեն։ Նա չի կիսում կուսակցության մոտեցումները, և Էդմոն Մարուքյանին մնում է միայն ինքն իրեն կշտամբել, որ նախկինում ուշադրություն չէր դարձրել Բաբաջանյանի արմատական «օյիններին», որոնք նրա մոտեցումներն անչափ մերձեցնում են «Սասնա ծռերի» դիրքորոշմանը։ Թե՛ անսահման ռուսատյացության հարցում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պարտադիր հաշվեհարդար պահանջելու և բազմաթիվ այլ հարցերում։
Հասկանալի է, որ այդ մոտեցումները նույնքան անսկզբունքային են, որքան պատգամավորական մանդատը չհանձնելու հետ կապված պատմությունը, որը Բաբաջանյանը ստացել է շնորհիվ Էդմոն Մարուքյանի թիմի։ Գեղեցիկ խոսքերով քողարկված այդ անսկզբունքայնությունն այնքան ակնբախ է, որ նույնիսկ Փաշինյանը, այո, նույնիսկ Փաշինյա՛նը համբերությունից դուրս եկավ և մատնանշեց դա պատգամավորին, երբ վերջինս վարչապետին մեղադրեց, որ նա հրաժարվում է «հեղափոխության արժեքներից», շարունակելով նախկին իշխանությունների քաղաքականությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման հարցում։ Փաշինյանը ի պատասխան հռետորաբար հետաքրքրվեց պատգամավորից, թե ինչու նա չի հրաժարվում պատգամավորական մանդատից, որը ստացել է նախկին իշխանությունների կողմից մշակված Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի հիման վրա։
Արձանագրենք. «Սասնա ծռերը» դե-ֆակտո ունեն իրենց պատգամավորը խորհրդարանում։ Իհարկե, ինքը՝Բաբաջանյանը հայտարարում էր, թե դատապարտել ու դատապարտում է 2016 թվականին ՊՊԾ շենքը զավթելու«Սասնա ծռերի» քայլը։ Բայց արմատական կարգախոսների և պահանջների գաղափարախոսական մերձությունը, բազմապատկված «Սասնա ծռերի» առաջնորդների և Բաբաջանյանի վարքագծի լիակատար անսկզբունքայնությամբ ու ինքնասիրահարվածությամբ, պարզապես ակնհայտ է։ Իսկ «ժողովրդի ընտրյալներից» ոմանց համար դիրքորոշում փոխելը, ինչպես տեսնում ենք, սկզբունքորեն հեչ բան է։