ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԲԱՔՎԻՑ։ ԿԼՍԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԴՐԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 11-ին Բաքվում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Արտաքին միջամտությունների անթույլատրելիությունը Ադրբեջանի քաղաքական գործընթացներին» փքուն անվանումով։ Նկատի առնելով, որ միջոցառումը կազմակերպել էր «Անա Վետեն» (Մայր հայրենիք) իշխանամետ կուսակցությունը և այնտեղ ելույթ ունեցավ փոխվարչապետ և «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, հիմքեր կան ենթադրելու, որ ալիևյան ռեժիմը լրջորեն անհանգստացած է այն գործընթացներից, որ տեղի են ունենում Բաքվի ԶԼՄ-ների ճնշող մեծամասնության պաշտոնական հաղորդումների և հրապարակումների երփներանգ ճակատամասի հետևում։
Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, կլոր սեղանին հրավիրվել էին մի շարք կուսակցություններ, այդ թվում ընդդիմադիր, բացառությամբ «Մուսավաթի», ՌԵԱԼ-ի և ԱԺՃԿ-ի։ Հիմնական թեմա դարձավ ադրբեջանական քաղաքական վտարանդիների ակտիվացման և նրանց ֆինանսավորման աղբյուրների հարցը։ Ահմեդովի խոսքերով, վտարանդիները փորձում են ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի քաղաքական գործընթացներին, և հիմքեր կան համարելու, որ նրանց ֆինանսավորում են «շահագրգիռ ուժեր»։ Պաշտոնական Բաքվին քննադատող վտարանդիները «դատապարտված են ընկնելու շահագրգիռ հատուկ ծառայությունների ազդեցության տակ»,- ասաց նա, մեղադրելով «օտարերկրյա գործակալներին» երկրի ներսում բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ։
Նրանք, ովքեր հրավիրված էին որպես «ընդդիմություն» (մասնավորապես, ռեժիմին իրենց նվիրվածությամբ հայտնի Զահիդ Օրուջը, Ֆազիլ Մուսթաֆան, ինչպեսև «Ժողովրդական ճակատի» խորշելի ներկայացուցիչ Փանահ Հուսեյնովը), գովաբանում էին իշխանություններին «ընդդիմության հետ երկխոսության» համար և կոչ էին անում շարունակել այդ գործելակերպը։
Միակ մասնակիցը, որ կոնկրետ երկրի անուն տվեց ներքին գործերին միջամտելու ենթատեքստում, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն էր, որը հայտարարեց, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ազդեցությունն ու միջամտությունը Ադրբեջանի քաղաքական գործընթացներին։
Ամենահետաքրքիրն այն է, որ քննարկումների արդյունքներով ընդունվեց հայտարարություն, որտեղ առաջին կետում խոսվում է «Ղարաբաղն ազատագրելու» համար ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։ Փաստաթղթում խոսվում է նաև «կառավարության անցկացրած բարեփոխումներին աջակցելու և անբարեբարո տեղեկատվության անթույլատրելիության» մասին, ողջունվում հասարակական երկխոսության առաջարկը և հիշատակվում ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անթույլատրելիությունը։
Ինչպես նշում է «Թուրանը», իշխանությունները լրջորեն անհանգստացած են հասարակական կարծիքի վրա սոցիալական ցանցերի ազդեցության աճով, որոնցից ակտիվորեն օգտվում են Ադրբեջանից արտագաղթածները։ «Նրանք սուր քննադատում ու մերկացնում են Ադրբեջանի իշխանություններին և կառավարության կոնկրետ անդամների՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման համար։ Վտարանդիական էջերը Youtube-ում և Facebook-ում գերազանցում են իշխանությունների ողջ քարոզչական մեքենային, լրջորեն սասանելով նրանց հեղինակությունն ու ազդեցությունը»,-գրում է գործակալությունը։
Մինչդեռ կլոր սեղանի անցկացմանը անցած շաբաթվա վերջին նախորդել էին բարձրագոչ հայտարարություններ այդ նույն թեմայով, որոնք հնչեցրել էին իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Այսպես, սեպտեմբերի 9-ին «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Էլդար Իբրահիմովը ընդդիմությանն անվանեց «գործիք արտաքին ուժերի ձեռքին»։ «Նրանց նպատակն է՝ առավելագույն փողեր ստանալ օտարերկրյա ուժերից և զավթել իշխանությունը»,- նշեց նա, իսկ հետո հայտարարեց, որ ադրբեջանական իշխանությունը կարող է վերագնել օտարերկրյա ուժերի օգտին աշխատող ողջ ընդդիմությանը։
Արժեր շնորհակալություն հայտնել Իբրահիմովին իրերն իրենց անուններով կոչելու համար, մասնավորապես՝ հաստատելու, որ քաղաքական կյանքն ու քաղաքական դաշտը Ադրբեջանում ենթարկվում են մեկ աստվածության և չափվում մեկ արշինով՝ փողով։ Սակայն, ինչպես հեշտ է գուշակել, իշխանամետ պատգամավորի բնավ ոչ այդ անկեղծացումը պատճառ դարձավ հաջորդած բուռն արձագանքին՝ ադրբեջանական հասարակայնության և սոցցանցերից օգտվողների կողմից։
Սենսացիոն հայտարարությունների կրակին յուղ լցրեց իշխող կուսակցության փոխնախագահ Սիավուշ Նովրուզովը, որը «Ենի Ազերբայջանի» երևելի ներկայացուցիչներին, այսինքն իր կուսակիցներին, մեղադրեց ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ։ Նրա խոսքերով, վարչության որոշ անդամներ, երկար տարիներ աշխատելով որպես նախարարներ, այժմ փախել են արտասահման և ֆինանսավորում են ընդդիմությանը։ «Մենք ունենք կոնկրետ ցուցակներ»,- հայտարարեց նա, չնշելով, սակայն, կոնկրետ անուններ։ Դրանից հետո երեք նախկին նախարարներ, այդ թվում երբեմնի ամենազոր Զիյա Մամեդովը, շտապեցին ժխտել իրենց մասնակցությունն ընդդիմության ֆինանսավորմանը։
Երրորդ «նյուսմեյքերը» դարձավ խորհրդարանի ևս մեկ պատգամավոր, այս անգամ՝ իշխանության կողմից վերահսկվող «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից. Հուդրաթ Հասանգուլիևը։ Նա ադրբեջանական իշխանություններին կոչ արեց անցնել գործողությունների, որպեսզի պաշտպանեն երկիրն ու իրենց, ինչպես նաև հայտարարեց, որ իշխող թիմի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները վնաս են հասցնում իշխանության շահերին։ «Այդ հայտարարությունները նաև նպատակ ունեն միջազգային ասպարեզում մրոտել իշխանությանը ընտրությունների նախաշեմին»- ասաց Հասանգուլիևը, դրանով իսկ մատնանշելով կազմակերպված շոուի հիմնական նպատակը։ Քանզի այնուհետ հանդես եկավ հասարակական-քաղաքական հարցերով նախագահի օգնական Ալի Հասանովը, որը պաշտպանեց ռեժիմի «ժողովրդավարական» կերպարը։
Հասանովը, մասնավորապես, հայտարարեց, թե Իբրահիմովի արտահայտած մտքերը չեն արտացոլում ողջ կուսակցության տեսակետը։ «Իշխանությունները բաց են պետությանն ու պետականությանը ծառայել ցանկացող յուրաքանչյուր խմբի կամ անձանց հետ երկխոսության ու համագործակցության համար։ Կառավարությունն իր քաղաքական ընդդիմախոսներին չի համարում թշնամիներ և հնարավոր է գտնում համազգային հարցերի գծով համագործակցությունը նրանց հետ»- նշեց նա, ըստ էության՝ նույնպես գայթակղելով ընդդիմությանը ֆինանսա-քաղաքական գործարքի պատրաստականությամբ։
Հաշվի առնելով ադրբեջանական իրողությունների առանձնահատկությունները, կասկածից վեր է, որ ողջ այդ ներկայացումը խաղացվում է Ալիևի վարչախմբի սցենարով և զգոն ղեկավարությամբ։ Մի կողմից, ազդանշան է տրվում արտաքին ուժերին, առաջին հերթին՝ Արևմուտքին, որ իշխանությունները «ժողովրդավարական» են տրամադրված, ինչն արդիական է ԵՄ-ի հետ համաձայնության կնքման արագացված նախապատրաստման համատեքստում։ Ալիևի համար առանձնակի կարևոր է դա ընդգծել այն խորապատկերին, որ մի երկու ամիս առաջ իշխանությունների կողմից լայնորեն գովազդվող «ժողովրդավարական բարեփոխումների» շոուն, մեղմ ասած, սաստիկ դոփում է տեղում, ավելին, գրեթե ամեն օր հաղորդումներ են հայտնվում շարունակվող քաղաքական բռնաճնշումների մասին։
Մյուս կողմից, նախազգուշացում է արվում այն ուժերին, որոնք ֆինանսավորում են ադրբեջանական ընդդիմության գորունեությունն արտասահմանում, միաժամանակ քաղաքական վտարանդիներին ազդանշան է ուղարկվում այն մասին, որ Բաքվում պատրաստ են նրանց վերագնել։ Ամենայն հավանականությամբ, նկատի են առնվում և՛ արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորում ստացող գործիչները, և՛ նրանք, ովքեր օգտվում են Մոսկվայի հովանավորությունից։ Հաշվի առնելով, որ հենց ներկայումս են հնչում նման ազդանշանները, պետք է ենթադրել, որ Բաքվում իրոք լրջորեն անհանգստացած են սոցցանցերում ընդդիմության կտրուկ ակտիվացմամբ և Ադրբեջանում տիրող տրամադրությունների վրա նրա աճող ազդեցությամբ՝ գալիք տարվա գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Ռեժիմը մտավախություն ունի, որ արտաքին ուժերը կփորձեն ներազդել ընտրությունների արդյունքների վրա և օգտագործել դրանք ի շահ իրենց. ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը։
Անկասկած, այդ երկրում տվյալ պահին դժվար թե գոյություն ունի «գունավոր հեղափոխության» սպառնալիք, մանավանդ որ Իլհամ Ալիևն առայժմ գոհացնում է բոլոր ուժային կենտրոններին։ Վերջինս նման ազդանշաններով լուծում է միանգամից մի քանի խնդիրներ, որոնք ուղղված են հենց իր իշխանության ամրապնդմանը, մի տեսակ իմիջիայլոց էլ հաստատելով, որ ղարաբաղյան հարցում իշխանություններն ու ընդդիմությունը տարաձայնություններ չունեն։ Եվ այդ ազդանշանն ուղղված է առաջին հերթին և հատկապես հայկական կողմերին։