Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է

Ամեն րոպե Հայաստանում մենք գործ ունենք իրավական անվտանգության լրջագույն մարտահրավերների հետ, ամեն րոպե մենք ռիսկի առաջ ենք կանգնած, այսօր «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազինյանը։

Նրա պնդմամբ, գործող իշխանությունների մոտ իրավունքի մասին ընկալումը «խեղաթյուրված է»։

«Մենք պետք է կարողանանք իրենց ներկայացնել այնպիսի փաստաթուղթ, որից ոչ մի իշխանություն չպետք է փորձի շեղվել, դա խորը պետության կոնցեպտն է, որ պետք է լինի հայեցակարգային ու դոկտրինալ կառավարում։ Պետությունը պետք է այնքան խորը, այնքան կառուցակարգային լինի, որ որևէ մեկին չհաջողվի փոխել այդ հունը», - ասաց Ղազինյանը։

Քաղաքագետի խոսքով, այդ ուղղությամբ իրենք արդեն որոշ աշխատանք արել են՝ իրավական անվտանգության պետական հայեցակարգ մշակել են։ Ղազինյանը հստակեցրեց, որ դրան հասնելու համար պետք է իրականացնել մի քանի քայլ՝ իրավաբանական կրթություն, որի շրջանակներում դեռ մանկապարտեզներից պետք է դաստիարակել իրավունքի նկատմամբ հարգանք, մասնագիտական կրթություն, կայուն, կանխատեսելի օրենսդրության մշակում և հետո միայն դատաիրավական բարեփոխումների հստակ հայեցակարգի մշակում՝ հիմնվելով ՀՀ ազգային, պետական շահի վրա։

«Աննորմալ երևույթ է, երբ մի օրենքը տարեկան երկու, երեք անգամ կարող է փոխվել։ Դա կարող է առաջացնել քաոսային իրավիճակ տվյալ ոլորտներում՝ մարդիկ չեն հասկանում՝ որ փոփոխությունն է գործողության մեջ գտնվում։ Պետք է ստեղծվի օրենսդրության կանխատեսելիության, որոշակիության պլատֆորմ, որը կերաշխավորի կայուն, կանխատեսելի օրենսդրական համակարգ», - նկատեց Ղազինյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ, անցած երեսուն տարիների ընթացքում չի ձևակերպվել, թե որն է Հայաստանի ազգային, պետական շահը, որի վրա կարող էին կառուցվել հետագա ռազմավարությունները։

«Պետք է արդեն սկսել անել դա», - ավելացրեց Ղազինյանը։

aysor.am