«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել

«Իմ քայլը» խմբակցությունն երեկ կայացած նիստում որոշել է Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մեկնաբանելով գործընթացը, նշեց, որ ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է, ինչն էլ, ըստ նրա, առկա է։ «Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը` դիմելով խորհրդարանին, որի շրջանակում ԱԺն գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացնում դիմել ՍԴին։ Իսկ վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը»,–պարզաբանեց Վարդանյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ կոպիտ կարգապահական նորմի խախտման մասին է խոսքը, Վարդանյանը նշեց, որ մասնավորապես չի քննվել Վահե Գրիգորյանի դիմումները` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված։

«Խոսքը Հրայր Թովմասյանի` Քոչարյանի գործի քննության մասնակցության անհնարինության դիմումի մասին է»,–ասաց Վարդանյանը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` նաև առկա է կողմի ներկայացուցչի հետ սերտ կապ, որն, ըստ էության, կարող է կասկածի տակ դնել գործի օբյեկտիվությունը։ «Խոսքը, մասնավորապես, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի մասին է, որի հետ Թովմասյանը գտնվում է քավոր-սանիկ հարաբերությունների մեջ»,–նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե այստեղ ավելի շատ դրված է որևէ մեկից ազատվելու խնդիր, Վարդանյանը հերքեց` ասելով, որ նման խնդիր դրված չէ և չի լինելու։

«Չկա մարմին, որը դիտարկվի ՍԴին վերադաս, բայց սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը պետք է շեղվի իր գործառույթներից։ Օրինակ` պարզ չէ, թե Քոչարյանի գործով ինչ ընթացակարգով էին դիմել Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ։ Սրանք հիմնավոր կասկածներ են ծնում, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է իր գործառույթից։ Այս դեպքում մենք ունենք Սահմանադրության խախտում, և սա լրջագույն խնդիր է երկրի համար»,–կարծում է Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ` Հրայր Թովմասյանի որպես ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին քննությունը սկսվելու է ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Հրայր Թովմասյանը հրավիրվելու է նիստին, նա ունի ելույթի իրավունք։

Основная тема:
Теги: