ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ

ԱԱՀ հետաձգման գծով կառավարության տրամադրած արտոնությունը և մաքսատուրքից ազատումը ընթացիկ տարում պետք է ապահովեն 520 միլիոն դոլարի ներդրումներ. այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքերով, 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որոնց շրջանակներում նախատեսվում է իրականացնել 34.9 միլիարդ դրամի (73 միլիոն դոլար) ներդրումներ և ստեղծել 813 աշխատատեղ։ Անցած տարի մաքսատուրքից ազատվել է 19 ներդրումային ծրագիր։ Դրանցով  նախատեսվում է իրականացնել 44.6 միլիարդ դրամի (93 միլիոն դոլար) ներդրումներ և ստեղծել 1271 աշխատատեղ։ «2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ (200 միլիոն դոլար) ներդրում և ստեղծել 969 աշխատատեղ»,- գրել է Փաշինյանը։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որոնցով նախատեսվում է իրականացնել 153 մլրդ դրամ (318 միլիոն դոլար) ներդրում և ստեղծել 2378 աշխատատեղ։

Վարչապետը նշել է, որ նշյալ երկու ծրագրերի իրականացման արդյունքում ներդրումների աճը տարվա ընթացքում կազմել է 212 տոկոս, կամ երեք անգամ, ակնկալվող աշխատատեղերի քանակը աճել է 1263-ով (60.6%)։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թերևս սա դասական օրինակն է այն բանի, թե ինչպես է ցանկալին մատուցվում որպես իրականություն։ Նկատեք, տեքստի վերևում ներդրումային միլիարդավոր դրամները կամ դոլարները և հազարավոր աշխատատեղերը նախատեսվում են կամ ակնկալվում։ Իսկ այ տեքստի վերջում աճը արդեն կազմել է 212%։ Տեքստի սկզբում խոսքը ծրագրերի մասին է, իսկ վերջում արձանագրվում է փաստացի նվաճված արդյունք դեռևս ծրագրվող ներդրումներից։ Թե այդ ինչպես է ստացվում, անկեղծ ասած, չգիտեմ։ Գիտեմ, որ դա վարչապետի գրառման բնավ ամենանրբաբնույթ նրբերանգը չէ։ Վերջին պարբերությունն առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Այն է՝ «212%, կամ երեք անգամ» հատվածը։

Կառավարության ղեկավարին հարկավոր է կողմնորոշվել 212 տոկոսի և երեք անգամի հարցում։ Ստիպված եմ նշել, որ դա միևնույն բանը չէ։ Նույնիսկ անսահման ցանկության դեպքում 212%-ը նշանակում է ոչ թե երեք, այլ երկու անգամ։ Դե, առավելագույնը՝ 2 ամբողջ 12 հարյուրերորդական անգամ, բայց ոչ մի դեպքում՝ երեք։ Եվ այն, որ երեքը երկուսից մեծ է երևում, դեռ բավարար պայման չէ, որ այդ ցուցանիշները նույնացվեն։

Ով է վարչապետի ձեռքը տալիս նման ցուցանիշներ, չգիտեմ։ Գիտեմ, որ նրան լա՜վ էլ «քաշում են»։ Քանզի այդ գրառման մեջ կոնկրետ արտահայտված է կա՛մ մարդու տգիտությունը, կա՛մ պարզապես սուտը, նույնիսկ չփորձելով գոնե քողարկել դա։ Ի վերջո, նրանց մեջ, ովքեր կարդում են վարչապետի գրառումները, միայն հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներ չեն։ Կան նաև մարդիկ, որոնք գիտեն տոկոս հանել։

Ասենք, կա, իհարկե, ևս մեկ տարբերակ, որը չարժե հաշվից դուրս թողնել։ Հնարավոր է, որ վարչապետը 212%-ը պարզապես կլորացրել է 300-ի։ Բայց նույնիսկ դա էլ շատ անհավանական է թվում։ Եվ ոչ միայն գիտական տեսակետից։ Ախր 212-ը ոչ մի կերպ չի՛ կլորանում մինչև 300-ի։

Իհարկե, կցանկանայինք հուսալ, թե իրականում այստեղ սովորական տպագրական սխալ է տեղի ունեցել։ Բայց, անկեղծ ասած, հույսերն իսկույն փլուզվում են, երբ նկատում ես, թե որքան համարձակ են կառավարությունն ու նրա ղեկավարը պարբերաբար հասարակության ուշադրությանը ներկայացնում հակասական ցուցանիշներ, ինչպես են փլուզվում տնտեսության և վիճակագրության մեջ համընդհանուր ընդունված կանոնները։ Ինչպես են, օրինակ, հայտնվում 50 հազար աշխատատեղեր, այնուհետ փոխարկվում ստվերից դուրս եկածների, իսկ հետո դրանք ոչ մի կերպ չի հաջողվում գտնել լեգալ աշխատատեղերի մասին տեղեկատվության ամենահավաստի աղբյուրում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որին, հիշեցնեմ, 1000-ական դրամ է վճարում յուրաքանչյուր աշխատող քաղաքացի։ Եվ նման օրինակները բազմաթիվ են «նոր Հայաստանում»։ Նոր, հնարավոր է՝ թարմ, բայց հանրահայտ ճշմարտությունների նկատմամբ  այլընտրանքային հայացքի օրինակները։

Այո, ինչ-որ մեկին կարող է աննշանակալի թվալ 212 տոկոսը որպես 300 (կամ երեք անգամ) ներկայացնելը։ Բայց, ավաղ, խոսքը տնտեսության մասին է, որն այնուամենայնիվ ճշգրտություն է պահանջում։ Առանց արտառոց կլորացումների, առանց կոպտագույն սխալների, առանց ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձերի։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք համակերպվել ցանկալի, կլորացված, սխալ տնտեսության  անհամապատասխանությանը իրականի հետ

Основная тема:
Теги: