ՍՈՂԱՆՑՔ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուզում էին լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ։ Թերևս այսպես կարելի է բնորոշել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած օրինագիծը՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների վերաբերյալ, որով ԼՀ-ը փորձում է վերջիններիս բերել խորհրդարանական հսկողության դաշտ։ Բայց դե չափից ավելի անհեթեթ է դա թվում, իսկ հենց այդ ուժային գերատեսչությունների ղեկավարների պաշտոնից հեռանալու խորապատկերին՝ ընդհանրապես բնավ ոչ պատահական։ Նույնիսկ եթե բուն խմբակցությունում հակառակն են պնդում…
Խոսքը անցած երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթի մասին է, որով առաջարկվում է ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկից հանել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները, ներառելով դրանք քաղաքական պաշտոնների ցանկում։ Ո՜ւր էր թե օրենսդրական շտկումներն այդքանով սահմանափակվեին … Բայց ոչ, ընդդիմադիրներն ավելի հեռուն գնացին, դրանով իրավիճակը հասցնելով աբսուրդի։
Ըստ նախագծի՝ այդ պաշտոններում նշանակման չափորոշիչները հավասարեցվում են պատգամավորության թեկնածուին ներկայացվող պահանջներին։ Այսինքն ենթադրվում է, որ այժմ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է դառնալ ցանկացած ոք, ում 25 տարին լրացել է, ով տիրապետում է հայերենին և վերջին չորս տարիներին հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի և նույնքան ժամանակ մշտապես բնակվում հանրապետության տարածքում։ Ո՛չ կրթական ցենզ, ո՛չ կոչումներ ու աստիճաններ, ո՛չ պրոֆեսիոնալիզմ ու փորձ չեն ենթադրվում։ Այլ կեպ ասած, ԱԱԾ-ի և Ոստիկանության բարձր պաշտոնների թեկնածուներին բոլորովին էլ պարտադիր չէ որոնել այդ համակարգերում։
ԼՀ-ում ընդգծում են, որ «տվյալ բարեփոխումն առանձնապես կարևոր է հետհեղափոխական ժամանակաշրջանում, լանի որ իշխանության եկած նոր թիմը հնարավորություն չունի այդ պաշտոններում նշանակել նոր, վստահություն վայելող անձանց, այլ ստիպված է ընտրել համակարգից ինչ-որ մեկին»։ Ցուցանշական է, որ նախագծի հեղինակներին չի հուզում, որ նախաձեռնությունն ընդարձակում է ոչ թե խորհրդարանական վերահսկողության շրջանակները, ինչպես իրենք էին սխալմամբ ենթադրում, այլ գործող իշխանության հնարավորությունները։ Քանզի այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող ոչ պրոֆեսիոնալներին կարող են գումարվել նաև ԱԱԾ-ի ոչ պրոֆեսիոնալ տնօրենը և սիրողական մակարդակի ոստիկանապետը։
Օրինագիծը սուր քննադատության ենթարկեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը երկար տարիներ աշխատել է ազգային անվտանգության համակարգում։ Նա համոզված է, որ այդ կառույցները պետք է ապաքաղաքականացված լինեն, և դրանք պետք է ղեկավարեն բացառապես պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե քաղաքական գործիչներ։ Հակառակ դեպքում, չունենալով իրավապահ մարմիններում ծառայության փորձ, նրանք կբախվեն շատ մեծ բարդությունների։ Ի տարբերություն Ցոլակյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ոչ մի դատապարտելի բան չի տեսնում նրանում, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են ղեկավարել 25-ամյա ոչ պրոֆեսիոնալները։ «Եթե դա լինելու է նախարարին հավասարեցված քաղաքական պաշտոն, ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա, ենթադրելով, թե ըստ երևույթին պրոֆեսիոնալներ կլինեն տեղակալները։ Երբ լրագրողները հաղորդեցին, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ չեն նախատեսվում, Տոնոյանը խոստովանեց, որ ծանոթ չէ օրինագծին և կմեկնաբանի, երբ այն կարդա։
Մինչդեռ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը վստահ է, որ օրինագիծը բացում է վտանգավոր սողանցքեր, որոնք թույլ կտան ուժային կառույցների առանցքային պաշտոններում նշանակել մարդկանց, առաջնորդվելով նրանց ոչ թե մասնագիտական կարողություններով, այլ քաղաքական նվիրվածությամբ։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշում է, որ հեղինակների փորձը՝ խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու այդ կառույցները, ընդհուպ մինչև ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների ներկայություն կառավարության անդամների մասնակցությամբ ԱԺ նիստերին, ապարդյուն է, քանի որ դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել կառավարության կառուցվածքում։ Ավելին, միայն կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, Հարությունյանի խոսքերով, ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններն իրոք կդառնան քաղաքական, իսկ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ մտցնելու ԼՀ-ի նպատակը կիրագործվի։
Հարությունյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ո՛չ նախագծի հեղինակները, ո՛չ քաղաքական մեծամասնությունը տեղյակ չեն՝ ինչ է նկատի առնվում քաղաքական պաշտոն ասելով։ Առաջին հերթին դա ենթադրում է սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշում կայացնելու լիազորություն և քաղաքական պատասխանատվություն այդ որոշումների հետևանքների համար։ Նա համոզված է, որ ԼՀ խմբակցության նախաձեռնած օրինագիծը այդ խնդիրը չի լուծում, փոխարենը օրենսդրական սողանցք է բացում նրա համար, որ այդ պաշտոններում նշանակելիս առաջնորդվեն ոչ թե մասնագիտական կարողություններով և զինվորական ծառայության փորձով, այլ կուսակցական պատկանելությամբ և քաղաքական նվիրվածությամբ։ «Նախագծով առաջարկվող մոտեցումը ոչ մի կապ չունի խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի հետ և հղի է ուժային կառույցները կուսակցական նեղ քաղաքական նպատակներին ծառայեցնելու վտանգով: Այս մոտեցումը լուրջ սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին և իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքին:
Այս ամենի հետ մեկտեղ հարց է առաջանում. արդյո՞ք պատահական զուգադիպություն է նշված օրինագծի ի հայտ գալն ու այս օրերին ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները: Կարծում եմ մտորելու կարիք կա…»,-ամփոփել է Խոսրով Հարությունյանը։