ՎԱՐԿԱՆԻՇԻ ԳԻՆԸ
2019 թվականի օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. « Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, պետպարտքի կրճատումը ինքնանպատակ չէ։ Դա ինքնաբերական իրավիճակ է Հայաստանում, որին ակնհայտորեն բախվել է կառավարությունը։ Ամենայն հավանականությամբ, պարտքը չի աճում երկրին վարկեր տրամադրել ցանկացողների դեֆիցիտի պատճառով։ Իսկ նվազում է, քանի որ հին վարկերի համար վճարումներ անել այնուամենայնիվ ստիպված են։ Այնպես որ ինքնանպատակ է, թե ոչ, բայց պարտքը չորս տարվա ընթացքում առաջին անգամ չի աճում, ասենք այսպես՝ հավանական դոնոր-վարկատուների զսպվածության պատճառով։
Ասենք, տվյալ դեպքում ավելի հետաքրքիրէ մեկ այլ բան, այն է՝ վարչապետի դիրքորոշումը ստեղծված իրավիճակը որպես դրական հիմնավորելու առումով։ Առհասարակ երբ նկատվում են անորակ շինարարության նշաններ, ապա համապատասխան գերատեսչությունները մոնիտորինգ են անցկացնում և վերացնում թերությունները։ Երբ կասկածներ են ծագում «ատկատների» վերաբերյալ, ապա այլ համապատասխան մարմիններ մերկացնում են նման կոռուպցիոն սխեմաները և պատասխանատվության ենթարկում դրանց մասնակիցներին։ Սովորաբար պետությունն այդպես է իրագործում կապիտալ ծախսերը և վերահսկում երկրի նորմալ կյանքի, նրա տնտեսության և զարգացման մեջ իր արած ներդրումների արդյունավետությունը։ Մինչդեռ վարչապետի վարկածով ստացվում է, թե ավելի լավ է չբարձրացնել շինարարության որակը, այլ հրաժարվել գոյություն ունեցածից։ Ավելի լավ է չպայքարել կոռուպցիայի դեմ, այլ պարզապես հրաժարվել այն ոլորտները ֆինանսավորելուց, որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը։ Վերջինը առանձնակի հետաքրքիր է երկրում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախկինում բազմիցս հնչեցրած հայտարարությունների խորապատկերին։
Բայց սա էլ բնավ ամենահետաքրքրականը չէ կառավարության ղեկավարի մոտեցումներում։ Դարձյալ հիշենք նրա նախկին հայտարարությունները, մասնավորապես՝ այն մասին, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր։ Համապատասխանաբար ընտրված է զարգացման այդ ուղին։ Մինչդեռ ակնհայտ է, որ այդ ուղեգիծը կարող է տանել միայն փակուղի, եթե երկիրը սահմանափակում է իրեն կապիտալ ծախսեր իրականացնելու մեջ, խնայում է ենթակառուցվածքների զարգացման համար կապիտալ ներդրումներ անելու վրա։ Արդյունաբերական երկրի համար, ընդհակառակը, առանցքային տեղ պետք է զբաղեցնի ենթակառուցվածքների արդիականացումը և բնավ ոչ դրանց վրա տնտեսելը։
Պարզ է, լավ կյանքից չէ, որ կառավարությունը դիմում է նման քայլերի։ Լավ կյանքից չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկիրը շարժվում է «միանշանակ ճիշտ ճանապարհով»։ Պարզ է, որ կառավարության կողմից գործարկված և ազդարարված սոցիալական կողմնորոշում ունեցող ահռելի քանակությամբ ծրագրերն իրականում պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում։ Ծրագրեր, որոնց նպատակը սահմանափակվում է սեփական վարկանիշը պահպանելու իշխանության ձգտումով։
Ի դեպ, բուն «ինքնանպատակ» բառը տեղին է այս ենթատեքստում։ Ահա և ստացվում է բավական մռայլ պատկեր։ Պետք է բարձրացնել կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը, բայց փողը չի բավականացնում։ Իսկ վարկեր չեն տալիս։ Մնում է տնտեսել կապիտալ ծախսերի հաշվին։ Հենց սա՞ է կառավարության «ճիշտ ճանապարհը», որը ենթադրում է տնտեսության զարգացման արգելակում հանուն վարկանիշի պահպանման։ Մի տեսակ չափազանց բարձր գին ունի գործող իշխանության վարկանիշը…