«ՑՆՑՈՂ» ՕՐԵՆՔ

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քննարկեց փոփոխությունների փաթեթը «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում, որը ենթադրում է անշարժ գույքի կադաստրային արժեքի փոփոխություն և գույքահարկի հաջորդող փոփոխություն։

Ներկայացված օրինագիծն արժանացավ բազմաթիվ քննադատական դիտողությունների։ Պատգամավորներն իրենց ոչնչից չզրկեցին դրա բոլոր թերությունները նշելու հարցում։ Այստեղ և՛ նախաձեռնության հակասահմանադրականությունն է, և՛ ակնհայտ սպառնալիքները բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար, և՛ պարզապես փաստաթղթի խակ լինելը։ Ակնհայտ է, որ հեղինակներն իրենց առջև խնդիր դնելով շուկայականի հասցնել անշարժ գույքի կադաստրային արժեքը, բարձրացնել էլիտային բնակարանների հարկերը և փոխհատուցել եկամտահարկի իջեցումից գանձարանի կորուստները, հաշվի չեն առել նախաձեռնության բացասական հետևանքները։ Իսկ եթե անգամ հաշվի են առել, ապա ընդհանրապես որոշել են դանդաղ գործողության ական դնել այդ ոլորտի տակ։ Ասենք, ոչ միայն այդ ոլորտի։

Տվյալ փաստաթղթի ի հայտ գալը, դրա քննարկումը խորհրդարանում, չխոսենք արդեն դրա հնարավոր ընդունման մասին, անկասկած, ինքնին ցնցում է անշարժ գույքի շուկայի համար։ Առնվազն այն պարզ պատճառով, որ առաջարկվում են իրոք հեղափոխական փոփոխություններ, ավելի ճիշտ՝ չափազանց արմատական։ Եվ այստեղ թերևս արժե մտաբերել վարչապետի վերջերս արած հայտարարությունը շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպման ընթացքում անհանգստություն արտահայտեց անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ անշարժ գույքի պահանջարկն աճում է, իսկ առաջարկը ՝ ոչ։ Արդյունքում դիտարկվում է բնակարանների գների էական աճ։ Կառավարության ղեկավարի կարծիքով,  պետք է ապահովել առաջարկի ու պահանջարկի այնպիսի հավասարակշռություն, որը թույլ կտա խուսափել շուկայական ցնցումներից։ Փաշինյանի կարծիքով, նման հավասարակշռությունը բնակարանային շինարարության ոլորտի առաքելությունն է։

Չգիտեմ, հաշվի առել են արդյոք օրինագծի հեղինակները վարչապետի այս դատողությունները, բայց ակնհայտ է, որ նրանց նախաձեռնությունը լոկ կխորացնի վարչապետին մտահոգող այդ անհավասարակշռությունը առաջարկի ու պահանջարկի միջև։ Ակներև է, որ արդեն հիմա բնակարան վաճառելու մտադրություն ունեցողներից շատերը կկասեցնեն այդ գործընթացը, սպասելով 2021 թվականին տվյալ օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուն։ Սպասելու են գների աճի, ինչին անխուսափելիորեն կհանգեցնի անշարժ գույքի կադաստրային արժեքի բարձրացումը։ Ըստ էության, այն ցնցումը, որից վախենում է կառավարության ղեկավարը, կարելի է համարել, որ արդեն տեղի է ունեցել։

Ասենք, դա անշարժ գույքի կադաստրային արժեքի վերագնահատման միակ և ամենատագնապալի հետևանքը չէ։ Ակներև է, որ այստեղ առաջանում են ահռելի կոռուպցիոն ռիսկեր։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ թանկարժեք բնակարանների տերերը կսկսեն որոնել և հաստատ կգտնեն հարկային վճարումների սեփական ծախսերը նվազագույնի հասցնելու անլեգալ սխեմաներ։ Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարությունը նախապատրաստել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ։ Ահա ուրեմն, այդ օրենքը նախատեսում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավում այն դեպքում, եթե դրա գինը գերազանցում է 50 միլիոն դրամը։ Դա նշանակում է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքի կտրուկ բարձրացման դեպքում, ինչին նպատակաուղղված է «Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, մյուս՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն, ըստ էության, ռիսկի խումբ է մտցնում բնակարանների մի ահռելի քանակ։

Այլ կերպ ասած, բռնագանձման սահմանված 50-միլիոնանոց շեմը կադաստրային արժեքի աճի դեպքում, ինչպեսև շուկայականի, կասկածանքի ստվեր է նետում մայրաքաղաքային բնակարանների համարյա կեսի վրա։ Համապատասխանաբար, բնակարանատերերի պրպտուն միտքը ուղիներ է փնտրելու՝ խուսափելու համար ոչ միայն բարձր հարկերից, այլև որոշակի իրավիճակներում բռնագանձման ենթակա կասկածելիների կարգին իր բնակարանը դասելուց։ Իսկ այդ ուղիները, ինչպես հայտնի է, տանում են դեպի պաշտոնյաների աշխատասենյակներ։ Ահա և ձեզ կոռուպցիոն այն ահռելի ռիսկերը, որ բացվում են այդ երկու օրենսդրական նախաձեռնությունների համակցումից։

Կարելի է, իհարկե, ենթադրել, որ մեզանում կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Այստեղից էլ՝ ակնհայտ հակասությունների, չհամաձայնեցված քայլերի ու գործողությունների հսկայական քանակը։ Բայց այնուամենայնիվ դա չի կարող համարվել մխիթարական բացատրություն։ Ի վերջո, քաոսի պատճառներն արդեն այնքան էլ կարևոր չեն, երբ բախվում ես դրա հետևանքներին

Основная тема:
Теги: