ԳԱԶ. ՄԵՐ ՀԱՄԱՐ ԵՎ ՁԵՐ ՀԱՄԱՐ
Գործը գլուխ է եկել, թե՞ գլխովին ձախողվել է
Ցուրտ եղանակի մոտենալը, որը էներգետիկների լեզվով կոչվում է «աշնանային-ձմեռային պիկ կամ մաքսիմում», արդիականացնում է գազի գների թեման։ Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» այս տարվա հունվարի 1-ից, անտեսելով «թավշե հեղափոխությանն» աջակցելու անհրաժեշտությունը, սահմանի վրա բարձրացրեց գազի գները Հայաստանի համար 150 դոլարից մինչև 165-ի՝ հազար խորանարդ մետրի համար, դրանով իսկ պերճախոս քաղաքական ազդանշան-նախազգուշացում ուղարկելով Երևանին և ցուցադրելով իր վերաբերմունքը նոր իշխանությունների նկատմամբ։ Եվ սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ երկրում ներքին սակագները մնում են նախկին մակարդակի վրա, գնի տարբերության փոխհատուցումը թողնելով բուն «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա՝ ներքին օպտիմալացման հաշվին։ Սակայն այդ իրավիճակը երկար չի պահպանվի…
Հերթական վիճակագրական տվյալները (երբեմն չգիտես՝ որտեղից ստացված), որ հրապարակել է վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, վկայում են այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պահուստային ներուժը սպառվում է և այլևս չի կարող օգտագործվել երկնագույն վառելիքի սակագները զսպելու համար։ Այսպես, համաձայն վարչապետի գրառման, 2019 թվականի առաջին կիսամյակում գազի կորուստները փոխադրման ու բաշխման համակարգերում և սեփական կարիքների համար ընկերության ծախսերը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են (ուշադրությո՛ւն) գրեթե 1 տոկոսային կետով։Նույն այդ տեղում Փաշինյանը գրում է, թե այդ կորուստները և ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4,9% կամ 58,4 մլն խմ։ Անմիջապես հարց է ծագում. եթե գազի կորուստները կարելի է արտահայտել խորանարդ մետրերով (58,4 միլիոն), ապա ինչպե՞ս հաջողվեց վարչապետին խորանարդ մետրերով չափել ընկերության ծախսերը սեփական կարիքների համար։ Ակնհայտորեն նորից ինչ-որ բան շփոթել է Փաշինյանը, որն, ինչպես հայտնի է, առանձնապես գլուխ չի հանում թվերից…
Հասկանալի է նաև, որ կորուստների և ծախսերի նվազումը 1 տոկոսային կետով մի երևելի արդյունք չէ և գազային մենատիրոջ ներքին պահուստները սկսում են սպառվել։ Ի դեպ, նույն գրառման մեջ Փաշինյանը նշում է, թե էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում էլ նույն ժամանակահատվածում արձանագրվել է կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը. 2016-ին՝ 10,7%, 2017-ին՝ 9,1%, 2018-ին՝ 8,2%, իսկ (ուշադրությո՛ւն) 2019 թվականի առաջին կիսամյակին՝ 7,2%։ Դարձյալ անհամապատասխանություններ, չափազանցումներ և ձեռնածություններ…
Նախ, ճիշտ չէ տարեկան կորուստների ցուցանիշները համեմատել կիսամյակայինների հետ հենց թեկուզ այն պատճառով, որ ցրտերն ընկնելուն պես կորուստները սովորաբար աճում են, և հենց այդ ժամանակահատվածին է բաժին ընկնում նույն այդ «աշնանային-ձմեռային մաքսիմումը»։ Երկրորդ, իր՝ Փաշինյանի բերած տվյալները վկայում են այն մասին, որ էլեկտրաբաշխիչ ցանցում կորուստների նվազման միտումը դիտարկվում է արդեն 4-րդ տարին, և որոշ տարիների այդ դինամիկան շատ ավելի տպավորիչ է եղել։ Հապա ո՞ւր է այստեղ չարաբաստիկ և Փաշինյանի կողմից այդչափ սիրված «աննախադեպը»։ Եվ երրորդ, ինչպես հաղորդում է վարչապետը, ընթացիկ տարվա հունվար-հունիսին անցած տարվա համեմատ էլեկտրաէներգիայի սպառումը աճել է 6,3%-ով, կազմելով 2988,2 մլն կՎտժ։
Մինչդեռ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաղորդումից հետևում է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարի… կտրուկ ընկել է, ս.թ. առաջին կիսամյակի արդյունքներով ամբողջ 5,5% պակասորդով նույնիսկ անցած տարվա նույն ցուցանիշից։ Ինչպե՞ս կարող է արտադրված էլեկտրաէներգիայի այսչափ էական նվազման դեպքում է՛լ ավելի էականորեն աճել դրա սպառումը։ Այս հարցին կարող է պատասխանել միայն մաթեմատիկական արտակարգ ընդունակությունների տեր մարդը, որպիսին, ըստ երևույթին, իրեն համարում է «ժողովրդական վարչապետ» Փաշինյանը։ Բայց… վերադառնանք գազին։
Փորձագետները նախկինում էլ մատնանշում էին երկնագույն վառելիքի գնագոյացման հարցերում վարչապետի շրջապատի թույլ լավատեղյակությունը, ինչն էլ բացի ամենայնից հանգեցրեց գազի գնի բարձրացմանը սահմանի վրա՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ Այժմ Փաշինյանը հույսը դրել է Պուտինի հետ երկկողմ հանդիպման վրա ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, որին մասնակցելու են «ինտեգրացված հնգյակի» պետությունների ղեկավարները։ Այնինչ Ռուսաստանի նախագահը Երևան է թռչելու ընդամենը մի քանի ժամով և, հնարավոր է, նույնիսկ ժամանակ չի գտնի Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպման համար։
Ասենք, Պուտինը հաստատ կռահում է, թե ինչ է խնդրելու իրեն Փաշինյանը, այդ պատճառով էլ նրա հետ առանձին հանդիպելուց հրաժարվելու բուն փաստը կարելի կլինի մեկնաբանել որպես ռուսական կողմի վճռական մտադրություն՝ է՛լ ավելի թանկացնելու երկնագույն վառելիքի գինը Հայաստանի համար։ Եկող տարվա հունվարի 1-ից կամ նույնիսկ ավելի շուտ, 30%-ով կամ գուցեև ավելի…