ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԱՐԴԱՐԱՑՐԵՑԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
Հայրենի արդարադատությունն իրականացնողները չեն դադարում մատուցել իրավաբանական որևէ տրամաբանությունից զուրկ անակնկալներ։ Այսպես, սեպտեմբերի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը (ՎԴ) չեղարկեց նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ 11 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը։ Հիշեցնեմ, որ Ջհանգիրյանը ձերբակալվեց 2008 թվականի փետրվարի 23-ին Թատերական հրապարակում ցույցից հետո և ապա Քր.օր. 316 հոդվածով դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Երկար չմնաց պատժավայրում, շուտով ազատվեց համաներումով։
Դատարանում հիմնավորելով իր վճռաբեկ բողոքը, նախկին զինվորական դատախազը սրտառուչ խոսում էր իր նկատմամբ ցուցաբերված աննախադեպ անօրինության, հալածանքների և դաժան հաշվեհարդարի մասին։ Միաժամանակ նա մեծահոգաբար հայտարարեց, թե նեղացած չէ իր գործին մասնակցած քննիչներից, դատախազներից և դատավորներից, իբր՝ նրանք ստիպված են եղել այդ կերպ գործել այն «ահաբեկչական ժամանակաշրջանում»։
Այդ ամենը, իհարկե, շատ սրտահույզ է հնչում, բայց ակնհայտորեն նախատեսված է անտեղյակ մարդկանց համար։ Իսկ այն քաղաքացիները, որոնց հիշողությունը դեռ ամբողջովին չի դավաճանել, չեն կարող հարց չտալ. ի՞նչ աննախադեպ անօրինության մասին է խոսում նախկին զինվորական դատախազը, եթե ժամանակին, բանակում զոհված զինվորների ծնողների բազմաթիվ բողոքների հիման վրա, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի միջնորդությամբ Գլխավոր դատախազությունում հանձնաժողով ստեղծվեց ստուգելու համար հենց իր՝ Ջհանգիրյանի գործունեության վերաբերյալ ստացված ահազանգերը։
Դատարանում խաղացված էժանագին ներկայացման խորապատկերին ստիպված ենք նաև հիշեցնել «անարդարության զոհին», որ ժամանակին Գ.Ջհանգիրյանի կողմից ղեկավարվող գերատեսչության աշխատակիցների գործած բռնության բազմաթիվ փաստերը հետագայում հաստատվեցին։ Հիշենք թեկուզ սահմռկեցուցիչ պատմությունը շարքային Միշա Հարությունյանի եղունգները աքցանով պոկելու և այլ փաստերի մասին։ Կամ «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնող Նաիրի Բադալյանի նկատմամբ գործադրված բռնությունը։ Դե, իսկ հանրահայտ «Մատաղիսի գործի» մասին, երբ ցուցմունքները դարձյալ կորզվում էին կտտանքներով, հիշեցնելն անգամ ավելորդ է։
Ընդգծենք, մենք նշեցինք միայն ամենաաղմկահարույց գործերը, բայց քանի՜-քանի ցմահ բանտարկության դատավճիռներ են կայացվել Զինվորական դատախազության սարքովի մեղադրական եզրակացությունների հիման վրա։ Այն տարիներին Նուբարաշենում բանտախցերը լեփ-լեցուն էին ցմահ ազատազրկման դատապարտված զինվորներով, որոնց մեղքը հիմնավորված էր ընդամենը անուղղակի ապացույցներով, որոնք կորզված էին կտտանքներով ու բռնությամբ։ Մի՞թե այդ ամենը տեղի չի ունեցել Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ։ Եվ միթե նա կարծում է, թե այդ անօրինությունների զոհերի ծնողներն ու վկաները ամեն ինչ մոռացել են։
Այժմ՝ Վճռաբեկ դատարանի երեկվա վճռի անմիջականորեն իրավական կողմի մասին։ Փաստաբան Արթուր Գրիգորյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ. «Սեպտեմբերի 18-ին չեղարկելով Ջհանգիրյանի նկատմամբ դատավճիռը, արդարացնելով նրան, Վճռաբեկ դատարանը համարեց, թե բողոքարկված դատավճռի առիթով դատարանների կողմից թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի խախտումները խաթարել են արդարադատության բուն էությունը։ Այդ կերպ ՎԴ-ն «արդարացրեց» 10-ամյա վաղեմության իր իսկ գործողությունը. չէ՞ որ դեռևս 2009 թվականին այդ նույն դատարանը մերժեց Ջհանգիրյանին, չընդունելով նույնանման բողոքը, ինչն ինքնին բացառեց հետագա բողոքարկումը ՀՀ արդարադատության շրջանակներում»։
Գրիգորյանի խոսքերով, նման ձևակերպումներ ՎԴ-ն, մեղմ ասած, սովորաբար չի շռայլում։ «Կարելի է հավաստել, որ կոնկրետ անձի նկատմամբ նման մոտեցման կիրառումը բացառիկ դեպք է։ Ինչպես հայտնի է «Մարտի 1-2»-ի գործով դատապարտվել են բազմաթիվ մարդիկ, բայց մինչև օրս այդ կատեգորիայի անձանց ոչ մի արդարացում չի եղել այդպիսի ձևակերպմամբ։ Հենց միայն այդ հանգամանքը բավարար է՝ խոսելու համար դատարանի առաջ բոլորի հավասարության հիմնարար սկզբունքի խախտման մասին»,- գտնում է փաստաբանը։
«Այն, որ Ջհանգիրյանի գործով ՎԴ վերջին որոշումը ուղղված է անձամբ նրա շահերի սպասարկմանը, կարող է հաստատվել ևս մեկ հանգամանքով։ Այն է՝ բոլորովին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում հանկարծ կտրուկ ու անսպասելիորեն դադարեցրին քրեական գործը, որը հարուցվել էր 1999-2001թթ. դատաքննչական մարմինների անօրինության փաստերով, որում Գ.Ջհանգիրյանը, լինելով զինվորական դատախազ, վճռորոշ և անմիջական մասնակցություն է ունեցել։ Հենց այդ պատճառով չեմ կարող չհամաձայնել այն պնդումներին, որ այդ ամենն արվում է այդ մարդուն վերակենդանացնելու համար նոր պատասխանատու պաշտոնում։
Բայց չէ՞ որ Միշա Հարությունյանի գործով Եվրոպական դատարանի որոշումը ոչ մի կերպ չի կարող չեղարկվել։ «Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռը նույնպես վկայություններից մեկն է այն ճչացող անօրինության, որի անմիջական մասնակիցն է եղել Ջհանգիրյանը։ Ի վերջո, չէ՞ որ անհնար է ջնջել պատմությունը»,- նշում է Արթուր Գրիգորյանը։
Մեր կողմից հավելենք հետևյալը։ Այն, որ Ջհանգիրյանի շուտափույթ արդարացումը (հուլիսին բողոքն ընդունվեց վարույթ, իսկ արդեն 3 ամիս անց արձակվեց արդարացման դատավճիռ), որը փաստացի ողջունեց նույնիսկ մեղադրող դատախազը, պատահական չէ, կասկածի տեղիք չի տալիս։ Եվ լիովին հավանական է, որ վաղուց խորշելի դարձած գործչի բազմամյա երազանքի իրագործումը՝ զբաղեցնել գլխավոր դատախազի բաղձալի աթոռը, դրա վրայից գցելով հաշտակյաց Արթուր Դավթյանին, սարերի հետևում չէ։ Նա արդարացված է, իսկ դա նշանակում է, որ «Դատախազության մասին» օրենքով բարձր պաշտոնների թեկնածուներին ներկայացվող ոչ մի սահմանափակումներ արդեն չկան։
Եվ վերջինը։ Հաշվի առնելով Ջհանգիրյանի մասնագիտական և քաղաքական կենսագրությունը, որի վրա, ինչպես ասում են, խարան դնելու տեղ այլևս չկա, լավ կլիներ, որ այդ որոշման տակ ստորագրած Վճռաբեկ դատարանի դատավորները հիշեին. նոր պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի գործունեության ցանկացած հետևանքների պատասխանատվությունը իրենք կիսելու են լիակատար չափով։