Ծերեթելին անգամ չէր լսել Փաշինյանի` Արցախի մասին հայտարարությունը

ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նաև հայտնել է Երևան ու Բաքում կատարելիք այցերի մասին։

ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի մեկնաբանությունը չէր վերաբերում Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, այլ ընդհանուր բնույթ էր կրում ու առնչվում էր, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հիմնահարցին։ Այս մասին Ծերեթելին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ադրբեջանական APA գործակալությունը Ծերեթելիի հետ հարցազրույց էր արել` անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտության թեմային։ Մասնավորապես, հետաքրքրվել էին` արդյո՞ք Ծերեթելին լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արած հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է, և վերջ»։ Ի պատասխան`Ծերեթելին նշել էր, որ տեղյակ չէ Փաշինյանի ասածից, սակայն կարող է ասել, որ հայտարարությունները, որոնք նպատակաուղղված չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը և երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը, խաթարում են այդ գործընթացը։

Հրապարակման համաձայն` Ծերեթելին նշել էր նաև, որ ԵԱՀԿ ԽԿն ուզում է ավելի կառուցողական հայտարարություններ լսել ու հստակ քայլեր տեսնել։ Ադրբեջանական լրատվամիջոցները վերցրել ու տարածել են այդ տեղեկությունը։

Մինչդեռ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար ԱՆնա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղված են ներկայացրել Ծերեթելիի խոսքերը։

«APA գործակալության թղթակիցը ինձ հարց ուղղեց կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։ Ասացի` ծանոթ չեմ հայտարարությանը ու դրա էությանը»,– ընդգծեց նա։

Միաժամանակ նա մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ցանկացած հայտարարություն պետք է ուղղված լինի խնդրի խաղաղ լուծմանը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը ուշադրության կենտրոնում է ու միջազգային հանրության մոտ մեծ հետաքրքրություն է  առաջացնում,այդ պատճառով ցանկալի է, որ կողմերի հայտարարությունները ծառայեն խաղաղ ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Նույնիսկ չգիտեի` ինչի մասին է խոսքը, ինչ հայտարարության մասին է նա հարցնում։ Ամեն դեպքում ընդհանուր մեկնաբանություն եմ արել, կարող եմ նորից այն կրկնել»,– ասաց Ծերեթելին։

Նրա ունեցած տեղեկություններով`  գործակալությունը ուղղումներ է  արել հոդվածի վերնագրում այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ԽԿ գրասենյակից կապ են հաստատել իրենց հետ։

Մինչդեռ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ու արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ներկայիս դինամիկան, Ծերեթելին նշեց, որ ողջունում է ցանկացած քայլեր, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Միջազգային կազմակերպությունները նպաստում են ու սատարում են այդ գործընթացին, բայց ցանկացած խնդրի լուծման համար երկու երկրներում էլ քաղաքական կամք է հարկավոր»,– նշեց Ծերեթելին։

Ծերեթելիի խոսքով` նա բազմիցս շփվել  է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։

ԵԱՀԿ ԽԿն կարող է նպաստել երկու երկրների խորհրդարանի խոսնակների ու պատգամավորների մակարդակով հանդիպմանը։

«Մենք առաջարկել ենք կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջան խորհրդարանների խոսնակների հանդիպումը մեր շտաբում` Կոպենհագենում։ Հրավերը դեռ բաց է։ Երբ նրանք որոշում կայացնեն, ու հարմար ժամանակ լինի, մենք մեր կողմից պատրաստ ենք նպաստել այդ հանդիպմանը նաև ընդլայնված ձևաչափով»,– ասաց Ծերեթելին։

Նա նշեց նաև, որ մտադիր է  մինչ տարեվերջ Երևան այցելել։ Այցի շրջանակում նա պատրաստվում է հանդիպումներ անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դրանից հետո կմեկնի Բաքու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել էր Ծերեթելիի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Սադոյանը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Երկուստեք ընդգծվել էր խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար:

Sputnik, Լաուրա Սարգսյան