ՈւՂԵՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ԻՆՉՈՎ ԵՆ ՓՈՐՁԵԼ ԹՈւՐՔԻԱՅԻՆ ՎԱԽԵՑՆԵԼ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Հայաստանի տնտեսական շրջափակում իրականացնելու Անկարայի փորձերը ձեռնտու չեն հենց Թուրքիային։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արտակ Մանուկյանը, ներկայացնելով ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական և տեխնոլոգիական հարցերով հանձնաժողովի նիստի արդյունքները, հաղորդում է Sputnik Armenia-ն։

Ադրբեջանցի պատգամավորները, այդ թվում պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը, հայտարարել են «Ադրբեջանի տարածքի 20%-ի բռնազավթման մասին»։ Հայկական պատվիրակությունը պատասխանել է, որ տվյալ հարթակը նախատեսված չէ քաղաքական բանավեճերի համար։ Այդտեղ պետք է քննարկվեն տնտեսական նախաձեռնությունները՝ ուղղված երկրների միջև հաղորդակցական և առևտրային կապերի ամրապնդմանը։ ՀՀ ԱԺ անդամները ներկայացրել են նաև Հայաստանի տրանսպորտային մեկուսացման պատճառած զուտ տնտեսական վնասը։ Նրանց խոսքերով, արդյունքում վնաս է կրում ոչ միայն Հայաստանը, այլև հենց Թուրքիան, քանի որ այդ երկրի արևելյան տարածաշրջաններում դրա հետևանքով սահմանափակված են և՛ առևտուրը, և՛ զբոսաշրջիկների հոսքը։

«Նիստին ներկա էին Կարսի շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Եվ մենք ասում էինք, որ եթե նույնիսկ ոչ թե Հայաստանի քաղաքացիները, այլ եվրոպացի զբոսաշրջիկներն ուզում են Գյումրիից ուղևորվել Կարս, նրանք ստիպված են լինում գնալ շրջանցիկ ճանապարհով ու ժամանակ կորցնել։ Ասենք, հոլանդացի զբոսաշրջիկին չեն հետաքրքրում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Նրան հետաքրքրում են կոնկրետ լուծումները»,-հայտարարեց Մանուկյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Ընդհանրապես վերջին մեկուկես տարվա ընթացքում սա բացառիկ դեպք է, երբ հայկական կողմը բարձրացնում է Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման հարցը։ Սակայն ավելի լավ էր չբարձրացներ, քան աներ դա այսպիսի, ուղիղն ասենք, խղճուկ փաստարկներով։ Ըստ հայկական պատվիրակության վարկածի, Թուրքիան, որն ամեն տարի ընդունում է մոտ 50 միլիոն զբոսաշրջիկ, պետք է գիտակցի, թե ահռելի վնաս է կրում այն պատճառով, որ մեկ-երկու հազար (լավագույն դեպքում) եվրոպացի զբոսաշրջիկներ զրկված են Հայաստանի միջով այդ երկիր այցելելու հնարավորությունից։ Ընդ որում Անկարան պետք է գիտակցի այդ երկու հազար զբոսաշրջիկների հենց կոմերցիոն արժեքը, իսկ գիտակցելով՝ հրաժարվի իր գրեթե երեսնամյա քաղաքական ուղեգծից։

Կարելի է պատկերացնել, թե ինչ տպավորություն են գործել հայ պատգամավորների այդօրինակ փաստարկները նախևառաջ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների վրա։ Ասենք, մյուսների վրա՝ նույնպես։ Մանավանդ «20%-ի բռնազավթման» մասին ադրբեջանական հեծեծանքների խորապատկերին, որոնց հայկական կողմն արձագանքում է ընդամենը միջոցառման տնտեսական ձևաչափի մեջ մնալու անզոր կոչերով

Դժվար թե որևէ մեկի համար գաղտնիք է այն հանգամանքը, որ ադրբեջանցիներն օգտագործում են միջազգային ցանկացած ամբիոն՝ ագրեսիայի և իրենց տարածքների բռնազավթման մեջ Հայաստանին մեղադրելու համար։ Ընդ որում միջոցառումների առանձնահատկությունը, թեմատիկան և ձևաչափը նրանց համար երբեք նշանակություն չեն ունեցել. նույնիսկ գինեկոլոգների միջազգային սիմպոզիումում նրանք միանգամայն կարող են բարձրացնել իրենց տարածքների «բռնազավթման» հարցը։ Եվ առնվազն միամտություն են թվում նշյալ նիստի տնտեսական թեմատիկայից չշեղվելու հայկական կողմի կոչերը։

Ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից շրջափակման հարցում հայկական կողմի ամենալուրջ փաստարկը եղել է և պետք է լինի այն, համաձայն որի՝ շրջափակումը ագրեսիայի ակտ է պետության դեմ։ Համապատասխան բանաձևը ՄԱԿ-ն ընդունել է դեռևս 1974 թվականին։ Եվ համաժողովի մասնակիցներին հենց այդ բանաձևի մասին հիշեցնելու փոխարեն, Հայաստանի ներկայացուցիչները չգիտես ինչու որոշել են, թե ավելի լավ է վախեցնել թուրքերին Հայաստանի շրջափակման պատճառած զբոսաշրջային կորուստներով։ Կրկնում եմ, խոսքը մի քանի հազար (իդեալական դեպքում) զբոսաշրջիկների կորստի մասին է մի երկրի համար, որն ամեն տարի ընդունում է տասնյակ միլիոնավոր հյուրեր։ Նման «փաստարկը», համաձայնեք, կարող էր թերևս ծիծաղեցնել թուրքական պատվիրակությանը

Մնում է հասկանալ, թե ինչու պիտի հայ հարկատուները, որոնց հաշվին պատգամավորները մասնակցում են միջազգային միջոցառումների, վճարեն այդ պատվիրակությունների անդամներին անատամության և բացահայտ ողորմելիության համար։

Основная тема:
Теги: