ԿՈՇՏ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը Վանաձորում և ԱԺ նախագահ Միրզոյանի հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից սեպտեմբերի 16-ին, այսինքն դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը հրապարակելու նախօրեին, նպատակ էին հետապնդում ճնշում գործել դատավորի վրա։ Այդ հայտարարություններն այլ գնահատականի արժանի չեն։ Սեպտեմբերի 17-ին Դանիբեկյանը հրապարակեց վճիռը, որով ուժի մեջ թողեց երկրորդ նախագահի կալանքը։
Դրանից մեկ օր առաջ, հիշեցնեմ, վարչապետը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, որից հետո ասաց. «Մեր զինվորներին մեր պատերի տակ, ինչպես վարձկանների, ստիպեցին կրակել», իսկ հետո միտք հայտնեց, թե վարձկանների վերածված զինվորներին վճարել են օլիգարխները։ Ի պատասխան լրագրողի Ճշգրտող ռեպլիկին, որ 10 մարդու սպանողները մինչև հիմա չեն հայտնաբերվել, Փաշինյանն ըստ ավանդույթի պատճառաբանեց, թե իրեղեն ապացույցները կեղծվել են քննչական խմբի նախկին ղեկավարի կողմից, որը ներկայումս թաքնվում է արդարադատությունից։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշմանը, ապա վարչապետը միանշանակ հայտարարեց. «Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է»։ Նման եզրակացության համար հիմք է ընդունվել դատարանի երկու անդամների առանձնահատուկ կարծիքը։
ԱԺ նախագահի հայտարարությունը նույնպես վերաբերվում էր ՍԴ-ում տիրող իրավիճակին։ Միրզոյանն ըստ էության ազդարարեց դատական բարձրագույն ատյանի դեմ նոր խաչակրաց արշավանքի սկիզբը։ Այլ կերպ ասած, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշման նախօրեին դատավորի վրա հրապարակավ ճնշում գործադրեցին պետության առաջին դեմքերը՝ վարչապետը և խորհրդարանի խոսնակը, նույն իրենք՝ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ղեկավարները։ Նույն օրը, հիշեցնեմ, հրաժարական ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հեռանալու մասին նրա հայտարարությունը շատերը գնահատեցին որպես իշխանության քաղաքական պատվերները չկատարելու ցանկություն։ Ավելի վաղ մենք բազմիցս տեղեկացրել ենք մեր ընթերցողներին այն մասին, որ Փաշինյանի ներքին հրամանով ԱԱ ծառայությունը զբաղվել է ՍԴ դատավորների, երկրորդ և երրորդ նախագահների վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր հավաքելով։
Կասկածելի ակտիվություն
Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումից հետո չլսված ակտիվություն հանդես բերեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը փրփրաբերան ապացուցում էին, թե Հիմնական օրենքին ՔԴՕ 35-րդ հոդվածի անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ որոշումը չի ենթադրում երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխություն և ընդհանրապես այդ որոշումը պարտադիր չէ կատարման համար այն պատճառով, որ ՍԴ-ի ներկայիս կազմը լեգիտիմ չէ։ Հիշեցնեմ, որ Վենետիկի հանձնաժողովը տրամագծորեն հակադիր կարծիք է արտահայտել ՍԴ կազմի լեգիտիմության վերաբերյալ, իսկ սեպտեմբերի 4-ի որոշումից հետո ոչ մի փորձառու իրավագետ իրեն թույլ չտվեց կասկածել նրանում, որ այն ենթադրում է Քոչարյանի անհապաղ ազատում կալանքից և անհապաղ էլ պետք է ուժի մեջ մտնի։
Բացառություն կազմեց միայն նախկին զինվորական դատախազ, նույն ինքը ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանը, որի խղճին են ծանրացած 1995թ. հուլիսի 5-ի ընտրությունների և հանրաքվեի արդյունքների համընդհանուր կեղծումը։ Այդ կերպարն ինքնին բնորոշում է արդարադատությունը ամենախայտառակ կողմից, բավական է հիշել աղմկահարույց «Մատաղիսի գործը», երբ Ջհանգիրյանը փորձեց ճաղերի հետևում փակել բոլորովին անմեղ մարդկանց։
ՍԴ որոշմանը հաջորդած բոլոր օրերին Ջհանգիրյանը Հանրային հեռուստաալիքի եթերում և նիկոլական քարոզչամիջոցների էջերում փրփուրը բերանին պաշտպանում էր երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, պնդելով, թե ՍԴ որոշման լույսի տակ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, փոփոխության ենթակա չէ։ «ՍԴ որոշման մեջ չկա այնպիսի դրույթ, որը հիմք ծառայի Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար»,-հայտարարեց Ջհանգիրյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում։
ՀԱԿ առաջնորդի շրջապատը պատրաստ է ցանկացած սադրանքների
Սեպտեմբերի 12-ի իրադարձությունները Շենգավիթի դատարանի մոտ ևս մեկ անգամ հաստատեցին ՀԱԿ առաջնորդի շրջապատի կենսական շահագրգռվածությունը նրանում, որ դատարանը երկարաձգի երկրորդ նախագահի կալանքը։ Լևոն Հակոբիչը կարծես թե լրջորեն անհանգստացած է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել ազատության մեջ և ժողովրդին ներկայացնել 2008թ. մարտի 1-ի արյունահեղության սադրիչների իրական անունները։ Դատարանի բակում տեղի ունեցած իրադարձությունները, որ հաջորդեցին դատավոր Աննա Դանիբեկյանի խորհրդակցական սենյակ հեռանալուն, վկայում են, որ ՀԱԿ առաջնորդի շրջապատը պատրաստ է ամեն տեսակի սադրանքների։
Հայտնի տեսագրությունը գրանցել է, թե ինչպես է Զուրաբյանը մարտի 1-ի զոհերից մեկի ազգականին բռնի գործողությունների սադրում «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի դեմ, որը հայտնի է որպես երկրորդ նախագահի կողմնակից։ Նախքան սեպտեմբերի 17-ը Տեր-Պետրոսյանի շրջապատը և «Սասնա ծռեր» կուսակցության առաջին դեմքերը, միմյանց բերանից խոսք խլելով, խոսում էին այն մասին, թե Դանիբեկյանը չպետք է փոխի երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Տվյալ ենթատեքստում «Սասնա ծռերի» առաջնորդների պահվածքը հասկանալի է. կուսակցությունը, որի կորիզը կազմոււմ են ահաբեկիչները, կարող է իրեն թույլ տալ անտեսել այն հանգամանքը, որ Հիմնական օրենքին ՔԴՕ 35-րդ հոդվածի անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ որոշումը ենթադրում է երկրորդ նախագահի անհապաղ ազատում կալանքից։ Իսկ այ ՀԱԿ անդամների գործողություններում դիտարկվում է Տեր-Պետրոսյանի ակնհայտ շահագրգռությունը նրանում, որ Քոչարյանը ճաղերի հետևում պահվի ցանկացած գնով։
Այն հանգամանքը, որ այսուհետ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդես են գալիս դուետով, ինքնին խոսուն է և հանդիսանում է այն արդարադատության այցեքարտը, որը կատարում է քաղաքական պատվեր, խախտելով ՍԴ որոշումն ու ՀՀ Սահմանադրությունը։ Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Դանիբեկյանը նահանջեց իշխանության գործադրած աննախադեպ կոշտ ճնշման առջև։ Այսպիսով, դատավորն իշխանության ճնշման տակ խախտեց Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, որից հետևում էր երկրորդ նախագահի անհապաղ ազատում կալանքից։