ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթյան նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցավ դատավարության առաջին նիստը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։

Ռ.Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր խոսքում հարց հնչեցրեց, թե ինչու են մարտի 1-ին զոհվածների ազգականները դատավարությունում անցնում տուժածների իրավահաջորդների կարգավիճակով։ Մի՞թե հետաքննվում է նրանց սպանության գործը։ Ոչ։ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին, Գևորգյանին մեղադրո՞ւմ են նրանց զոհվելու համար։ Ոչ։

Գործ է լսվում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այսինքն եթե շտապ պետք են տուժածներ, սկզբունքորեն այդպիսիք կարող են համարվել Հայաստանի յուրաքանչյուր և բոլոր քաղաքացիները։ Եվ ինչո՞ւ միայն մարտի 1-ին ողբերգականորեն զոհվածների ազգականները։ Իսկ վիրավորնե՞րը։ Իսկ ցուցարարների կողմից ծեծի ենթարկված ոստիկաննե՞րը։ Իսկ հրկիզված ավտոմեքենաների տերե՞րը։ Իսկ քաղաքապետարա՞նը որպես տուժող՝ հասարակական ունեցվածքի ոչնչացման առումով։

Հասկանալի է, Ալումյանի հարցերը հռետորական էին։ Հասկանալի է, թե ինչու միայն տասը զոհվածների ազգականներն իրավունք ստացան ներկա լինել որպես տուժածների իրավահաջորդներ. անհրաժեշտ է համապատասխան խորապատկեր ստեղծել, չէ՞ որ բուն գործը, ինչպես վաղուց է հայտնի, «ջուր» է։

Սարգիս Քլոյանը՝ զոհված Գոռ Քլոյանի հայրը Ռոբերտ Քոչարյանին հարց է տալիս, թե ինչու նա իր կառավարման 10 տարիների ընթացքում չբացահայտեց ու չպատժեց իր որդուն սպանողներին։ Այսինքն Գոռ Քլոյանի իրավահաջորդի փաստաբանը, որն այդ դրվագից առաջ երկար-բարակ ու միապաղաղ ինչ-որ բան էր բարբառում՝ ձեռնածություն անելով իրավաբանական տերմիններով, չէր բարեհաճել իր վստահորդին բացատրել, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ղեկին չէր մարտյան իրադարձություններից ոչ միայն 10 տարի, այլ նույնիսկ երկու ամիս անց։ Սարգիս Քլոյանին դա ստիպված եղավ բացատրել ինքը՝ երկրորդ նախագահը, հաստելով, որ իր գործառույթների մեջ երբեք չի մտել ոչ միայն գործի հետաքննությունը, այլև ինքն առհասարակ չէր կարող միջամտել հետաքննության ընթացքին, քանի որ լրացել էր իր նախագահության ժամկետը, և եթե Սարգիս Քլոյանը մեղավորներ է փնտրում այն բանում, որ իր որդու մահվան հանգամանքները բացահայտված չեն, ապա իր պահանջները պետք է հասցեագրի կողքին նստած դատախազներին

Տուժածի մեկ այլ իրավահաջորդ՝ Տիգրան Աբգարյանի մայրը նախկին նախագահին մեղադրեց նրանում, որ ոստիկանության զորքերում ծառայող իր որդու մահից դեռ առաջ, մարտի 1-ին նա իբր ասել է, թե արդեն կան զոհեր, իսկ իր որդուն սպանել են նրա համար, որ արդարացնեն Քոչարյանի խոսքերըԵվ քանի որ Տիգրան Աբգարյանի մորը նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը իրական տեղեկատվություն չէր տրամադրել, Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ կնոջը պարզաբանել, որ նման բան չի ասել մարտի 1-ի իր ելույթում, այլ խոսել է այն մասին, որ կան վիրավորներ, տուժածներ. սպանվածների մասին խոսք չի եղել, գործում կա իր ելույթի ձայնագրությունըԻսկ կեղծ տեղեկատվությունը, որ տրամադրվել է Տիգրան Աբգարյանի մորը, 10 տարի անց հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը իր մամլո ասուլիսում՝ հենց նրա համար, որպեսզի համապատասխան հուզական խորապատկեր ստեղծի և մոլորության մեջ գցի զոհվածների ազգականներին։

Զոհվածի մայրը խոսեց նաև այն մասին, որ Լեոյի փողոցում, որտեղ սպանվել է իր որդին, ցուցարարներ չկային։ Եվ քանի որ նրա փաստաբանները չէին բարեհաճել, ապա Ռ.Քոչարյանն ինքը ստիպված եղավ բացատրել, որ հարցն էլ հենց նրանում է, որ կային, և այդ մասին են վկայում գործի նյութերը, բայց քննչական խմբում ոչ ոք հարց չտվեց, թե նրանք ինչ էին անում այնտեղ, երբ բուն ցույցը, եթե դա կարելի է այդպես անվանել, ընթանում էր  այդտեղից 500 մետր հեռավորության վրա։ Եվ գործում կան ցուցմունքներ այն մասին, որ Աբգարյանի վրա կրակոցն արձակվել էր հենց ցուցարարների կողմից և հենց այդ պատճառով էլ ոստիկանության ղեկավարությունը դիպուկահար էր կանչել, որպեսզի չեզոքացվեր Տիգրան Աբգարյանի վրա կրակողը։

Ականջալուր կլինե՞ն արդյոք զոհվածների իրավահաջորդները նախկին նախագահի փաստարկներին։ Դժվար թե, նոր իշխանությունը նրանց հատկացրել է 30-ական միլիոն, այդքան չեն հատկացնում զոհված զինծառայողների հարազատներին։ Բացի այդ, խաղի մեջ է մտել ՀՀՇ-ն, հետևաբար տրամաբանական է, որ արդեն հայտնվել են առաջին տուժածները։ Եվ սա լոկ սկիզբն է։

Դատարանի պատերից անդին ցույցեր էին ընթանում։ «Քոչարյան-հերոս» վանկարկող մարդկանց խմբին հհշականները հակադարձում էին «Քոչարյան-մարդասպան»։ Առանձնակի ազատ որոշ ԶԼՄ-ներ, գոհ ժպտալով, հավասարության նշան են դնում այդ երկու կարգախոսների միջև. իբր՝ դե, ոմանք գոռում են մի բան, մյուսները՝ այլ բան։ Մի տեսակ սրիկայական անխտրողություն։ Մի դեպքում մարդիկ իրենց աջակցությունն են արտահայտում անազատության մեջ գտնվող մարդուն, Արցախի հերոսին. այդ տողերը նրա կենսագրությունից չեն կարող ջնջել ո՛չ ՀՔԾ ղեկավարը, ո՛չ դատախազները։

Մյուս դեպքում՝ անմիջական վիրավորանք։ Դե ինչ, նշանակում է՝ դուք պատրաստ եք վաղը լսել ի պատասխան. «Լևոն-մարդասպան», «Նիկոլ-մարդասպան», «Ժիրո-մարդասպան»… Եվ ի՞նչ։ Եվ ո՞ւր կհասնենք։

Հ.Գ.Անդրանիկ Միհրանյանը մի առիթով այսպես արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի մասինՆրա գործողություններում ժողովրդավարության նույնիսկ ակնարկ չեմ տեսնում։ Ժամանակի հետ, իր իշխանությունը պահպանելու համար, նա ստիպված կլինի կոշտ բռնապետություն հաստատել։ Բոլոր պոպուլիստները իշխանության են գալիս ժողովրդավարական ճանապարհով, իսկ արդյունքում հաստատում են ավտորիտար ռեժիմներ։ Վերցնենք հենց նույն Էրդողանին, Օրբանին. Չէ՞ որ նրանք իշխանության են եկել բացարձակ ժողովրդավարական ճանապարհով, իսկ հիմա անձնական կոշտ իշխանություն են հաստատել։ Պատմության մեջ շատ են այդպիսի օրինակները։ Նույնիսկ ԱՄՆ-ում շատերը մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է ավտորիտար ռեժիմ հաստատել։ Այսօր պոպուլիզմը մեծ խնդիր է դառնում աշխարհում։ Քայքայվում է միջին խավը, ընթանում է հասարակության կտրուկ բևեռացում, ինչը հանգեցնում է նրան, որ իշխանության են ձգտում պոպուլիստները»։

Հավելենք, որ բռնակալներ հայտնվում են նաև այն պատճառով, որ նրանց սատարում է ոչ միայն արյունատենչ ամբոխը, այլև այն կեղծ մտավորականությունը, որն այսօր զմայլվում է «Ռոբերտ-մարդասպան» պաստառներով։ Դե ինչ, շարունակեք զմայլվել և այնժամ լիուլի կստանաք այն, ինչի ձգտում եք. բռնատիրություն, պատերազմ, քաղաքացիական բախումներ։

Основная тема:
Теги: